Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«ԱԺ նախագահը լավ կաներ «խալաթների» մասին իր ընդունած օրենքը դատապարտեր»

«ԱԺ նախագահը լավ կաներ «խալաթների»  մասին իր ընդունած օրենքը դատապարտեր»
19.07.2013 | 01:28

Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքը մի քանի օր է` հայ հասարակության «հոգին» փոթորկել է: Վթարի պատճառ դարձած մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանին ոչ պատշաճ հագուստով դատարան ներկայացնելը և ռուսաստանյան լրատվամիջոցների անվայելուչ մեկնաբանություններն առավել սրել են իրավիճակը: Թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

-Ռուսաստանում շատ հաճախ են նման խոշոր պատահարներ լինում, սակայն երբեք մեղավորին կանացի ծաղկավոր հագուստով չեն բերում դատարան: Ինչո՞ւ, երբ այդ «դերում» հայ է, նման փաստի ականատես եղանք, ի՞նչ են փորձում հասկացնել Հայաստանին:
-Զուտ մարդկային առումով բացարձակապես անթույլատրելի, անմարդկային արարք է: Աշխարհում այսօր տարբեր մարդիկ, խմբեր կոշտ պայքար են մղում հանուն իշխանության ու հարստության` հարցեր լուծելու համար ցանկացած մարդու զենքի վերածելով: Այս իրադարձությունն այդ շրջանակում է: Ոմն ռուս չինովնիկ, որի մասին ժամանակին ճշգրիտ ձևակերպում է տվել Լենինը` «Великорусский держиморда», Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում ձայն հավաքելու խնդիր ունի: Իսկ Մոսկվան ամենամեծ կողոպուտի վայրն է, փող սարքելու շատ մեծ տեղ: Ռուսաստանյան իսթեբլիշմենթը, ինչպես մերը, «վարակված» է այդ ախտով: Հերթական անգամ միգրանտների հարցը շատ ստոր և տգեղ ձևով օգտագործվեց ընտրողների ձայները կորզելու համար:
Մենք պետք է հստակ հասկանանք, որ նման դեպքերում ամեն մի «держиморда» պարտադիր պետք է շատ ճշգրիտ ստանա «по морде»` հակառակ դեպքում նա մեծագույն վնաս կարող է հասցնել (ինչպես այս անգամ հասցրեց) թե՛ մեզ, թե՛ իր երկրին: Իսկ նման ճշգրիտ հարվածի օրինակ, մեր ոչ վաղ անցյալից, ես նախկինում արդեն բերել եմ:
Երբ 91-ին մեր պատվիրակությունը «կոլցո» օպերացիայից հետո մեկնել էր Մոսկվա ու այնտեղ ասում էր, թե ինչ «կոլցո», ինչպե՞ս կարելի է երկու բարեկամ ժողովուրդների միջև թշնամություն հրահրել, չէ՞ որ վիրավորում եք ժողովրդին, անվտանգության հանձնաժողովի նախագահ, գնդապետ Ալքսնիսն ասել էր. «Բայց եթե վիրավորեցի՞նք` ի՛նչ եք անելու, այդ մուսուլմանական ծովում գալու եք էլի մեր սապոգը լպստեք»: Մեր պատվիրակության ղեկավարը պատասխանել էր. «Չէ՛, մենք ելք ունենք, մենք իսլամ կընդունենք»: Քաղաքական իմաստով դա ճշգրիտ պատասխան էր, և միշտ ամեն մի «держиморда» աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է իմանա, որ իր ապուշության պատճառով իր երկիրը կարող է Հայաստան կորցնել, և ինքն իր այդ քայլի համար խստագույնս պատժվելու է սեփական ղեկավարության կողմից:
Սակայն խնդիրը չի սահմանափակվում միայն մարդկային հարթությունով, այլ պարունակում է խիստ վտանգավոր մի այլ հանգամանք: Մեր քաղաքացու նվաստացումը կրում է խիստ սիմվոլիկ բնույթ և ազդանշան էր հերթական ուխտադրժության` Հայաստանի կողմից: Հերթական անգամ ռուս ղեկավարները, դժգոհ լինելով իրենց հայ գործընկերներից, հարվածում են ոչ թե նրանց, այլ Հայաստանում, փաստորեն, միակ մնացած իրենց դաշնակցին` հայ ժողովրդին:
-Փաստորեն, Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան հասկացնելո՞ւ համար այսպես վարվեցին: Փաստորեն, որոշակի անձա՞նց էր սա ուղղված:
-Եղածից հեշտությամբ կարելի է կռահել, որ Հայաստանի ղեկավարները հերթական անգամ հավաստիացրել են իրենց ռուսաստանյան գործընկերներին, որ Եվրամիության հետ հայտնի փաստաթուղթը չեն ստորագրելու (Ռուսաստանի համար սա առանց չափազանցությունների մահու և կենաց խնդիր է, և պատշաճ առիթի դեպքում կխոսենք, թե դա ինչու է այդպես): Եվ մեկ էլ, տառացիորեն մեկ-երկու շաբաթ առաջ, Հայաստանում օրինական ուժի մեջ է մտնում Եվրամիության «նախապայման» փաթեթի օրենքներից առաջինը` գենդերային հավասարության մասին: Սիմվոլների լեզվով, դա օրենք է «տղամարդկանց խալաթ հագցնելու մասին», քանի որ, ըստ այդ օրենքի, Հայաստանի քաղաքացին ինքն է որոշում իր սեռը, ուզում է` տղամարդ է համարում իրեն, ուզում է` կին:
Ռուս ղեկավարների առջև ստույգ հարց ծառացավ. ինչպե՞ս պետք է ընդունել այդ ակնհայտ հակաժողովրդական, հայ ինքնության հետ ոչ մի կապ չունեցող օրենքը, եթե ոչ Եվրամիությանը, ավելի լայն` Արևմուտքին, հնազանդություն դրսևորելու ազդանշան: Եթե հայ խորհրդարանականները, խնդրին առնչվող մյուս ղեկավարները, սեփական երկրների հարստությունը յուրացնելու` եվրոպական թույլտվությունները պահպանելու համար պատրաստ են հայ տղամարդկանց խալաթ հագցնելու, ապա ինչո՞ւ դա չպետք է անի ռուս ոստիկանը:
-Մինչ այս դեպքը մեծ աղմուկ հանեց Ադրբեջանին «Սմերչի» վաճառքի փաստը: Կարելի է ենթադրել, որ ռուսական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ «բիրտ օրենքների» դաշտ է տեղափոխվել: Այս ամենն ո՞ւր է տանում:
-Հայաստանը շատ կարևոր օղակ է համաշխարհային մրցակցության մեջ: Հայաստանի համար կատաղի կռիվ է գնում: Խնդիրն ամենևին էլ ռուս-հայկական հարաբերությունները չեն, որովհետև այսօր Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր է, ինչպես երբևէ, նույնը նաև Հայաստանը Ռուսաստանի համար: Երկու երկրներին էլ ոչնչացում է սպառնում, եթե իրար կորցնեն: Պետք չէ մտածել, թե փոքր Հայաստանն ի՞նչ է որ: Ոչ, Ռուսաստանը, կորցնելով Հայաստանը, կազմաքանդվելու է: Այստեղ շատ ակտիվ գործում են ռուսների աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդները` անգլոսաքսերը, որ երկու հուժկու հարված հասցրին հայ-ռուսական հարաբերություններին` օգտվելով ռուս ղեկավարների կոպիտ սխալներից:
-Այս ամենից հետո Հայաստանի իշխանությունների արձագանքն ինչպիսի՞ն պիտի լինի: Ի դեպ, ԱԺ նախագահն արդեն անընդունելի է համարել Հրաչյա Հարությունյանին նման հագուստով դատարան բերելը:
-Նախ` ԱԺ նախագահը լավ կաներ «խալաթների» մասին իր ընդունած օրենքը դատապարտեր, որով ավելի մեծ գործ արած կլիներ, քան հիմա այս մասին խոսում է: Ե՛վ Հրաչյա Հարությունյանի նվաստացումը կկանխեր, և՛ ավելի մեծ խայտառակության դեմը կառներ։ Ընդունելով այդ օրենքը, չնկատեցին, որ օրեր անց օպերայի հրապարակում նույն Արևմուտքի սպասավորները, գրանտ ստացող մի շարք կազմակերպություններ, բերեցին որբ ու կիսաորբ աղջիկների, որոնք ասում էին, որ հայ աղջիկներն իրենց ամոթխածությունը դեն նետեն: Սովորեն ընտանիքում տղամարդ լինել: Երկու կնոջ կազմած ընտանիքում, որոնցից մեկն իրեն տղամարդ է զգում:
Բայց կարծում եմ` ովքեր համարեցին, թե երկիրն այնքան որբ է և որբերն այնքան որբ, որ նրանք կարող են իրենց նման սանձարձակություններ թույլ տալ, չարաչար սխալվեցին: Պետք չէ երկիրը խառնել իրենց կողմից փողով ապուշացրած, սեփական էությունը մոռացած պետական և քաղաքական «ընտրանու» հետ: Ակնհայտ է, որ մարտահրավերների կարգը Հայաստանի համար այնպիսին է դարձել, որ անհրաժեշտ է ժողովրդի և երկրի ողջ ուժերի համախմբում, մանավանդ, ինչպես նշեցինք, պետական և քաղաքական ընտրանիների կոլաբորացիոնիստական (օտարի հետ համագործակցական) պահվածքի պայմաններում: Այդ համախմբման պատրաստակամությունն իր վառ դրսևորումը ստացավ վերջին իրադարձությունների հետ կապված ազատամարտի և բանակի վետերանների, երիտասարդության, մտավորականության զանգվածային բողոքի գործողությունների ընթացքում: Ճիշտ է, այս ամենը մասամբ ստվերվեց անգլոսաքսոնական, փաստացի հինգերորդ շարասյան, նույն դրոշի տակ ելույթներով, որոնք սակայն իրենց բացահայտող մի գիծ ունեին: Նրանք ուղղված էին ոչ թե այս կամ այն գերատեսչության քայլի դեմ, այլ Ռուսաստանի և ռուս ժողովրդի, ու նպատակ ունեին ոչ թե պատժելու, չեզոքացնելու մեղավորներին, այլ կազմաքանդելու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, որը, ինչպես նշեցինք, արդի ժամանակաշրջանում անփոխարինելի հիմնաքարն է Հայաստանի անվտանգության (ինչպես նաև Ռուսաստանի, որ հանկարծ որևէ «держиморда» չմոռանա):
-Հրաչյա Հարությունյանի հարազատները պահանջում են, որ նրան տեղափոխեն Հայաստան, ու նա այստեղ իր պատիժը կրի: Որքա՞ն եք սա հավանական համարում:
-Կարծում եմ, նման բան հնարավոր չէ: Եթե մեզանում որևէ նման դեպք լիներ, հազիվ թե գործը տեղափոխեինք Ռուսաստան: Խնդիրն այլ է` արդարադատության երաշխիքներ ստանալ, ինչին, կարծում եմ, նպաստեցին ակցիաները: Իհարկե, կատարվածը ողբերգություն է, աշխատավոր մարդ է: Սարսափելի բան է: Բայց սա ու դրան նախորդած զենքի պատմությունը ցույց տվեցին, թե մենք ինչ վիճակում ենք հայտնվել: Մենք դեռ յոլա տանելով գլորվում ենք` մտածելով, որ ճակատագիրը կտնօրինի, էլի:
Կցանկանայի վերադառնալ զենքի վաճառքին, որտեղ դրսևորվեցին թե՛ օրինական և շտկող Հայաստանի, թե՛ իմիտացիոն և քայքայիչ անգլոսաքսերի կազմակերպած ընդվզումները: Վերջիններս ասում էին, թե ռուսները զենք տվեցին, պատերազմի հավանականությունը մեծացավ: Բացարձակ սուտ: Տասը այդքան էլ տան, պատերազմի հավանականությունը չի ավելանա: Այսինքն, եթե ռուսները կարողանան հրահրել, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի, նրանք շատ շնորհակալ կլինեն, քանի որ իրենց պետք է որևէ առիթ, որ խաղաղարար օպերացիա սկսեն: Իրենց պետք է զորքերը տեղավորել Ադրբեջանում, եթե հնարավոր է օկուպացնեն Բաքուն և ողջ Ադրբեջանը: Եվ անգլոսաքսոնների մեջ ապուշներ չկան, որ ռուսներին նման բան հրամցնեն: Ինչքան Էլ զենք տան Ադրբեջանին, չեն թույլատրի նա մի կրակոց էլ անի, որովհետև Ռուսաստանը կօգտվի այդ առիթից: ՈՒրիշ բան, որ այդ զենքը լուրջ դեր խաղաց ռուս-ամերիկյան տեղեկատվական պատերազմի գործում հանուն Հայաստանի: Թույլ տվեց մի շարք հուժկու հարվածներ հասցնել Ռուսաստանի հեղինակությանը Հայաստանում: Բայց արդյոք որևէ վտանգ չկա՞ Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու մեջ: Իհարկե կա և շատ մեծ վտանգ:
Ինչ-ինչ զարգացումների դեպքում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, որը հիմքն է պատերազմի բացակայության, կարող է խախտվել: Հիմա Ադրբեջան պետություն գոյություն չունի, նրա ղեկավարությունն ամբողջովին անգլոսաքսերի և Իսրայելի մանիպուլյատիվ ազդեցությունների տակ է: Եթե հանկարծ այդ հավասարակշռությունը խախտվի, Հայաստանը պետք է ունենա անվտանգության սեփական և անբեկանելի երաշխիքներ: Սա է այն գինը, որը Ռուսաստանը պարտավոր է վճարել Հայաստանին, Ադրբեջանին մեծ քանակով զենք մատակարարելու դիմաց: Մասնավորապես դա կարող է ենթադրել միջին հեռահարության հրթիռների արտադրությունը Հայաստանում, որը կչեզոքացնի Պակիստանի և Թուրքիայի անդադար սպառնալիքները: Մյուս կողմից` զսպման զենքը, որին տիրապետում է Հայաստանը, պետք է ձևավորվի տարբեր զինատեսակների մարտագլխիկներով, այդ թվում նաև` հեռահար հրետանու արկերով, որպեսզի Ադրբեջանում որևէ մեկն այլևս երբևիցե չմտածի ուժային որևէ գործողության դիմելու մասին, քանի որ նրան երաշխավորված ոչնչացում է սպասում: Եվ սա ոչ թե պատերազմելու, այլ խաղաղությունը պահպանելու և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատելու համար է:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ