ՈՒնեի հեքիաթը,
Բայց արդեն կորցրել եմ
Ծանրացող պտույտում աշխարհի...
Նոր տարի,
Զարկիդ հետ բարեբար կոնծել եմ,
Դուռը բաց, արխային
ներս արի։
«Տարեմուտ», Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՐՎԱ ԶԵԿՈՒՅՑԸ
(խաշում ենք Ամանորի կարմիր լոբին)
Արդ՝ ի՞նչ տվեց մեզ 2013-ը։ Տարեվերջին Ազատիչը հյուրընկալվեց բնապահպանության նախարարությունում և հպարտ հայտարարեց. «Եվ փա՜ռք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ է ներկայացնում մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը»։ (Հայտնի է, որ այս հայտարարությունը ցնծագին է ընդունվել հայոց բնաշխարհում, կտրուկ բարձրացել է մուֆլոնների և սիգերի արտադրողականությունը)։ Ես ինքս երեք օր ինքնաբուխ փնտրում էի «մեր շահը» ներկայացնող երեսփոխանին։ Նիկո՞լն է, գրեթե, Շմա՞յսն է, մի՞թե։ Գուցե Վահան ընկերն է կամ տիար Գալո՞ւստը, Տերը յուր ծիածանագույն վահանով պաշտպանի։ Այսպիսով, ո՞ւմ շահերն է ներկայացնում ԱԺ-ն։ Ըստ իս, մենաշնորհային փերեզակների, մաքսահարկային ելուզակների, աղանդավորական գիշանգղերի և անպատճառ սեռամոլոր մոլագարների։ Իսկ ըստ ձե՞զ։
Ռուսական անտաշ սապոգի և Աշտարակի անմահ պոպոքի մերձեցումը քայլ առ քայլ «հոտոտելի» է դառնում։ Յուրաքանչյուր բարի լույսին պատշգամբիս դիմահայաց բարդու կատարին թառող սևաթույր ագռավը (Թուրքմենչայի պայմանագրի կենդանի վկան) կռավում է սլավոնական մեղեդայնությամբ «Четыре татарина и один армян» երգը։ Մի խոսքով «ռսի օրհնված ոտը» առայժմ օրհնել է հայոց վերնակույտի շուրջ խաղարկված դավադրությունը սեփական ժողովրդի հանդեպ։ Թեկուզ վերցնենք գազի սակագնի կառավարական «չլիկ դաստեն»։ Զորին էլ նամակ գրեց ռուսաց ցարին, մոռանալով, նախ, հեռագրեր տալ ցարի հայոց վասալներին։ Րաֆֆին էլ հիմնավորեց, որ յուր միակ քաղաքական կապիտալը ախպարական աղվոր ժպիտն է։
Առհասարակ մեր հանրային կյանքը 2013-ին գալարուն էր օձի պես։ Ահավասիկ Փակ շուկայի շքեղ անկումը, որը ճանապարհ է հարթում դեպի Օպերայի շենք։ Իսկ ի՞նչ կա զարմանալու, չէ որ իշխանական վերնակույտն անում է ամեն բան՝ ընդդիմանալու մեր հանրայի՛ն, ազգայի՛ն, պետակա՛ն շահերին, հանուն իրենց ներանձնական շահաբաժինների։ Այսպես հնարավոր է, որ 2014-ին Օպերայի շենքը հայտարարեն հանրային գերակա շահ։ Դիցուք, նկուղը կմասնավորեցվի և կվերածվի մշակութամարմնական շոգեբաղնիքի։ Եվ աշխարհում դարձյալ կլինենք առաջինը (ականջներդ կարկաչի, 5-հազարամյա մասունք չարուխ և «ուզուն ախմախ» ճոպանուղի)։ Այսպիսով, «Օպերա ընդ օլիգոպոլիա» կենտրոնը 2014-ին կշտկի մեր գործերի ընթացքը։ Եթե, անշուշտ, հանրային անհանդուրժողականությունը չդառնա 2014-ի գերակա նշանաբանը։ (Ականջիս հուշում են, որ կա պետություն դառնալու հստակ ուղի։ Վաղ գարնանը մեր վառվռուն երիտասարդությունը ելնում է արմատական երթի։ Մենք նրանց թիկունք ենք կանգնում, այսինքն, ապահովում ենք ասկետական սննդով։ Հետո յոթ օր, յոթ գիշեր կազմալուծում ենք պետական ատյանների աշխատանքը։ Այսինքն, ելնում ենք խաղաղ մարտերի։ Երկրի բոլոր «սուպերմարկետները» հայտարարում ենք «persona non grata»։ Նրանց համահավասարվում են քաղաքական գործիչները, այո՜, այո՜, մեր քաղգործիչների, օլիգոպոլիայի և չինովնիկական վերնակույտի միջև չկա որևէ զանազանում։ Այնինչ երկրով մեկ վխտող նորահայ բոմժերը ամենևին չեն ձգտում սեփականացնել յուրյանց տարածքի բնաշխարհն ու կենդանիները։ Զորօրինակ, վերջին պատառն են կիսում բախտակից շան հետ։ Միով բանիվ, հայտնագործում ենք ազգապետափրկչական մի թուջե հեծանիվ, զի յոթ օր անց իշխանակառավարական վերնախավն անվերապահ կապիտուլյացիայի է ենթարկվում և ճղում է սահմանը դեպի հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք։ Գրողը տանի, թող հղփանան այլ երկնքի տակ, կարևորը՝ մեր աչքից հեռու։ (Ականջիս վերահուշում են՝ համազգային անհանդուրժողականությանը կհաջորդի խորհրդարանական հանրապետության ծնունդը։ Գերպայմանը մեկն է՝ քաղաքական անցյալ ունեցող որևէ մեկը չի կարող լինել ազգապետափրկչական խորհրդարանի անդամ)։
Երկրի կառավարությունը հերթական անգամ գերազանցեց ինքն իրեն, պետական բյուջեն 2013-ին վերջնականապես բարոյազրկվեց և 2014-ին էլ ավելի մեծ «սխրանքների» է պատրաստ։ Այսպես, վարկերն այլազան երկնային մանանայի զորությամբ հեղեղում են երկիրը։ (ՄԻՊ Կարենը մի պահ բռնկվեց և հաղորդեց անհաղորդելին` այսինչ դատական ատյանում այս ու այն գործի կոծկումն այսքան և այնքան արժե։ Դատավորները բուռն ընդվզեցին, ընդ որում՝ առանց դույզն-ինչ կարմրելու։ Այսպիսով, արգո Կարեն, ունկերիդ ոսկե օղ արա. մեր դատական համակարգի մարտիկները գոյատևում են բացառապես աշխատավարձի հաշվին։ Իսկ թե ինչպես է, որ դղյակում են ապրում և շեյխերի հետ հանգստանում, զարմանալի չէ։ Դիցուք, պետական հագուստ են հագնում, ողջ տարին բուսակերությամբ են զբաղվում, հաճախ էլ ցայտաղբյուրի ջրից են օգտվում և գումարները խնայում են։ Իսկ երեսփոխանները մեր անձնուրաց տառապեցին հանուն մեր բարօրության, որոշեցին էլ ավելի եռանդուն տառապել և կրկնապատկեցին յուրյանց աշխատավարձերը։ Սաղո՜լ)։ Սակայն մի՞թե կառավարությունն ԱԺ-ի նետած ձեռնոցը չվերցրեց։ Վերցրեց՝ որոշեց Մշնախը տեղափոխել։ Այո՜, հակապետական երևակայությունը սահմանախախտ է, Մշնախն է նախ բնավորվում Գյումրի-Ալեքսանդրապոլում, նրան հետևում են մյուս «նախերը», հայրաքաղաքում մի երկու, երեք հարյուր աշխատատեղ է ի հայտ գալիս և, ամենակարևորը՝ նախարարությունների զբաղեցրած կառավարական 3-րդ մասնաշենքը բեռնաթափվում է և ծեքծեքուն կուրտիզանուհու պես պսպղալով հարեմ է մտնում։ Կռահեցի՞ք, դե իհարկե, 3-րդ մասնաշենքը միջազգային աճուրդի կդրվի, այն կյուրացնեն և հյուրանոց կդարձնեն։ Առհասարակ երկրի և ազգի ապականման հաշվին սեփական արատները կոծկելը վերնակույտի գերագույն «կայֆն» է։ Ահավասիկ նոր աղանդներ են ի հայտ եկել, նրանց հետ էլ՝ մոլեմսխուն փողեր։ Եվ մեր շուկան նրանց ազգադավ գործունեությունը լուսավորող գումարներով է՛լ ավելի աշխուժացավ։ Սաղո՜լ։
Հանրային խորհուրդ, խորհուրդ խորին, բայց պատվիրան մոռացության։ Դեռ 2012-ին ՀԽ-ն անարգանքի բազում սյուներ ցուցանեց և դրանց գամեց Հանրային հեռուստաընկերությանը՝ յուր հակահանրային և ապազգային որոշ դրվածքներով։ Հանրայինը նախ սփրթնեց, հետո էլ սրարշավեց մեզ վրա, լրջագույնս ահաբեկելով, թե՝ լատինաամերիկյան սերիալներն այլևս չի՛ք։ Նաև շատ ցնծագին բաներ խոստացան, և խոտանը կարծես թե մի պահ վերացավ։ Ավա՜ղ, ճանապարհ էր հարթվում առավել ներկայացուցչական խոտանի համար։ Եվ, ահավասիկ, 2013-ի նոյեմբերից բրազիլական սերիալները հանրային հեռուստաէկրանի պատվավոր հյուր են։ Մի խոսքով, 2014-ին Հանրային խորհուրդը պիտի մասնակցի հանրային մեր երթերին և այլևայլ ընդվզումներին։ Կամ էլ՝ ինքնալուծարվի։
Մի խոսքով, տոնական սեղանի բացման հոգեցունց պահը պատշգամբից սահում է ներս, և եթե կարմրադարչնագույն բաստուրման խիստ անհարիր է մեր գրպանին, բավարարվենք փշատով կարմրակեղև, և տոլմայով կանաչագեղ։ Իսկ մեր կառավարության ղեկավարը կրակն է ընկել յուր տղայամիտ որոշումների և մանկածիծաղ հրահանգների ձեռքը։ Սակայն կրակը կարմրակատար բորբոքում են վարկերը վավաշոտ։ Դիցուք, վարկ է տրվում կառավարությանը, որ նա 2014-ին զարգացնի գյուղատնտեսությունը, որ գյուղացին բարեկիրթ մշակի յուր հողն ու աթարը, ժամանակին քաղհանի բանջարանոցը, տարբերի ցոգոլն ու հասուն պտուղը և այլն։ Լավ, վարկը տեղ հասավ և, անշուշտ, սպասելի են օսլայաշապիկ խորհրդատուների պարսերի արշավները հայոց գյուղերում։ Կարևորը փորձառությունն է, որն ունենք դեռ այն ցնծուն օրերից, երբ վարչապետը խոհուն լրջությամբ ուսուցանում էր հայ գեղջկուհուն՝ ինչպես գրագետ ձևով կթել կարմիր կով Կատերինային։ Գյումրի թանկ քաղաքին էլ հյուրընկալվեց գերօլիգարխ-գեր Գագոն և Ամանորի նվեր մատուցանեց հայր ոստանի անտուններին։ Կեցցե՛ս։ Բայց ո՞ւր մնաց պետությունը յուր դրոշով և օրհներգով։ Նաև այլևայլ ալեբախումներով էր հարուստ Օձի տարին։ Շանթը, յուր «կոպալային դեմարշով», «Ազատության» հրապարակից քշեց քաղաքականությունն ու քաղգործիչներին։ Պարույրը Հ. ելնում է հարթակ և հեղեղում է յուր պարուրաձև-պլստան մտքերը՝ առ դատարկ հրապարակ և անդարդ կաչաղակներ։
Լավ, քիչումիչ զվարթանանք, զարդարենք մեր Ամանորի եղևնին հազարան բլբուլի բոցեղեն գույներով և երազենք, որ... Դիցուք, ներկա կառավարությունը 2014-ին յուր հրաժարականը ներկայացնի։ Եվ, դիցուք, Տիգրանը հարգարժան Սարգսյան ընդդիմադիր բևեռ կազմի Հրանտի հետ պատվարժան Բագրատյան, և ձեռք ձեռքի սկսեն «քլնգել» նախորդ կառավարությունների (ասել է թե՝ հենց իրենց) արատները։
ԳԱԼԴ ԲԱՐԻ, Ա՜Յ ԻՄ ՀՐԱՇՔ ՆՈՐ ՏԱՐԻ
(իրիկնահացին՝ ճերմակափրփուր թանապուր և գաթա ոսկեղենիկ)
Սակավապետությունը գաստրոնոմիական և ուրախ դեմքերը թող ողջ տարին ուղեկցեն ձեզ և ինձ։ Եվ թող որ Ամանորի ձեր սեղանները զարդարվեն մեր պապենական կերակուրներով։ Այսինքն, թող կորչեն խոզի բդերն ու խոզաբդային մյուս «թիթիզությունները»։ Ահավասիկ ձյունաճերմակ սեղանին փախլավան է յուր խնկաբույր իշխանությունը հաստատել։ Նրա հետ մրցակցում են մրգային լավաշները։ Յուրյանց դիրքերում ամրակուռ են քամած մածունն ու աղանձի տեսակները։ Քարահունջի օղին էլ զորահրամանատար է տնական հյութերի շարքում։ Թոնրի լավաշն ու գաթան էլ մի չքնաղ, կանաչ, կարմիր աշխարհ արժեն։
Շնորհավոր Ամանոր։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ