ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Նախատեսվում է կառուցել Թուխմանուկի երրորդ պոչամբարը. բնապահպանները ահազանգում են

Նախատեսվում է կառուցել Թուխմանուկի երրորդ պոչամբարը. բնապահպանները ահազանգում են
10.02.2014 | 17:29

Այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների եհտ հանդիպմանը «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամներ ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ, ԳՐԵՏԱ ԳԱԲՐԻԵԼՅԱԸ, «Eco Right» կազմակերպության նախագահ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մտահոգություն հայտնեցին, որ Ապարանի Մելիք գյուղի անմիջապես հարևանությամբ գտնվող Թուխմանուկի հանքավայրի մոտ երրորդ պոչամբարն է նախատեսվում կառուցվել, ինչը անչափ վտանգավոր է թե՛ բնության, և թե’ բնակչության առողջության տեսանկյունից: Նրանք տեղեկացրին, որ այսօր տեղի է ունեցել պոչամբարի կառուցմանն առնչվող հանրային լսում, որի արդյունքում իրենց հուզող հարցերը մնացել են անպատասխան: «Մեկ տարուց ավելի է՝ Մելիք գյուղի Թուխմանուկի էկոլոգիական խնդիրն անորոշ վիճակում է: Այսօր հերթական քննարկում էր այս թեմայով: Մենք «Մեգո-Գոլդ» ընկերությունից, որը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել բնապահպանության նախարարություն, պահանջում ենք ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ»,- ասաց Գրետա Գաբրիելյանը:

Սիլվա Ադամյանն էլ հավելեց, որ իրենք բազմաթիվ այցելություններ են ունեցել Մելիք գյուղ, հանդիպել գյուղացիների հետ, մասնակցել հանրային լսումներին և եկել այն եզրակացության, որ գյուղում առկա են բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրներ: «Այնտեղ հողը, ջուրը շատ աղտոտված են և բնակիչները չեն կարողանում համապատասխան բերք ստանալ: Երիտասարդների առողջական վիճակը նույնպես մտահոգիչ է. ունեն ատամնաշարի հետ կապված խնդիրներ, գլխացավեր, շատերը խոստովանում են, որ սկսել են ժամանակից շուտ ծերանալ»,- ասաց բնապահպանը` տեղեկացնելով, որ անցած տարի հանդիպել են նաև գյուղապետի հետ, ու թեև վերջինս խոստացել է միջոցառումներ ձեռնարկել շրջակա միջավայրի մաքրության պահպանման համար, սակայն ոչինչ չի արվել:
Գ. Գաբրիելյանի խոսքով` Մելիք գյուղում Թուխմանուկի ոսկու հանքի շահագործումը դեռևս ԽՍՀՄ տարիներին փակ եղանակով է արվել: «2005-ին ընկերություններից մեկը հնարավորություն է ստացել հանքը շահագործելու` շրջակա միջավայրի փորձաքննության դրական գնահատական ունենալով: Բայց հանքն արդեն երկու տարի է շահագործվում է բաց եղանակով, արդեն երկու պոչամբար է լցվել: Հիմա էլ դրվել է երրորդ պոչամբարի կառուցման հարցը: Հարց է առաջանում, արդյո՞ք չորրորդ, հինգերորդ պոչամբարները կառուցելու անհրաժեշտություն չի առաջանա»:
Բնապահպանը տեսակետ հայտնեց, որ այս ամենը միտումնավոր է արվում, և չպետք է մոռանալ, որ այդ պոչամբարներում թունավոր նյութեր են կուտակվելու: Ըստ նրա, թեև պոչամբարի նախագծում նշվում է, որ քիմիկատներ չեն օգտագործվելու, բայց ամենքի համար էլ պարզ է, որ հանքը մշակելու ժամանակ քիմիական նյութերի օգտագործումը պարտադիր է: «Անցած տարի մերժվել էր պոչամբարի կառուցման նախագիծը, այսօր արդեն ասում են, որ այդ հարցը պետք է դրվի քննարկման որպես կառույցի նախագիծ: Շրջակա միջավայրը աղտոտվում է, և կան փաստեր, որ ջրի վրա քամու հետևանքով սփռվում են տարատեսակ աղբակույտեր և չեն մաքրվում: Հիմա էլ համառորեն այդ երրորդ պոչամբարն են ուզում կյանքի կոչել»,- ասաց Գ. Գաբրիելյանը:
Ըստ «Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի, ընկերության տվյալներով՝ 18 հազար տոննա հաստատված պաշարներ կան այդ հանքավայրում, և եթե դա այդպես է, ապա պետք է ունենանք դրանից երեք անգամ ավելի մեծ տարածք` այդ թափոնները այնտեղ կուտակելու համար: «Պոչանքին խառնվում է ջուր, այդ ցեխաջուրը լցվում է պոչամբարը: Թող ներկայացնեն ամբողջ նախագիծը: Եթե պետք է ամբողջ գյուղը տեղահանեն` թող ներկայացնեն տեղահանելու նախագիծ, ծախսեր, հաշվարկներ, եթե մտադիր են այդ ամենը բերել լցնել գյուղի քթի տակ` ասեք, հասկանանք, թե ինչպես մեր գլխի ճարը տեսնենք»,-ասաց Ա. Գրիգորյանը` հավելելով, որ համայնքը թեև արտահայտում է իր կարծիքը և աշխատատեղեր ապահովելու դեպքում հնարավոր է համաձայնի պոչամբար կառուցելու հետ, բայց թե ինչ է սպասվում բնությանն այդ դեպքում, պատկերացնելն ուղղակի սարսափելի է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ