ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն, ասաց, որ տեղի է ունեցել այն, ինչ երկու տարի չէր եղել. «Եղավ այն, որ երկու տարի իրար չհանդիպած նախագահները հանդիպեցին: Եվ ցանկացած բանակցային գործընթաց ավելի լավ է, քան ցանկացած կրակոց: Այլ գլոբալ իմաստով` կքննարկվեն զանազան քաղաքական հարցեր և կտեսնենք ինչ կլինի: Այն օրը, երբ Արցախի հարցը կհրավիրվի բանակցային սեղան, այդ ժամանակ կասենք, որ խնդրի կարգավորման ցանկություն կա»:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, թե արդյո՞ք կքննարկվի այդ հարցը նախագահների կողմից, և ըստ նրա, ի՞նչ արդյունք կունենա, բանախոսն ասաց, որ մենք ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի Արցախի օդանավակայանն օր առաջ բացվի. «Եթե այդ հարցը քննարկված լինի, շատ կողջունեմ: Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, և դրա ադյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ օդանավակայանի բացման ուղղությամբ հայկական կողմի աշխատանքները պետք է շարունակական լինեն, և մի գեղեցիկ օր իրականություն դառնա Հայաստան-Արցախ օդային կապը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ