Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
«Այս տարվա Սուրբ ծննդյան տոնին նվիրված միջազգային տոնավաճառը յուրահատուկ հնարավորություն և, ինչու չէ, նաև տոնակատարություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գնել յուրօրինակ իրեր, շահել հետաքրքիր նվերներ և օժանդակություն ցուցաբերել Հայաստանում ապրող կարիքավոր անձանց: ԵՄԿԱ-ն իր գոհունակությունն է հայտնում այն առիթով նաև, որ ստացել է անմնացորդ աջակցություն դիվանագիտական ներկայացուցչությունների, գործարար հատվածի, անհատների և նշանավոր արվեստագետների կողմից»,- նշում է ԵՄԿԱ նախագահ տիկին Միրնա Մգրդիչյան Թեչլերը:
Այս տարվա տոնավաճառն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ վիճակահանություն, հայ և միջազգային մեծանուն արվեստագետների և ԵՄԿԱ անդամների աշխատությունների և ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Կկազմակերպվի նաև հատուկ աճուրդ: Իսկ նախատեսված խաղարկություն-վիճակահանությունն ընդամենը 500 դրամ արժողությամբ տոմսերով ներառում է տարաբնույթ նվերներ՝ ավիատոմսեր, ռեստորաններից, մարզային ակումբներից, սպա կենտրոններից և հյուրանոցներից օգտվելու անվճար քարտեր և այլն: