ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համաժողով՝ «Հայաստանում ՏՀՏ և ինովացիոն ոլորտների պետական կառավարում»

Համաժողով՝ «Հայաստանում ՏՀՏ և ինովացիոն ոլորտների պետական կառավարում»
24.05.2012 | 09:53

Մայիսի 25-ին տեղի կունենա «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում կներկայացվի վերոնշյալ ոլորտները կարգավորող պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամակարգի մեր երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների կիրառման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի շուրջ 250 ընկերությունների ղեկավարներ: Համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել նաև գործադիր մարմիններին, ԱԺ ընտրված քաղաքական ուժերին:

Նախատեսվում է նաև, որ ոլորտի ընկերությունները կմիանան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հայտարարությանը տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ:

«ՏՀՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, ինչը հիմնականում պայմանավորված է ոլորտի համախմբվածությամբ: Վերջինիս մասին է վկայում նաև այս համաժողովը, որի շուրջ, կարծում եմ, ևս մեկ անգամ կհամախմբվեն ոլորտի ընկերությունները` ներկայացնելով իրենց տեսլականը ոլորտի զարգացման տեմպերն ավելացնելու, երկրում բիզնեսի, կառավարման, պաշտպանության ոլորտների մոդեռնիզացիան ապահովելու նպատակով»,- նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Վերջին տարիներին բավականին լուրջ փոփոխություններ են գրանցվել ոլորտում, և եթե մոտ երկու տարի առաջ հիմնականում խոսում էինք հարկային վարչարարության, ինտերնետի որակի ու սակագնի մասին, ապա այսօր մենք արդեն խոսում ենք ինովացիաների, կրթության բարելավման և տեխնոլոգիական համալսարանական ծրագրերի լայնածավալ ներդրման մասին: Նախարարության առկայությունը հնարավորություն կտա շուտափույթ կարգավորել վերոնշյալ խնդիրները, կնպաստի տնտեսության տարբեր բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն զարգացումը»,- ասում է ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԻՏՁՄ վարչությունը հանդես եկավ տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր Ազգային ժողովին: Այդ նախաձեռնությանն արդեն միացել են տեխնոլոգիական ոլորտի այլ միություններ ևս` Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը, Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, Տելեբժշկության հայկական ասոցիացիան և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, ինչպես նաև՝ միության անդամ և ոչ անդամ կազմակերպություններ:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 7098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ