Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Տառապում է աշխարհի բնակչության շուրջ 20 տոկոսը

Տառապում է աշխարհի  բնակչության շուրջ  20  տոկոսը
07.05.2013 | 12:05

Ճարպակալումը հիվանդություն է, որը, նյութափոխանակության խանգարմանը զուգահեռ, օրգանիզմում դրսևորվում է ճարպային կուտակումներով` այն խոցելի դարձնելով մի շարք հիվանդությունների հանդեպ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն, ճարպակալումն այսօր ընդգրկում է տնտեսապես զարգացած երկրներում ապրող կանանց 50, տղամարդկանց 30 և երեխաների 10 տոկոսը: Ընդ որում, նշված երկրների մեջ առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը, որտեղ յուրաքանչյուր երրորդ մեծահասակն ու յուրաքանչյուր հինգերորդ երեխան ունեն ճարպակալման խնդիր:
Նշված գործոնը ժամանակակից բժշկագիտության մեջ համարվում է ամենաբարդ և առողջության համար հրատապ լուծում պահանջող հարցերից մեկը, քանի որ օրգանիզմում նորմայից ավելի կուտակված ճարպաբջիջների քանակը դեղորայքային ճանապարհով մինչ օրս պակասեցնել չի հաջողվել:
Նշենք, որ վերջին` 2009 թվականի վիճակագրական տվյալներով, ՀՀ-ի բնակչության 57 տոկոսն ունի ավելորդ քաշ: Ընդ որում, Երևանում նմանների թիվն ավելի մեծ է, քան մարզերում: Դրանք հիմնականում միջին տարիքի կանայք են:
-Ի՞նչն է օրգանիզմում ճարպակալման առաջացման հիմնական պատճառը կամ նախապայմանը,- այս հարցով սկսեցինք մեր զրույցը Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-Ճարպակալման պատճառները վերջնականապես պարզված չեն, սակայն հայտնի է, որ դրա զարգացման հիմքը էներգետիկ հավասարակշռության խանգարումն է` օրգանիզմ մուտք գործող և ծախսվող էներգիայի անհամապատասխանությունը:
Այսինքն, եթե ընդունում ենք անհրաժեշտից ավելի սնունդ, ապա այն աստիճանաբար վերածվում է ճարպային բջիջների և որպես պահեստային էներգիա կուտակվում օրգանիզմի հյուսվածքներում:
Շատ ուտելուն նպաստում է բարձր կալորիականություն ունեցող ալկոհոլային խմիչքների, գրգռիչ նախուտեստների, սուր համեմունքների, ինչպես նաև սննդում եղած կենդանական ծագման ճարպերի ու հեշտ յուրացվող ածխաջրերի կանոնավոր օգտագործումը:
Առանձին դեպքերում ճարպակալմանը նպաստում են նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, նյարդային համակարգի, ինչպես նաև գլխուղեղի ախորժակի և հագեցման կենտրոնների նորմալ գործունեության խանգարումները:
Օրգանիզմում ճարպակալման զարգացման համար էական նշանակություն ունեն ժառանգական առանձնահատկությունները: Այսինքն, եթե ծնողներից մեկն ունի ճարպակալման հակում, ապա այդ երևույթը կարող է դիտվել երեխաների` 50, իսկ եթե երկուսը, ապա` 70 տոկոսի մոտ:
Ճարպակալման զարգացմանը նպաստում են նաև տնային տնտեսության մեջ գործածվող սարքերը, որոնք դյուրինացնելով առօրյա կենցաղային գործերը, կրճատում-սահմանափակում են մեր հետագա շարժումներն ու նպաստում օրգանիզմում հավելյալ էներգիայի կուտակմանը:
Էական պատճառներից մեկն էլ տրանսպորտով ու ավտոմեքենայով երթևեկելն է, որը, ազդելով օրգանիզմի հարմարվողականության խանգարմանն ու քիչ քայլել-շարժվելուն, զուգահեռաբար պակասեցնում է մարմնի ֆիզիկական ակտիվությունը:
- Քանի՞ աստիճանով է զարգանում ճարպակալումը, խնդրում եմ նշեք դրա զարգացման փուլերը:
-Մարմնի քաշից կախված` ճարպակալումը դասակարգվում է չորս աստիճանի: Առաջինը, երբ մարդու մարմնի քաշը նորմայից ավելի է 11-30 տոկոսով, երկրորդը` 31-50, երրորդը` 51-100 տոկոսով, և չորրորդը, որն արդեն 100 տոկոսից բարձր է: Առաջին և երկրորդ աստիճանի ճարպակալումը անհատի համար համարվում է գիրություն, կամ արտաքին տեսքի թերություն` չանդրադառնալով նրա աշխատունակության ու կենսական ակտիվության վրա:
Օրինակ, 20 տարեկան 148 սմ հասակ ունեցող պատանու քաշը պետք է լինի մինչև 50,8 կգ: Եթե այն 70 կգ է, որը նորմայից ավելի է 20 կգ-ով կամ 40 տոկոսով, ապա նա ունի 2-րդ աստիճանի ճարպակալում:
-Ճարպակալման պատճառով ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ օրգանիզմում:
-Ճարպակալում ունեցող հիվանդների մեծ մասը (մոտ 75-80 տոկոսը) ժամանակի ընթացքում ձեռք է բերում շաքարային դիաբետ: Նման օրգանիզմում զարգացող շաքարախտը, նորմալ քաշ ունեցող հիվանդի համեմատությամբ, ավելի ծանր է ընթանում: Այդ հիվանդությունից հետո, անգամ ուժերի ծաղկման շրջանում (40-50 տարեկան), մարդը կորցնում է աշխատունակությունը:
Երրորդ և չորրորդ աստիճանների ճարպակալման շրջաններում ճարպը ներթափանցում և սկսում է ներաճել նաև սրտի մկանային շերտերում ու հյուսվածքներում` մեծացնելով վերջինիս չափերն ու դժվարացնելով սրտանոթային համակարգի աշխատանքը: Տեղի ունեցող արյան խտացման պատճառով մազանոթներում ավիշի շարժումը դանդաղում է, և հիվանդների մոտ հաճախակի են դառնում հևոցները, ծակոցներն ու ցավերը սրտի շրջանում:
Ճարպակալումը պատճառ է դառնում նաև լեղուղիների, աղեստամոքսային տրակտի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սրտի իշեմիկ մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ինֆարկտի, ինսուլտի և հոդատապի առաջացման: Այն ազդում է անգամ ամենանուրբ օրգանի` աչքի վրա` նվազեցնելով տեսողությունը:
Ճարպակալման ժամանակ ախտահարվում է նաև ոսկրային համակարգը: Այն առաջին հերթին ընդգրկում է հոդերը, ապա հենաշարժական ապարատը: Նշված փոխոխությունն ուղեկցվում է ցավերով` սահմանափակելով մարմնի շարժունակությունը: Նշված փուլում սկսում են ի հայտ գալ նաև օդի պակասի զգացողություն, քնկոտություն, աշխատունակության անկում: Զուգահեռաբար դժվարանում է բոլոր համակարգերի աշխատանքը, խիստ արտահայտվում ու անխուսափելի են դառնում շնչառական հարաճուն խանգարումները:
Նշեմ, որ երրորդ և չորրորդ աստիճանների ճարպակալման դեպքում վաղաժամ մահվան վտանգն աճում է եռակի` կյանքի միջին տևողությունը նվազեցնելով մինչև 10-15 տարով, երբեմն նույնիսկ ավելի:
-Ինչպե՞ս կանխարգելել կամ պայքարել ճարպակալման դեմ:
-Օրգանիզմի 1-ին և 2-րդ փուլում սկսվող ճարպակալումը, կամ գիրությունը, կանխելու համար հարկավոր է չափավորել սնունդը` դրանից տարանջատելով կենդանական ծագման յուղերը, արագ ներծծվող ածխաջրատները: Սնունդը պետք է համապատասխանի էներգիական ծախսերին, մարդու մասնագիտությանն ու ապրելակերպին, ինչպես նաև, թե որքան էներգիա է նա ծախսում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչպիսի կենսակերպ է վարում:
Ճարպակալման առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես և ձգտելով քաշի կայուն պահպանման, պետք է սնվել ծավալով, հագեցնող, բայց ցածր կալիորականությամբ ճաշատեսակներով` զուգահեռաբար օգտագործելով հում բանջարեղեն և մրգեր:
Ճարպակալման առաջացման վրա մեծ ազդեցություն ունի մարդու տարիքը: Եթե արդեն առկա է տարիքին համապատասխան քաշի նույնիսկ չնչին ավելացում, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ավելորդ քաշից աստիճանաբար ու անվնաս ձերբազատվելու նպատակով խորհուրդ է տրվում նաև հնարավորինս քիչ օգտագործել հրուշակեղեն, կարագ, խոզապուխտ, ճարպոտ մսեղեն, քաղցրավենիք, կարտոֆիլ: Ցանկալի է օգտագործել բուսական յուղեր, անյուղ միս, ճարպազերծված ձկնատեսակներ, կաթնաշոռ, ինչպես նաև մշակովի և վայրի թարմ բանջարեղեն ու մրգեր: Օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, լողը, ոտքով կամ հեծանվով զբոսանքները: Խորհուրդ է տրվում նաև մեջքի, նստատեղի, ազդրերի, որովայնի և սրունքի ինքնամերսում, որից հետո` ջրային շփում: Հանգիստը պետք է լինի ակտիվ:
Հարկ է նշել, որ օրը 1-2 անգամ սնվելն ավելի քիչ է նիհարեցնում, քան եթե դիետայի անցնող անհատը սնվի օրը 4-5 անգամ, բայց քիչ-քիչ` տարանջատված սննդի մեծ մասն ընդունելով օրվա առաջին կեսին: Այդ եղանակով ավելորդ քաշից ձերբազատվելու հավանականությունը կրկնակի մեծանում է: (Գիտականորեն ապացուցվել է, որ հյուսվածքներում ավելորդ ճարպը կուտակվում է հիմնականում օրվա 2-րդ կեսին):
Արդեն 3-րդ և 4-րդ փուլերում գտնվողների բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի ամենօրյա պահպանումն է, որի ժամանակ բժիշկը նախապես հաշվի է առնում հիվանդության ձևն ու փուլը, հիվանդի մասնագիտական առանձնահատկությունները, մարմնի կառուցվածքը և այլն: Այս պարագայում հաշվի առնելով հիվանդի վիճակը, բուժական ֆիզկուլտուրայի վարժությունների տեսակներն ու եղանակները որոշում և նշանակում է բժիշկը:
Բեռնաթափման օրերը (խնձորով, մածունով, անյուղ կաթնաշոռով և այլն) նույնպես պետք է կիրառել միայն բժշկի նշանակմամբ` պահպանելով սննդի կալորիականությունը: Դեղորայքային և առողջարանային բուժումը նույնպես կատարվում է բժշկի տված խիստ ցուցումներով:
-Ի՞նչ կասեք քաղցով նիհարելու կամ ինքնաբուժման վերաբերյալ:
-Քաղցով և ինքնաբուժումով նիհարելը, կամ դրանք որպես բուժման ձև կիրառելը անթույլատրելի են և համարվում են առողջության համար վտանգավոր: Այն օրգանիզմում սպիտակուցների քայքայում-հյուծումից բացի, խորացնում է հատկապես նյարդային համակարգում ճարպակալման պատճառով առաջացած խանգարումները:
Բնակչության շրջանում լայն տարածում գտած և նիհարելուն նպատակաուղղված բազմաթիվ սննդակարգերը նույնպես գիտականորեն հիմնավորված չեն, և եթե նույնիսկ հիվանդները դրանց օգնությամբ ազատվում են ավելորդ քաշից, ապա նյութափոխանակության վնասակար խանգարումներն անխուսափելի են:
Նշեմ, որ ճարպակալումը կարող է լինել ծանր հիվանդությունների սկզբնական և միակ ախտանշանը, ուստի հատկապես երեխաների մոտ նկատելով գլխացավ, տեսողության վատացում, ինչպես նաև սեռական զարգացման և հոգեկան խանգարման երևույթներ, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
Ճարպակալումը համարվում է նաև հոգեսոմատիկ հիվանդություն, այսինքն` այն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա` առաջացնելով տագնապ, անհանգստություն, բարդույթներ` առօրյա և սեռական կյանքում: Այս իմաստով, հիվանդության առաջացման պատճառները վերացնելու հետ մեկտեղ, անհրաժեշտ է աշխատել նաև անձի հոգեբանական կողմի վրա:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ