ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին»

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին»
24.05.2013 | 11:35

Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի: Հայաստանում ծխում է տղամարդկանց 59,6 և կանանց 2,1 տոկոսը: Ծխախոտը սպանում է ամեն տասներորդին աշխարհում: Հարկ է նշել, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողներին: 2004-2010 թվականներին հավաքված տվյալների համաձայն` պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան 600 հազար մարդ է մահանում, որոնց մեկ երրորդը` երեխա:
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հստակեցնում է` թեև հատուկ արգելքներ չկան, բայց փակ տարածքում ծխելն անթույլատրելի է: «Ծխախոտի ծուխը ավելի շատ վնաս է հասցնում չծխողին, որովհետև դա միայն ծուխ չէ, այլ ծխող մարդու թոքերի «արտաթորանքը»,- ասում է նա:- Մեզ մոտ հարցնում են` կարելի՞ է ծխել, և որպես կանոն մերժում չեն ստանում, որովհետև խստապահանջ չեն սեփական անձի նկատմամբ: Ինչպես մյուս պարագաներում` կեղծ քաղաքավարության զոհեր են»:
Երթուղայինի վարորդը ծխում է` հաշվի չառնելով հստակ սահմանված արգելքը և, ի պատասխան ուղևորների դժգոհության, պատճառաբանում` դրսի օդն ավելի կեղտոտ է, քան ծխախոտի ծուխը:
«Այսպես է առաջնորդվում մեր քաղաքացին, եթե փողոցը կեղտոտ է, իմ գցածը ի՞նչ պիտի անի: Մեկ հատ ավելի, մեկ հատ պակաս: Հիմա դու քո ծխախոտը թող, էկոլոգիական խնդիրն այլ կերպ կլուծենք»,-ասում է ակադեմիկիոսը:
Հաճախ կարելի է լսել նման դատողություններ` պապս 5 տարեկանից ծխել է և ապրել է 105 տարի:
«ՈՒրեմն պետք է ապրեր 206 տարի,- հակադարձում է ակադեմիկոսը:- Հնարավոր չէ, որ ծխող մարդը առողջ լինի, նիկոտինը թունավորում է օրգանիզմը օր օրի, ժամ ժամի: Կարող են նաև պարծենալ, որ 3, 4, 5 տուփ մեկ օրում ծխում են, չգիտակցելով, որ դրա համար պետք է ամաչել, ոչ թե գուխ գովել»:
Ի՞նչ է կատարվում ծխող մարդու օրգանիզմում:
«Վնասվում է սիրտ-անոթային համակարգը, թոքերը այրվում են, նիկոտինը մտնում է արյան մեջ ու վնասակար ազդեցություն է թողնում անոթների վրա,- պարզաբանում է մասնագետը:- Խաթարվում են նյութափոխանակությունը, նյարդային համակարգը: Տղամարդկանց մոտ ծխելը առաջացնում է իմպոտենցիա, քանի որ քայքայվում է լյարդը, որը պատասխանատու է նաև սեռական օրգանների համար:
Հղիության ընթացքում ծխող կինը երբեք չի կարող առողջ երեխա ունենալ, ծխի հետ օրգանիզմ թափանցող նյութերը կարող են ընդհուպ վիժում առաջացնել: Ծխող մարդն ասում է` առողջ երեխա ունեմ, նայում ես, արտաքինից լավն է երեխան, բայց պարզվում է` մտավոր խնդիրներ ունի: Ինչպե՞ս կարող է նիկոտինը չանդրադառնալ գենետիկ կոդի վրա»:
Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին` այսպիսի բնորոշում է տալիս Գ. Կարապետյանը և պատմում է գիտնականների կատարած ուշագրավ մի փորձի մասին:
Հատուկ սարքի միջով անցկացրել են 400 սիգարետից առաջացրած ծուխը: Սարքի միջի ջուրը դարձել է սև գույնի: Եռացնելուց հետո ջուրը գոլորշացել է, մնացել է 7,5 գրամ սև գույնի, 400 տարրերից բաղկացած խտանյութ, որը թույն է և մահացու կյանքի համար:
Ծխելը վատ սովորություն է, որն աստիճանաբար վերածվում է օրգանիզմի պահանջի` կախվածության: Հոգեբանների կարծիքով` արգելքը միջոցը չէ ծխելու դեմ պայքարի, լավագույն ու երևի թե միակ միջոցը սեփական որոշումն է` կամքի ուժը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը ծխողների քանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելուն: Ծխելուց մահացության դեպքերը մեր երկրում նույնպես անթույլատրելի շատ են:
«Հիվանդության ծանր փուլում մարդիկ հաճախ թողնում են ծխելը, բայց դա արդեն նման է տիեզերքում անօդ տարածության մեջ բաց թողած արբանյակի, որ անորոշության մեջ է ու մատնված բախտի քմահաճույքին»,- ասում է Գագիկ Կարապետյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ