Նյու Յորքից Թեհրան վերադարձած նախագահ Հասան Ռուհանիի վրա ձվեր ու կոշիկներ են նետել օդանավակայանում հավաքված մոտ 100 ցուցարարները. նրանք դեմ են միջուկային ծրագրում Իրանի զիջումներին: Փոխարենը 1979 թ. հետո առաջին անգամ Ռուհանիին զանգահարել է ԱՄՆ նախագահը: Բարաք Օբաման ասել է, որ հեռախոսազրույցը հույսեր է տալիս, որ Վաշինգտոնը և Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ: «Մենք քննարկեցինք Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ համաձայնության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Ես հաստատեցի` ինչ ասել էի Նյու Յորքում, անկասկած, կլինեն լուրջ խոչընդոտներ առաջընթացի ճանապարհին և հաջողությունը բոլորովին էլ երաշխավորված չէ, այնուհանդերձ, ես գտնում եմ, որ մենք կարող ենք ընդգրկուն որոշում կայացնել»` գտնում է ԱՄՆ նախագահը, քանի որ «հիմքեր կան հարցի լուծման համար»: Օբաման հիշեցրել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնին ժամանակին հրամանագրով արգելել է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն ու կիրառումը, իսկ Ռուհանին ասել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի մշակի: Փոխարենն Օբաման հավաստել է. «Մենք հարգում ենք Իրանի ժողովրդի խաղաղ ատոմի իրավունքը` Իրանի պարտավորությունների կատարման համատեքստում»: Հասան Ռուհանիի համար հեռախոսազանգն անսպասելի է եղել: