Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Հեմոֆիլիայի բուժման համար դեղորայքը չի բավականացնում

Հեմոֆիլիայի բուժման համար դեղորայքը չի բավականացնում
17.04.2013 | 16:27

Այսօր Հեմոֆիլիայի դեմ պայքարի միջազգային օրն է, ինչի առիթով ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ ԴԱՂԲԱՇՅԱՆՆ ու «Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության» նախագահ Տանյա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մամուլի ասուլիս էին հրավիրել:
Պարզվում է`Հայաստանում հեմոֆիլիայով 238 հիվանդ կա, որից 45-ը մինչև 18 տարեկաններն են: Հիվանդների 70 տոկոսը հաշմանդամ է, իսկ շուրջ 30-ը վիրահատության կարիք ունի։ Հեմոֆիլիայով մահացությունը կազմում է տարեկան մեկ հոգի, կյանքի միջին տևողությունը 40 տարի է: Վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում, մեկ հիվանդի վիրահատությունն արժե 50 հազար դոլար։ «Մեր կենտրոններում վերջին չորս տարիների ընթացքում կատարվել է շուրջ 20 վիրահատություն: Եթե լինեն դեղամիջոցներ, մենք կարող ենք ավելի շատ վիրահատություն իրականացնել»,-նշեց Տանյա Խաչատրյանը, արձանագրելով, որ իրենց կենտրոնը դեղորայքի խիստ կարիք ունի։
Սմբատ Դաղբաշյանի փոխանցմամբ, դրանք բավականին թանկ դեղեր են, որոնք ստացվում են արյան դոնորությունից, իսկ մեր երկրում դոնորությունը շատ ցածր մակարդակի վրա է. «Դոնորական արյունը հիմնականում ներկրվում է, այդ դեֆիցիտը ոչ միայն նախարարության խնդիրն է, այլև հասարակության խնդիրը, քանի որ մարդիկ պետք է գան և արյուն տան»,-շեշտեց արյունաբանը:
Հեմոֆիլիա հիվանդությունն ի ծնե է, այն դրսևորվում է հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային, հետվնասվածքային և հետվիրահատական արյունահոսություններով: Բուժման միակ միջոցը արյան մակարդելիության 8-րդ կամ 9-րդ գործոնների ներարկումն է: Հիվանդության նախանշաններն են կապտուկների առկայություն, ինքնակամ կամ հետվնասվածքային արյունազեղումներ, լնդային և քթային արյունահոսություններ, արյունամիզություն, հոդացավեր, մկանային ցավեր :
«Որպես զարգացող երկիր, մենք համեմատական ենք անցկացնում այլ երկրների հետ, և դեղորայքի ապահովման ցուցանիշները մեզ մոտ ցածր են։ Հուսով ենք, որ կառավարությունը պատշաճ ուշադրություն կդարձնի այս հարցին, որովհետև շատ ավելի արդյունավետ է պրոֆիլակտիկ բուժումը դեղորայքի միջոցով կատարելը»,-ասաց Տանյա Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խոստացել է կենտրոնն ապահովել անհրաժեշտ քանակի դեղորայքով: «Տեսնենք, ցավոք սրտի, նախարարները մեզ մոտ հաճախ են փոխվում, և մենք ամեն անգամ սկսում ենք զրոյից, հասնում ենք ինչ-որ կետի, և նախարարը փոխվում է»,-նեղսրտեց նա:
Հայաստանում տարեկան ախտորոշվում է 6-9 հիվանդ: Բուժումն անվճար է, յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը փոխանցում է 99 հազար դրամ:
Ի դեպ, թեև կանայք այս հիվանդությամբ չեն հիվանդանում, սակայն համարվում են գենի կրողներ ու կարող են հիվանդությունը փոխանցել իրենց տղա երեխաներին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ