38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը
07.05.2013 | 00:32

Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը: Փաստացիորեն, ՀՀԿ-ում չվախեցան սերնդափոխությունից` պատասխանատվությունը վստահելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին` Տարոն Մարգարյանին, Էդուարդ Շարմազանովին և Արմեն Աշոտյանին: Սա խոսում է այն մասին, որ իշխող կուսակցությունում ևս անշրջելի գործընթացներ են տեղի ունենում, ինչը հստակորեն արտահայտվեց ավագանու ընտրություններում:
Չի բացառվում, որ հետագա ընտրություններում ևս ՀՀԿ շտաբը կգլխավորի Էդուարդ Շարմազանովը` հետին պլանում թողնելով հանրապետականների ավագ սերնդին: Սա նաև հույսեր է արթնացնում առ այն, որ «Հանրապետականի» երիտասարդությունը կգնա խորքային բարեփոխումների ճանապարհով` վերջնականապես լուծելով խոշոր կապիտալի և քաղաքականության տարանջատման խնդիրը: ՈՒշագրավ է, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՀՀԿ-ում գտել էին հաղթանակի բանաձևը. Տարոն Մարգարյանը երիտասարդ և հարգված համայնքային գործիչ է, և ՀՀԿ ցուցակի նրա գլխավորումը թույլ տվեց, որ իշխանությունը կարողանա լուծել ընտրությունները համայնքային տրամաբանության մեջ պահելու խնդիրը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացավ իշխող հանրապետականին զրկել «քաղաքական մենաշնորհից»: Ո՛չ Վարդան Օսկանյանի քաղաքական ճառերը, ո՛չ էլ Նաիրա Զոհրաբյանի «լենինյան ելույթները» հաջողություն չբերեցին` ապացուցելով, որ ԲՀԿ հիմնական ընտրազանգվածը գյուղական միջավայրում է, որտեղ տրակտորներն ու քաղաքական բարեգործությունը դեռևս լուրջ արդյունք են տալիս:
Ըստ էության, ԲՀԿ-ն մնաց ձեռնունայն և ստիպված է հարմարվել կուսակցության համար անբարենպաստ քաղաքական իրադրությանը: Կոալիցիայում ԲՀԿ-ին չեն սպասում, մոտակա տարիներին լուրջ քաղաքական իրադարձություններ չեն սպասվում, իսկ կուսակցությունը պահել է պետք թե՛ ֆինանսապես, թե՛ գաղափարապես: Երկարատև ընդդիմադիր գործունեություն ծավալելու պոտենցիալ ԲՀԿ-ն չունի` դատապարտված լինելով թուլացման: Հավանաբար, ԲՀԿ-ում հաշվի կառնեն այն հանգամանքը, որ չի կարելի ընտրարշավ կազմակերպել հակաքարոզչության, թվային զեղծարարությունների և կոպիտ քննադատության ճանապարհով: Նույնը վերաբերում է ՀԱԿԿ-ին, որը չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ շեմը: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա խումբն այդպես էլ չհասկացան, որ իրենց աստեղային ժամը 2008-ի ընտրությունների ժամանակ էր, այժմ այլ իրավիճակ է, և հնարավոր չէ հայհոյանքով և անմեղսունակ խաբեությամբ ձայներ հավաքել: Փաստորեն, ՀՀՇ-ից ՀԱԿԿ-ի տերպետրոսյանական աճպարարությունը ևս ձախողվեց, «ռեբրենդինգը» ոչ մի օգուտ չտվեց: ՀԱԿԿ-ը այլևս ասելիք չունի և քաղաքական դաշտում իր տեղը զիջելու է ավելի արդյունավետ ընդդիմությանը:
Պետք է նշել, որ «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը ևս ձախողվեց` չկարողանալով իրացնել իր ողջ պոտենցիալը: Սրա պատճառը մեկն է. «Ժառանգությունը» նախագահական ընտրությունից հետո չափից շատ խոստումներ էր տվել, ընդդիմադիր զանգվածի մեջ ակնկալիքներ ձևավորել և, չկարողանալով արդարացնել ընտրողների սպասումները` առաջ բերեց հիասթափություն և կորցրեց իր ձայների զգալի մասը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այս կուսակցությունը վերջին տարիների հայաստանյան քաղաքական դաշտի անհաջողությամբ աչքի ընկնող թիվ մեկ ուժն է: Դաշնակցականների քաղաքական վարքագիծը գնալով անհասկանալի է դառնում, ինչի պատճառով էլ կուսակցությունն անընդհատ ձախողվում է: Ինչևէ, հանրապետականների հաղթանակը ուղիղ համեմատական է ընդդիմության ձախողմանը, ուստի և ընդդիմադիր ուժերը մի քանի տարի մտորելու և նոր մարտավարություն ընտրելու հնարավորություն ունեն:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ