ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաշմանդամություն ունեցողների հրատապ խնդիրները

Հաշմանդամություն ունեցողների  հրատապ խնդիրները
07.03.2014 | 11:54

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 193836 հաշմանդամ, այդ թվում՝ 8171 երեխա, 1-ին խմբի` 11053 կամ 5,7 %, 2-րդ խմբի` 86886 կամ 44,8 %, 3-րդ խմբի` 87726 կամ 45,3 %: Հաշմանդամ անձինք կազմում են բնակչության 6 %-ը: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը շուրջ 9 % է: Հաշմանդամություն առաջացնող հիվանդություններից առաջնահերթ են համարվում արյան շրջանառության հիվանդությունները, հոգեկան և վարքի խանգարումները, նյարդային համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները:
2013 թվականին շարունակել են իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման աշխատանքները: Հաշմանդամություն ունեցող շուրջ 8500 անձ, կարիքներին համապատասխան, ապահովվել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզավորումով, տրամադրվել են սայլակներ, լսողական սարքեր (այդ թվում՝ եվրոպական արտադրության), սարքի ստացման համար տրամադրվող հավաստագրերով, լսողական սարքի ներդիրներով: Բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ են ստացել շուրջ 1000 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձ: Տեսողության խնդիրներ ունեցող անձինք Երևանում և մարզերում օգտվել են «ՈՒշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի տպագրում» և «Խոսող գրքերի ձայնագրության ծառայությունների ձեռքբերում» ծրագրով իրականացվող ծառայություններից: «Զբաղվածության պետական ծառայության» կողմից հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր:
Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ծրագրերի պատասխանատու Արմինե Նիկողոսյանը մեզ հետ զրույցում, խոսելով Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց թվի մասին, նշեց, որ կան հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր հաշվառված չեն, և նրանց թիվը ստույգ նշելը շատ դժվար է. «Մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամների թիվը շատ դժվար է ասել, քանի որ ստույգ տվյալներ չկան: Մեր կազմակերպության մոնիթորինգի արդյունքում Գյումրիում հաշմանդամություն ունեցող մոտավորապես 200 երեխա կա: Կան նաև այնպիսիք, որոնց ծնողները թաքցնում են իրենց երեխաների հաշմանդամությունը, հատկապես տղա երեխաների»,- նշում է Արմինե Նիկողոսյանը:
Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը գործում է 17 տարի: Կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ կարուձևի, համակարգչային, տիկնիկագործության, ծաղկարվեստի, երգի, նկարչության, տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար համակարգչային պարապմունքների և այլն, ուր հաճախում են հաշմանդամ և ոչ հաշմանդամ ավելի քան 100 երեխաներ: Արմինե Նիկողոսյանը նշում է, որ իրենց նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրումն է հասարակությանը: Կազմակերպությունն իրականացրել է տարբեր կառույցների հետ մշակութային, սպորտային և կրթական բազմաթիվ ծրագրեր: Աշխատում են Գյումրիում տեսողական խնդիրներով երեխաների համար կրթական համակարգ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք կրթություն ստանալ:
Արմինե Նիկողոսյանը նշում է, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց հրատապ խնդիրներից են զբաղվածության, քաղաքի անմատչելիության հարցերը, ֆինանսական սուղ պայմանները:
Ըստ մեր զրուցակցի՝ հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը համագործակցում է տարբեր կառույցների հետ՝ իրականացնելով կամավորական աշխատանքներ: «Մենք փորձում ենք մեր ակտիվ աշխատանքով ինտեգրվել կառույցների հետ և որոշ չափով մատչելի դարձնել մեր շրջապատը: 2009 թվականին ներառական դպրոցների ստեղծման շրջանակներում մեր կազմակերպությունը, համագործակցելով «Վորլդ Վիժն» և «Կարիտաս» միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրեց կրթական ծրագիր՝ դասընթացներ կազմակերպելով Գյումրու դպրոց-նախակրթարաններում: Քայլակներից և սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք պետք է անպայման հաճախեն դպրոց և ստանան լիարժեք կրթություն: Հուրախություն մեզ դա հաջողվեց, և մեր կազմակերպություն հաճախող հաշմանդամություն ունեցող 12 անձինք հաճախեցին իրենց տարածքներում գործող ներառական դպրոցներ: Բայց բաց մնաց տեսողական խնդիրներով երեխաների հարցը, որոնք, նույնիսկ դպրոց հաճախելով, բավարար կրթություն չեն կարող ստանալ, որովհետև մեր քաղաքում չկան մասնագետներ: Կրկին հուրախություն մեր կազմակերպության կամավորների՝ մենք ունենք և՛ բրայլյան, և՛ տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված «Արև» համակարգչային ծրագրի մասնագետներ: Մեր կենտրոնի շահառուների հետ սկսեցինք պարապել 1-3-րդ դասարանների թեմաները: Մեզ աջակցեց Երևանի կույրերի դպրոցը այբբենարանով և բրայլյան գրիչ-տետրերով: Քանի որ նման ծրագրերի պահանջը կա, բայց իրականացնողներ և ֆինանսավորողներ չկան, մնում է կրկին կամավորական հիմունքներով մեզ դիմած երեխաներին օգնել, որքան կարող ենք: Մենք սովորեցնում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն բրայլյան տառերը: Հույս ունենք, որ մեր կառավարությունն ավելի լուրջ կվերաբերվի տեսողական խնդիրներ ունեցող գյումրեցի երեխաների կրթության հարցին»,- ասում է Արմինե Նիկողոսյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ