ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Անգամ ամոթ է խոսել ինչ-որ 1000 դրամների մասին»

«Անգամ ամոթ է խոսել ինչ-որ  1000 դրամների մասին»
03.06.2014 | 12:08

«Շտապօգնություն» ծառայության հիմնական գործառույթը, բնականաբար, քաղաքացիներին սպասարկելն է, սակայն, բացի հիմնական գործից, ծառայությունը միաժամանակ «արդիականացման ծրագիրն» է կյանքի կոչում: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում պատմեց «Շտապբուժ.օգնություն» ՊՓԲԸ-ի տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ` հավելելով, որ այս ծրագրի շրջանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվել` սկսած մեքենաների փոփոխությունից, կադրերի վերապատրաստումից մինչև կենտրոնական ենթակայանի վերանորոգում: Հետագայում նախատեսվում են նաև մայրաքաղաքի վեց ենթակայանների վերանորոգում, խոշոր կարգավարական կենտրոնի ստեղծում (սա 1-03 ծառայությունն է, որտեղ առաջին զանգերն են լինում): Ի դեպ, այսօր բոլոր կարգավարները նաև բժիշկներ են, քանի որ որոշ հիվանդությունների պարագայում արդեն գոյություն ունի հեռախոսային խորհրդատվական ծառայությունը:

-Ասել է, ծառայությունում աշխատողները նաև հեռախոսո՞վ են բժշկական օգնություն ցուցաբերում:
-Իհարկե, բայց հիմնական շեշտը դրա վրա չենք դնում: Լինում է, որ բնակիչը զանգում է, ասում, որ ցանկություն չունի «Շտապօգնություն» կանչելու, բայց ունի գանգատներ, ի՞նչ կարելի է նման դեպքում անել: Այս ձևով գոնե կարողանում ենք մեր կանչերի թիվը մի փոքր քչացնել, որովհետև այսօր դրանց թիվը հասել է օրական 600-ի, որի միայն 20 %-ն է տեղափոխվում հիվանդանոց: Բնակչությունն ուզում է, որ բժշկական ծառայությունը ցուցաբերվի տանը, բայց այստեղ մենք բացատրական աշխատանքների խնդիր ունենք, որ մեր ծառայության հիմնական գործառույթը անհետաձգելի օգնություն ցուցաբերելն է: Այսինքն, այն բոլոր հիվանդությունները, որոնք կյանքի համար վտանգ են ներկայացնում, «Շտապօգնության» կանչի առիթ պետք է լինեն: Մինչ ծառայությանը դիմելը պետք է մտածել, թե որքան է «Շտապօգնության» հնարավորությունը «երկրորդական» հիվանդությունների սպասարկման համար: Իհարկե, ամեն մարդու համար իր հիվանդությունը կարևոր է, բայց գոյություն ունի ընտանեկան բժշկի ինստիտուտը, պոլիկլինիկաներում տեղամասային բժիշկները իրենց խորհուրդներով կարող են օգտակար լինել: Այսօր գոյություն ունի չափորոշիչ, որ «Շտապօգնության» բժիշկը հիվանդի տանը պետք է մնա ընդամենը 20 րոպե, այսինքն՝ այդ ընթացքում պետք է առաջնային օգնությունը ցուցաբերի և, եթե հիվանդանոց տեղափոխելու կարիք լինի, դա իրականացնի:
-Ձեր խոսքից ստացվում է, որ քաղաքացիներն առողջության հետ կապված յուրաքանչյուր հանկարծակի ծագած խնդրի առնչությամբ առաջնային դիմում են «Շտապօգնությա՞նը», այն դեպքում, երբ այդ խնդիրները հեշտությամբ կարող են լուծել նաև ընտանեկան և տեղամասային բժիշկները:
-Այո, շատ հաճախ մոռանում են, որ ցերեկային ժամերին աշխատում են նաև իրենց տեղամասային բժիշկները, բայց կրկին նախընտրում են «Շտապօգնությունը»: Իրենց էլ եմ հասկանում, քանի որ մեր մեքենաները, բրիգադներն ունեն այն ամենը, ինչի կարիքն ունի հիվանդը: Նրանք գնում են պոլիկլինիկա և կատարում էլեկտրասրտագրություն, շաքարն են ստուգում, ինչը մեր բժիշկներն անում են իրենց տանը: Ավելին, ունեն անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները, որ պետք են հիվանդին, ընդ որում՝ անվճար: Սակայն այսպես ճիշտ չէ: Այսօր մենք առողջապահության նախարարության հետ աշխատում ենք մի ծրագրի վրա, որով սահմանվելու են հստակ չափորոշիչներ, թե ինչի համար է աշխատում «Շտապօգնությունը»: Այսինքն, ուզում ենք տարանջատել՝ որոնք են «Շտապօգնության» կանչերը, որոնք` ոչ:
-Սա ենթադրում է, որ ձեզ ահազանգած քաղաքացիներին պետք է ուղղորդեք, թե ո՞ր բժշկական ծառայությանը դիմեն:
-Հիվանդներին պետք է բացատրել, թե որ դեպքում պետք է դիմել «Շտապօգնությանը», որ դեպքում` ոչ: Մեր կանչերի տեսակները պետք է բաժանել կատեգորիաների: Այսօր մշտապես խոսում ենք այն մասին, որ «Շտապօգնությունը» պետք է 5-12 րոպեում հասնի հիվանդին, բայց դա վերաբերում է այնպիսի կանչերին, ինչպիսիք են ուշաթափությունը, սրտի ինֆարկտը, կաթվածը, այսինքն՝ հիվանդությունների այն տեսակները, որոնք անհետաձգելի օգնություն են պահանջում: Բայց քանի որ հիվանդը լսում է, որ մենք պետք է 5-12 րոպեում տեղ հասնենք, թեկուզ գլխացավի կամ 37-37,5 աստիճան ջերմության պարագայում, պահանջում են, որ շուտ հասնենք: Դրա համար կանչերը պետք է «տեսակավորել»: Կանչը մենք չենք մերժի, քանի որ դա սխալ է, բայց հիվանդին կասվի, որ այդպիսի գանգատի դեպքում մենք 5-12 րոպեում չենք հասնի, կհասնենք 30-40 րոպեում:
-Դուք արդեն կանխեցիք իմ հարցը, այդուհանդերձ, քաղաքացիների հիմնական բողոքը ձեր ծառայության ուշացումներն են: Գուցե սա պայմանավորված է նաև տեխնիկակա՞ն զինմամբ, մասնավորապես մեքենաների քչությամբ:
-Եթե մենք սպասարկենք զուտ այն կանչերը, որոնք հենց «Շտապօգնության» կանչեր են, մեքենայի խնդիր չենք ունենա: Մեզ մոտ հիմա ուշացումներ էլ գրեթե չեն լինում: Գուցե ձմեռվա ամիսներին նման խնդիր եղել է, երբ սուր շնչառական հիվանդությունների ժամանակ մեր կանչերի թիվը օրական հասնում էր 800-ի: Մեր մի մեքենան պետք է սպասարկի 30 հազար բնակչի: Կան նաև պիկ ժամեր, երբ հնարավոր է, որ բոլոր մեքենաները զբաղված լինեն, բայց այդ ժամերին անգամ մեր 35 մեքենան է քիչ:
-Կանչերի ավելացման մեջ սեզոնայնությունը ի՞նչ դեր ունի:
-Սեզոնայնություն չկա, բայց կան ժամեր, որոնք գերծանրաբեռնված են: Լինում է նաև այնպես, որ իմ բջջային հեռախոսին են զանգում, թե ինչու է մեքենան ուշանում: Կանչը տալիս ամեն մի վայրկյանը շատ երկար է թվում: Ամեն դեպքում, չկա այն տարբերակը, որ մեքենան ազատ լինի ու ժամանակին չսպասարկի: Արագ արձագանքման համար ստեղծվեցին նաև երկու հենակետեր` Ավանում և Նուբարաշենում, որովհետև միայն ճանապարհի վրա 10-15 րոպե կորցնում ենք: Մեր մեքենաներում տեղադրված է նաև «GPS» համակարգը, որը թույլ է տալիս ամբողջովին հսկել մեքենայի շարժը, բժշկի արագ արձագանքը: Այս ամենը նպաստում է մեր ծառայության որակի բարձրացմանը: Մենք ձգտում ենք, որ ամեն ինչ կատարյալ լինի, բայց աշխատանքում նման ցուցանիշ ապահովելը բավականին դժվար է: Այսօր, եթե ունենք բողոքներ ու գանգատներ, հաստատապես դրանք շատ ավելի քիչ են, քան մի քանի տարի առաջ: Եթե դժգոհություններ էլ լինում են, մենք կարող ենք հստակ ապացուցել, թե ուշացումն ինչքան է եղել:
-Դուք փաստեցիք, որ «Շտապօգնություն» ծառայությունն անվճար է, բայց քաղաքացիները գիտեն, որ կանչի համար նվազագույնը պետք է վճարել 1000 դրամ: Ո՞րն է Ձեր հակափաստարկը:
-Անկեղծ ասած, անգամ ամոթ է խոսել ինչ-որ 1000 դրամների մասին: Բազմիցս հեռուստատեսությամբ բնակիչներին ասել եմ, որ մեր ծառայությունն անվճար է, կոչ եմ արել գումար չվճարել: Բոլոր բժիշկների անունից չեմ կարող պատասխանատու հայտարարություն անել (լինում են նաև արատավոր երևույթներ), բայց իրենց ծառայությունների դիմաց մեր աշխատողները ոչ մի սպասելիք չունեն քաղաքացիներից և առաջին հերթին իրենց աշխատանքն են կատարում: Անշուշտ, կան նաև բացառություններ, որոնք ինձ համար անթույլատրելի են, և եթե այդ մասին ես տեղեկանում եմ, և՛ բժիշկը, և՛ բուժքույրը նկատողություն են ստանում: Մեր ողջ անձնակազմը գիտի, որ այդ հարցը շատ խիստ է դրված: Դու պետք է քո գործն անես, ոչ մեկից սպասելիք չունենաս: Բժիշկը կանչի պետք է գնա անկախ իր անձնական խնդիրներից: Եթե ընտրել ես բժշկի մասնագիտությունը, պետք է պատրաստ լինես ամեն ինչի` և անձնազոհության, և հոգեբանական բուժման և այլն: Ես միշտ իմ բժիշկներին ասում եմ` յուրաքանչյուր մարդ ունի իր խնդիրները, բայց դրանք չպետք է անդրադառնան ձեր աշխատանքի վրա: Այսօր նաև բժշկին են շատ քարկոծում, սակայն սա այն մասնագիտությունն է, որ նաև արժանի է գնահատանքի:
-Կադրային պատրաստվածությունը ձեզ մոտ ի՞նչ վիճակում է, երիտասարդ բժիշկները քանի՞ տոկոս են կազմում:
-Մենք շատ լավ պատրաստված բավականին երիտասարդներ ունենք: Եթե մի երիտասարդ գալիս է և մեծ ցանկություն ունի աշխատելու, արդեն դրական է: Ամենակարևորը՝ մենք փոխել ենք որոշ կարծրատիպեր: Երբ ես 2010-ին եկա «Շտապօգնություն», բավականին տխուր վիճակ էր՝ սկսած մեքենաներից, տեխնիկական հագեցվածությունից, կադրային բազայից: Չեմ ցանկանում ընդհանրացնել, բայց հիմնականում աշխատում էին չկայացած կադրեր, որոշ հիվանդանոցներից ինչ-ինչ պատճառներով ազատված բժիշկներ էին, այլ խոսքով՝ լճացած վիճակ էր: Հիմա իսկապես մոտեցումը փոխվել է: Հին, փորձառու աշխատողների հետ կան նաև երիտասարդ կադրեր, որոնք աշխատում են մեր լավագույն հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում և այլն: Զուգահեռ աշխատանքը միայն դրականորեն է ազդում որակի վրա: Պետք է նկատել նաև, որ մենք այսօր դեղորայքի խնդիր չունենք: Հաճախ պատահում է, որ բնակիչներն ասում են` մի հատ «անալգին-դիմեդրոլ» չունե՞ք, փոխարենը մենք արդեն դրանից ավելի լավ դեղեր ունենք, բայց մարդիկ սովորել են այդ դեղերին: Ասել է, մեր «պայուսակում» ունենք աշխարհում ընդունված, ժամանակակից ու որակյալ դեղերը: Ակնհայտ է մեծ առաջխաղացումը, բայց թերացումներից էլ զերծ չենք: Օրինակ, անդրադառնալով վերջերս ձեր թերթում հրապարակված մի հոդվածի, ես կապ հաստատեցի ձեզ հետ ոչ թե իմ բժշկին պաշտպանելու համար, այլ իրողությունը ճշտելու և արատավոր երևույթը վերացնելու (հիշեցնենք, որ «Իրատես de facto»-ն նախորդ համարներից մեկում գրել էր, թե ինչպես «Շտապօգնություն» ծառայության բժիշկը հիվանդին սխալ էր ախտորոշել-Ռ.Խ.):
-Հիմա այդ «գործն» ի՞նչ ընթացք ստացավ:
-Վերանայվեցին բոլոր մանրամասները, պարզվեց, որ հիվանդը բավականին թերի է ներկայացրել իր գանգատները: Բժշկի մոտեցումը, որ հիվանդին պետք է հիվանդանոց տանել, ճիշտ քայլ է եղել: Պարզապես ախտորոշում «սահմանելու» համար պետք է կոնկրետություն չմատնանշեր, որպեսզի դա կասկածելի չդառնար: Ընդհանրապես «Շտապօգնության» բժիշկը յուրաքանչյուր ախտորոշում կարող է կասկածի տակ առնել, այդպես լինում է երբեմն նաև հիվանդանոցներում: Բժիշկը, իհարկե, ունեցել է թերացումներ, որի համար ստացել է նկատողություն: Եթե բժիշկն այդ խնդրով հիվանդին թողներ տանը, ավելի մեղավոր կլիներ:
-Ամփոփենք զրույցը. այսօր ինչի՞ անհրաժեշտություն ունի «Շտապօգնություն» ծառայությունը:
-Որոշ կադրերի խնդիր ունենք: Կուզենայինք ունենալ բժիշկ-ռեանիմատոլոգներ և կարդիոռեանիմատոլոգներ, որպեսզի յուրաքանչյուր բրիգադում նրանք լինեին: Կցանկանայի որոշ սարքավորումներով համալրվեր ծառայությունը, և եթե հնարավորություն լինի՝ ապագայում ունենալ նաև մեքենաներ, նոր հենակետեր ստեղծել:
-Մարզերում ինչպիսի՞ն է վիճակը:
-Մենք չենք կոորդինացնում նրանց աշխատանքը, այլ՝ տեղի հիվանդանոցները: Բայց երբ կառավարության որոշմամբ մենք ստացանք 88 մեքենա, 53-ը տրամադրվեց մարզերին: Այնտեղ ևս կադրերի խնդիր կա, բայց կան նաև արդիականացման բազմաթիվ ծրագրեր, որոնք կիրականացվեն նաև մարզերում: Այնպես չէ, որ մարզերն անուշադրության են մատնված: Մոտ ապագայում այնտեղ ևս լուրջ հաջողություններ կունենանք:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ