ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ցանկացած լավ գաղափար, որը շահեկան է մարդու և պետության համար, իրագործելի է»

«Ցանկացած լավ գաղափար, որը շահեկան է մարդու և պետության համար, իրագործելի է»
20.07.2012 | 03:38

Հուլիսի 19-ին առողջապահության ոլորտում տոն էր։ Էրեբունի բժշկական կենտրոնի ԼՈՐ կլինիկայի 20-ամյակը կառավարության ընդունելությունների տանը համախմբել էր ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի առաջատար բժիշկներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Ինչը նշանակում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՈՐ կլինիկան միջազգային ճանաչում ունի։
Իր շնորհավորական խոսքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ կլինիկան մեծ ներդրում ունի ոչ միայն մասնագետներ պատրաստելու (որպես Մ. Հերացու անվան բժշկական համապատասխան ամբիոն) գործում, այլև ԼՈՐ գիտության զարգացման ուղղությամբ։ Ի դեպ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՈՐ կլինիկայի մասնագիտական բարձր պատրաստվածության և միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին է փաստում մեկ այլ իրողություն. նրա ծառայությունից օգտվում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի քաղաքացիները և, ընդգծենք, ոչ միայն հայազգի։
Ի՞նչն է, որ գրավում է նրանց այստեղ և, վերջապես, ո՞րն է այս 20 տարիների ամենագլխավոր ձեռքբերումը։
«Կարծում եմ` արտերկրացիներին գրավում են բուժսպասարկման որակը և մատչելիությունը։ Ինչ վերաբերում է ձեռքբերմանը, ապա դա միջազգային ճանաչումն է, որն իրականություն դարձավ առաջինը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի ջանքերով։ Նա նախ հավատաց և պաշտպանեց կլինիկա ստեղծելու գաղափարը։ Եվ երկրորդ` մեր կլինիկայի բոլոր աշխատակիցների աշխատանքի արդյունքն է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՈՐ կլինիկայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը։
Փորձագետների գնահատմամբ` կլինիկան կարելի է համարել գիտահետազոտական, քանի որ այստեղ մշակվում և ներդրվում են բուժման նոր մեթոդներ` լսողության լավացման, ներքթային ժամանակակից վիրահատությունների, կոկորդի ներդիտակային վիրահատությունների, ինչպես նաև կատարելագործվում են ընդհանուր անզգայացման մեթոդները բոլոր ԼՈՐ հիվանդությունների ժամանակ, հատկապես մանկահասակների դեպքում։ Ինչ խոսք, միջազգային կառույցների, փորձագետների գնահատականը շատ կարևոր է, սակայն, երբ խոսում ենք առողջապահությունից, շատ ավելի կարևոր է հիվանդի և հիվանդատիրոջ աուդիոլոգիական սկրինինգը։ Երկու ծրագրերն էլ շարունակական են։ Անցած տարի ներքին երկու ուղղություններով էլ լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել։ «Որպես բժիշկ մեզ համար ամենակարևորը հիվանդի առողջությունն է, ինչը նշված ծրագրերով հաջողվել է ապահովել։ Շատ հիվանդներ այսօր ապրում են լիարժեք կյանքով»,- պարզաբանեց Արթուր Շուքուրյանը։ Ի դեպ, չորս տարի առաջ այս կլինիկայի նախաձեռնությամբ ստեղծվեց քիթ-կոկորդ-ականջի առաջին հայկական ասոցիացիան։
Սակայն երևի թե ո՛չ այս ասոցիացիան, ո՛չ էլ առավել ևս կլինիկան չլինեին, եթե 1992 թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանը, առողջապահության նախարար Արա Բաբլոյանը և ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը չմիավորվեին և չխանդավառվեին ԼՈՐ կլինիկա ստեղծելու գաղափարով, որի ֆինանսական աջակիցը եղավ ֆրանսահայ մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի ստեղծած «SOS Արմենի» կազմակերպությունը։ «Յուրաքանչյուր լավ գործ առաջին հերթին համարում եմ կոլեկտիվի ձեռքբերումը։ Աշխատանքում թիմի հասկացությունը շատ կարևոր է, և երբ ունես բարձրակարգ մասնագետներ, ապա ցանկացած լավ գաղափար, որը շահեկան է մարդու և պետության համար, իրագործելի է»,- իր խոսքում նշեց Հարություն Քուշկյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ