Դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան։
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին։ Ներկա էին Հերունու հարազատները, աշակերտները, գիտնականներ, հյուրեր։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Պարիս Հերունու գիտական գործունեությունն ու նրա ավանդը հայ և համաշխարհային գիտության զարգացման գործում, ներկաները դիտեցին նաև գիտնականին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։
Արևիկ Սարգսյանը Պարիս Հերունու աշակերտներից է, գիտնականի քրոջ դուստրը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Անտենային համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ նախագահ։ Նա անգնահատելի է համարում Պարիս Հերունու ավանդը հայ գիտության մեջ. նրա աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքն աշխարհում։ «Պարիս Հերունու հեղինակությամբ գիտական մի շարք նոր ուղղություններ են հիմնվել աշխարհում՝ անտենայի պարամետրերի չափումը մոտակա գոտում, ռադիոհոլոգրաֆիան, բազմաճառագայթային անտենաների տեսությունը, վիճակագրությունը և չափումը, անտենային մետրոլոգիան՝ չափագիտությունը։ Կրթությունը ստանալով Մոսկվայում՝ Հերունին վերադարձել է Հայաստան և շարունակել իր գործունեությունը հայրենիքում։ Հերունու աշակերտները մինչ օրս շարունակում են նրա գիտական դպրոցի ավանդույթները»,- նշեց Արևիկ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ մեծ է նաև Հերունու ավանդը հայագիտության զարգացման գործում։
Նշենք, որ Պարիս Հերունու հոբելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էին «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն, «ԱՐԱՐԷ» հայագիտական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։