«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Դեսպանները տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանգնեն հանձնաժողովի և ԱԺ-ի առաջ և հաշվետու լինեն»

«Դեսպանները տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանգնեն հանձնաժողովի և ԱԺ-ի առաջ և հաշվետու լինեն»
20.11.2013 | 16:59

Ըստ ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտաքին և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ, պառլամենտարիզմը և արտաքին քաղաքականությունը առանցքային տեղ են գրավում պետության կառուցվածքում, հետևաբար, այդ փոխկապակցվածությունը առկա է նաև քաղաքականության մեջ: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց պարոն Նավասարդյանը, դիվանագիտական հարցերը անտիկ ժամանկներում, օրինակ, Հին Հունաստանում կամ Հին Հռոմում, որոշվում էին պառլամենտարիզմի միջոցով: «Դիվանագիտական հարցերը, միջպետական հարաբերությունները, արտաքին քաղաքականության խնդիրները, հատկապես կադրային հարցերը լուծվում էին այդ մակարդակով: Այդ ժամանակվա դեսպանները հաշվետու էին պառլամենտի առաջ և’ իրենց գործունեությամբ, և’ ֆինանսական կողմով: Լավ կլիներ, որ մեր պառլամենտը, նախքան կադրային փոփոխություն անելը, քննարկեր այդ հարցը պառլամենտի հետ: Իմ խորին համոզմամբ, դեսպանները տարին մեկ կամ երկու անգամ պետք է կանգնեն հանձնաժողովի և ԱԺ-ի առաջ և հաշվետու լինեն, թե ինչ է կատարվում»,-ասաց նա` նշելով, որ դա շատ լավ մեխանիզմ կլինի, ինչը կբարելավի նաև արտաքին քաղաքականությունը: «Ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում դիվանագիտությունը արհեստականորեն թանձր վարագույր է քաշում իր առաջ` ասելով, որ «եթե գաղտնապահություն չկա, չկա նաև լուրջ դիվանագիտություն»: Սակայն սա սխալ մոտեցում է»,-նկատեց ԱԳ նախկին փոխնախարարը, ում ներկայացմամբ` դիվանագիտությությունը ունի իր գաղտնի կողմերը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն չպետք է լինի թափանցիկ, և մարդիկ, հարկատուները, որոնք վճարում են այդ աշխատանքի համար չպետք է իմանան, թե ինչ է կատարվում: «Սա շատ հարմար ալիբի է ապահովելու այն, որ` մի խառնվեք մեր գործերին, և այսպիսով, հաշվետվությունը մնում է, այսպես ասած, լուսանցքում»,-ասաց նա:

Ա. Նավասարդյանի խոսքով, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միջպետական փասատաթղթերում ներկայացված կետերի մեծ մասը չի իրագործվում: «Ամերիկացիները հաշվել են, որ եթե միջպետական պետությունների միջև ստորագրված փաստաթղթերի 25 տոկոսը ի կատար է ածվում` արդեն լավ ցուցանիշ է. մենք չգիտենք Հայաստանում քանի տոկոսն է իրագործվում: Սա, կարծում եմ, շատ լուրջ հարց է, որով ԱԺ-ն պետք է զբաղվի»,-ընդգծեց Նավասարդյանը` հավելելով, որ խնդրի վրա հատկապես կարևոր է հրավիրել լրատվամիջոցների ուշադրությունը և եթե, ըստ նրա, հաջողվի դա անել`«կնպաստենք ՀՀ արտաքին քաղաքականության, հետևաբար և դիվանագիտական ծառայության ամրապնդմանն ու զարգացմանը»:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան ՊՈՂՈՍՅԱՆԸ համաձայնեց պարոն Նավասարդյանի բարձրացրած խնդիրների կարևորության հետ: Նրա խոսքով, ՀՀ դեսպանը, մեկնելով այլ երկրներ, տեղյակ չի լինում թե ինչ նախաձեռնություններ ունի այցը կամ ինչ ծրագրեր է ներկայացնում Հայաստանը: «Այդ իմաստով շատ կարևոր է նաև, որ ՀՀ դեսպանը ցանկացած պարագայում, նախքան հայրենիք վերադառնալը, հանդիպի այդ երկրների հանձնաժողովի անդամների հետ և պարզի` ի՞նչ խնդիրներ կամ հարցեր կան, որոնց ուշադրություն չդարձվեց, ի՞նչն է լուծում պահանջում, ի՞նչն է պետք շտկել և այլն»,-ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով, երբ նախագահը որևէ մեկին որևէ երկրում ՀՀ լիազոր դեսպան է նշանակում, մինչ այդ երկիր մեկնելը ցանկալի է, որ նա` այդ դեսպանը, ինչպես մյուս գերատեսչություններին է ներկայանում, այնպես էլ ներկայանա Աժ, որպեսզի գոնե ճանաչեն նրան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ