ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 2014թ. առաջնությունը

Մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 2014թ. առաջնությունը
10.04.2014 | 23:16

Արդեն չորրորդ անգամ մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր:

Առաջնության նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում “Made in Armenia” բրենդ և դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
«2011 թվականին, երբ առաջին անգամ կազմակերպում էինք առաջնությունը, ներկայացված էր 25 նախագիծ, 2012-ին նախագծերը 40-ն էին, իսկ 2013-ին ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր 50-ի: 2013 թվականի առաջնության հաղթող խաղը` «FastFood»-ը, այժմ ունի մինչև 100.000 բեռնում: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջնությունը զարգացում է ապրում, և այս տարվա համար կարող ենք ավելի հավակնոտ նպատակներ մեր առջև դնել և իրականացնել: Նախատեսում ենք, որ 2014-ին ունենալու ենք մասնակիցների թվի մոտ 30% աճ»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ուրախ ենք արդեն չորրորդ տարին անընդմեջ համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու հետաքրքիր գաղափարների և նախագծերի իրագործմանը: «Բաց Խաղ» առաջնությունն արդեն դարձել է բարի ավանդույթ, և տարեցտարի ավելացող մասնակիցների թիվը վկայում է, որ խաղերի նախագծումն իսկապես դինամիկ զարգացող ոլորտ է, և Հայաստանում մեծ պոտենցիալ ունի»,- ասաց Օրանժ Արմենիայի հովանավորության նախագծերի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Հանդիսանալով առցանց խաղային լուծումների լավագույն մատակարար` «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը չափազանց կարևորում է «Բաց խաղ» առաջնությունը: Համակարգչային և բջջային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի տեխնոլոգիական ոլորտում, այդ իսկ պատճառով շատ ուրախ ենք համագործակցել ԻՏՁՄ և «Օրանժ Արմենիայի» հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը»,- ասաց «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվելու է 4 փուլով: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Plexonic, Triada, Frismos, Zoom Graphics, HitBits ընկերություններից:
Մասնակիցները մրցելու են 8 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 3.000.000 դրամ:
«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք և առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել opengame@uite.org էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” concontent_details application:
Գրանցումը բաց է մինչև 2014թ. հոկտեմբերի 12-ը, սակայն բոլոր այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն մինչև հունիսի 15-ը, հնարավորություն կունենան ստանալու ժյուրիի խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև մասնակցելու մասնագիտացված դասընթացների և ԻՏՁՄ կողմից կազմակերպվող ոլորտային միջոցառումների:

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ