ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Աստծո կամքով հրաշքը տեղի է ունեցել

Աստծո կամքով հրաշքը տեղի է ունեցել
21.02.2014 | 10:41

«Չեմ կարող արտահայտել իմ շնորհակալական խոսքերը։ Խնդրում եմ՝ իմ փոխարեն խոսքեր ընտրեք. բոլորն էնքան հոգատար էին, էնքան ջերմություն ցուցաբերեցին, որ ես չզգացի, որ հիվանդանոցում եմ»,- արցունքներն ու ժպիտն իրար խառնած՝ մեզ հետ զրույցում ասաց ՌՈՒԶԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ Դավթի մայրը։ Աշխարհում մոր համար երևի թե չկա ավելի մեծ երջանկություն, քան մահվան շեմից կյանք վերադարձած երեխայի բուժումը։
Շտապօգնության մեքենան Հրազդան քաղաքից անցած տարի օգոստոսին Դավթին ծայրահեղ ծանր վիճակում հասցրեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Եվ միայն այս տարվա փետրվարին Դավիթը վերադարձավ տուն։ Մասնագետների գնահատմամբ՝ կաթվածահար էին երեխայի մարմնի բոլոր մկանախմբերը։ Հինգ ամիս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը քրտնաջան պայքարել է նրա կյանքի համար, և այդ աշխատանքը ջուրը չի լցվել։ Աստծո կամքով հրաշքը տեղի է ունեցել։


«ԴԵՊՔԸ ԵԶԱԿԻ ԷՐ»


Ի վերջո, ի՞նչ էր պատահել տղային, և ի՞նչ վտանգ ունի այս հիվանդությունը. սրա շուրջ զրուցեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչ ՀԱՍՄԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-Երեխայի մոտ ախտորոշվել է պոլինեյրոպաթիա հիվանդություն, այն ախտահարում է օրգանիզմի պերիֆերիկ և գանգուղեղային նյարդերը։ Դավիթը հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում. խախտված էին կլլման ակտը, շնչառական ֆունկցիան։ Ընդհանրապես, կարելի է ասել, որ նրա մարմնի ոչ մի հատված չէր շարժվում, բացառությամբ հոնքերի. երեխան լիովին կաթվածահար էր, ընդհուպ մինչև շնչառության բացակայությունը։ Վիճակը բարդ էր նաև նրանով, որ ուղեկցվում էր արտահայտված ցավային ախտանիշներով:
-Այս հիվանդությունը հաճա՞խ է հանդիպում երեխաների մեջ։ Ձեր հիվանդանոցի վիճակագրությունն ինչպիսի՞ն է։
-Տարեկան 3-4 հիվանդ ենք ունենում, և այդ թիվը տարիներ շարունակ, կարելի է ասել, պահպանվում է։ Սակայն Դավթի դեպքը եզակի էր իր ծանրության աստիճանով. նման դեպք չենք ունեցել։ Նրա ծայրահեղ ծանր վիճակը պայմանավորված էր նաև շնչառական անբավարարությամբ, կլլման ակտի խախտմամբ, ինչի պատճառով զարգանում էր ծանր թոքաբորբ։ Նման դեպքը կյանքին սպառնացող է լինում։ Դավթի դեպքում նման պահ եղավ, մենք շատ անհանգստացանք և ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեզ միացան թոռակալ վիրաբույժները։ Կարելի է ասել, որ մեր բժշկական կենտրոնը, իր բոլոր բաժանմունքներով, աշխատել է Դավթին կյանք վերադարձնել։
-Մահացության ցուցանիշն այս հիվանդության դեպքում որքա՞ն է։
-Փա՜ռք Աստծո, մահվան ելքով դեպքեր չենք ունեցել։
-Այժմ Դավիթը դուրս է գրվում։ Որքա՞ն ժամանակ է պետք, որ նա լիարժեք կյանք վերադառնա։
-Վերականգնողական շրջանը 6 ամսից մինչև 1 տարի է։ Դավթի դեպքում հնարավոր է, որ վերականգնողական ընթացքը մի փոքր դանդաղի, քանի որ դեպքը շատ ծանր էր և եզակի։ Բայց մեր Դավիթը կարողացավ չորս ամիս հետո ինքնուրույն շնչել և կամաց-կամաց ապաքինվել։

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄՆ ԻՐԵՆՆ ԱՐԵՑ


Այն, որ վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների արհեստավարժությունը նշանակալի դեր ունի ցանկացած բժշկական կենտրոնի համար և ամենագլխավոր օղակներից մեկն է, փաստ է։ Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գնահատմամբ՝ այս պահին Դավթի վիճակն իրենց մասով կայուն է։ Դրան հասնելու համար չորս ամիս շարունակ երեխային տրվել է արհեստական շնչառություն: «Այս հիվանդությունը համարվում է աուտոիմունային հիվանդություն և անհրաժեշտ է, որ ծնողներն ուշադիր լինեն և ժամանակին դիմեն բժշկի։ Երբ նկատվում է որևէ մկանային խմբի թուլություն, ապա բժշկին դիմելն անհրաժեշտություն է»,- պարզաբանեց Աննա Չոբանյանը։


«ՇԱՆՍ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ»


Փոքր երեխայի համար, իսկապես, ծանր փորձություն է, սակայն Դավթի հետ որոշեցինք զրուցել ոչ հիվանդությունից։
-Դավիթ ջան, իրար հետ զրուցե՞նք։
-Եսի՞մ։
-ՈՒզո՞ւմ ես՝ դիկտոֆոնը վերցրու և խոսենք։
-Հա։
-Քանի՞ տարեկան ես։
-10։
-Ի՞նչ ես ուզում դառնալ։
-Եսի՞մ։
-Կարո՞ղ է՝ այստեղից հետո որոշես բժիշկ դառնալ։
-Կարող ա։
-Հոգնեցիր, չէ՞, էստեղ պառկած։ Խոստանո՞ւմ ես, որ էլ չես հիվանդանա։
-Խոստանում եմ։ (Նա խոստացել է, որ հաջորդ ամիս իր ոտքով է գալու ստուգման,- վրա բերեց բժիշկը- Ժ. Վ.
-Ամենաշատը տանը ո՞ւմ ես կարոտել։
-Շանս։
-Անունն ի՞նչ է։
-Արջուկ։
-Մեծ, հայկական հովվաշո՞ւն է։
-Չէ, փոքր շնիկ ա, բայց անունը Արջուկ եմ դրել։
-Բժիշկների հետ յոլա գնալը հե՞շտ է։
-Վախտը գիտի։
-Վախենում ե՞ս սրսկումներից։
-Չէ։

«ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է»


Ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալլա Հարությունյանի, Դավթի բուժումը թիմային աշխատանքի արդյունք է։ «Ներդրվել են բոլոր հնարավոր միջոցները։ Ծանր աշխատանք են իրականացրել վերակենդանացման բաժանմունքը, թոռակալ վիրաբույժները։ Վերականգնողական գործընթացն իրականացնում են մեր կինեզիոլոգները»։ Ալլա Հարությունյանից ճշտեցինք, որ հիմնականում երեխան բուժվել է պլազմոֆերեզի և իմունոգլոբուլին դեղամիջոցով։ Նկատենք, որ այս դեղամիջոցը շատ թանկ է և ընդհանրապես Հայաստան չի ներկրվում։ Ի՞նչ միջոցներով է հիվանդատերը ձեռք բերել դրանք։ «Մեզ մոտ բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում և, բնականաբար, ամեն ինչ արվել է անվճար, բացառությամբ իմունոգլոբուլինի։ Դուք ճիշտ նկատեցիք, որ Հայաստան այս դեղամիջոցը չի ներկրվում, և այդ իսկ պատճառով ծնողն իր միջոցներով այն բերել է տվել ՈՒկրաինայից»,- պարզաբանեց բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալը։ Սա պաշտոնական պատասխանն է, իսկ ի՞նչ է ասում Դավթի մայրը. «Ոչ մի դեղորայք, բացի մեկից, որը Հայաստանում չկար, չենք առել։ Հինգ ամիս պառկեցինք էս հիվանդանոցում, և, հոգատարությունից բացի, ուրիշ բան չտեսա։ Նոր տարին էլ ենք այստեղ դիմավորել»։
Երևի թե նման երջանիկ ելքով ծանր դեպքն ինչ-որ չափով օրինաչափ է, քանի որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը միակն է, որ մասնագիտացված է մանկական թոռակալ վիրաբուժության և մանկական նյարդաբուժության գծով։ Բժշկական կենտրոնը համագործակցում է Մոսկվայի Ֆիլատովի անվան, Ս. Պետերբուրգի Պոլենովի անվան, Միլանի «Ֆրատեբենեֆատելի», Մարսելի համալսարանական, բժշկական կենտրոնների հետ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ