47 համարի ավտոբուսի վարորդը, երթուղայինի վրա փակցված` «150 դրամ ուղեվարձ»-ը փոխարինեց «100 դրամ»-ով: Ցուցարարները բարձր ծափերով ողջունեցին վարորդի այդ քայլը: Հարցին`թե չի՞ վախենում մյուս վարորդների դժգոհությունից և հատկապես գծի տիրոջ զայրույթից, վերջինս հանգիստ տոնով պատասխանեց. «Դա իմ գործն է: Եթե տուժում եմ, ես եմ տուժում, ուրիշ ոչ ոք: Մինչև էսօր ոչ մի ուղևորի չեմ պարտադրել: Կան մարդիկ, որ տալիս են 150 դրամը, կան, որ 100 դրամ են տալիս, ձայն չեմ հանում»,-ասաց նա:
Նշենք, որ մինչ այս պահը համերաշխ համագործակցություն էր ընթանում նաև ակտիվիստների և ոստիկանների միջև: Առաջինները փորձում են ոստիկաններին բացատրել, որ այս պայքարը մասնավոր չէ, որ այն բոլորի արդար պայքարն է, բոլորի համար է, որ նրանք պետք է աջակցեն և օգնեն իրենց, ոչ թե խոչընդոտեն իրենց աշխատանքին: «Սա նաև Ձեր երեխաների, Ձեր հարազատների համար է, քաղաքաբնակ բոլոր մարդկանց համար է»,-շեշտում էին նրանք:
Ի դեպ, կանգառներում կանգնող ուղևորափոխադրող միկրոավտոբուսներն ու ավտոբուսները համարյա դատարկ են: Նրանց «գործին խփում են» պատահական անցորդ ավտոմեքենաները, որոնք կանգառում կանգնած քաղաքացիների անվճար տեղափոխում են իրականացնում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ