38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սիրիահայերը փորձում են գործ դնել Հայաստանում

Սիրիահայերը փորձում են գործ դնել Հայաստանում
23.10.2012 | 11:33

Սիրիահայերի համար հայաստանյան կյանքը տարբեր կերպ է դասավորվում։ Ոմանք Հայաստանը դիտում են որպես ժամանակավոր հանգրվան, ոմանք խիստ դժգոհ են հայկական իրականությունից, ոմանք էլ փորձում են հարմարվել, սեփական գործը հիմնել հայրենիքում։ «Իրատես de facto»-ն զրուցել է սիրիահայ երկու գործարարների հետ, որոնք հույս ունեն, որ իրենց նախաձեռնություններն այստեղ դրական արդյունք կունենան։
ԷԴՎԱՐԴ ԹԱԹԱՐՅԱՆԸ Հալեպից է, կրթությունն ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Հալեպում գործունեություն էր ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստան է եկել շուրջ երկու ամիս առաջ և այստեղ հիմնել է «IT Service» ընկերությունը։ Այն ծառայություններ է մատուցում ՏՏ ոլորտում (քարթրիջների լիցքավորում, CCTV տեսասարքերի վերանորոգում և տեղադրում, ծրագրավորում, ցանցի մոնտաժ, համակարգիչների վերանորոգում և այլն)։ Գործարարը Հայաստան է բերել նաև իր երկու աշխատողներին։ Կազմակերպությունը փոքր է` ընդամենը չորս աշխատակից, սակայն գործարարը հույս ունի, որ, գործունեության ծավալները մեծանալուն զուգահեռ, կավելանա նաև նրանց թիվը։ Էդվարդ Թաթարյանը նշում է, որ հայաստանյան շուկայում իրենց համար աշխատանքի մեծ դաշտ կա։ Ոլորտի այլ կազմակերպությունների հետ «IT Service»-ը մրցակցելու է իր աշխատանքի բարձր որակով և համեմատաբար մատչելի գներով։ Ի տարբերություն Սիրիայի, ըստ մեր հայրենակցի, Հայաստանում ՏՏ ոլորտում սպասարկման գներն անհամեմատ բարձր են, մինչդեռ իրենք կարող են ավելի մատչելի ծառայություններ մատուցել։ Էդվարդ Թաթարյանը նշում է, որ այսօր իրենց միակ խնդիրը կապեր հաստատելն է ու իրենց ընկերությունը ճանաչելի դարձնելը։ Հույս ունի, որ առաջիկա ամիսներին իր ընկերությունը կկայանա և վերջնականապես կհաստատվի Հայաստանում։ Նա ուրախությամբ նշեց նաև, որ արդեն իսկ իր ընկերությունն ունի բավականին պատվերներ։ Էդվարդ Թաթարյանը հայաստանյան գործարարներին առաջարկում է կամք դրսևորել և աշխատանքի վերցնել հայրենիք եկած սիրիահայ երիտասարդներին։ Ըստ էության, աշխատավարձերը Սիրիայի հետ առանձնապես չեն տարբերվում։ Եվ եթե յուրաքանչյուր հիմնարկությունում 4-5 երիտասարդ սիրիահայի ընդունեն աշխատանքի, մեծ օգնություն կցուցաբերեն։ Ե՛վ այդ երիտասարդներին կապահովեն գործով, և՛ կկապեն նրանց հայրենիքի հետ, և՛ ինչ-որ կերպ կնպաստեն սիրիահայերի խնդրի լուծմանը։
ՇԱՆԹ ԽՆԿԻԿՅԱՆԸ Հալեպից Երևան է եկել երկու ամիս առաջ։ Խնկիկյանների ձեռնարկությունը Սիրիայում հիմնվել է 1969 թվականին։ Հալեպում արտադրում էին արդյունաբերության մեջ գործածվող տարբեր սարքեր, էլեկտրագեներատորներ, ավտոմատ կառավարման համակարգեր, սակայն ավելի քան 3 ամիս է՝ Սիրիայում գործունեություն չեն ծավալում։ Շանթ Խնկիկյանը նշում է, որ Հայաստանում ևս արտադրություն ստեղծելու նպատակ վաղուց կար, և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն արագացրին իրենց ծրագիրը կյանքի կոչելու քայլերը։ Այսօր արդեն Հայաստանում հիմնված «Խնկիկյան Էլեկտրոնիքս» ընկերությունն անում է առաջին քայլերը։ Ծանոթանում են հայկական շուկային, գործունեության հնարավորություններին, որպեսզի ավելի հեշտ լինի հետագա աշխատանքը Հայաստանում։ «Հայաստանը մեր հայրենիքն է, այստեղ ապահով է, այստեղից փախչելու տեղ չունենք։ Մեր ցանկությունն է` արտադրության 70 տոկոսը թողարկել այստեղ»,- ասում է Շանթ Խնկիկյանը։
Խնկիկյանների արտադրանքը 1969 թվականից ի վեր սպառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Եմեն, Լիբիա (այս երկրներում Խնկիկյաններն ունեն ներկայացուցիչներ), Բանգլադեշ, Անգլիա, Հոլանդիա, աֆրիկյան երկրներ, և մեծ պահանջարկ ունի։ Հույս ունեն սպառման շուկաներն ընդլայնելու Հայաստանում և ԱՊՀ-ում։
Խնկիկյանը նշում է, որ նորաստեղծ ընկերության համար շատ դժվար է աշխատանքի հենց առաջին ամիսներից վճարել հարկեր։ «Շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, որ կուզեն այստեղ գործ սկսել, սակայն վախենում են։ Նորաստեղծ գործից 1-2 տարի շահույթ ակնկալելը դժվար է։ Հարկերը, այդ բոլոր ծախսերը հաջողության թափը պակասեցնում են»,- ասում է Շանթ Խնկիկյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ