Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Եզան լեզուն` որպես դեղամիջոց

Եզան լեզուն` որպես դեղամիջոց
17.05.2012 | 04:05

Եզան լեզու (նաև գաղտիկուր, ջղախոտ) կոչվող դեղաբույսը, որի 30 տարատեսակներն աճում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է անհիշելի ժամանակներից: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, տարբեր բնույթի ջերմերի, աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների բուժման, կանխարգելման և մարսողության կարգավորման նպատակով:
Հայ դասական բժշկության հիմնադիր, բնագետ Մխիթար Հերացին, նշված հիվանդությունները եզան լեզվով բուժելուց բացի (նկարագրված են հեղինակի 1180-ական թվականների «Ջերմանց մխիթարություն» մատենագիտությունում), բույսի տրորված սերմերը խառնել է գազ և օձագալար կոչվող բույսերի խեժահյութերին և ստացված քսուքն օգտագործել է այրվածքների, կարմիր քամու, ֆլեգմոնայի, մոլոքորի և քոսի դեմ:
Մեծ բժիշկ-վիրաբույժ Ամիրդովլաթ Ամասիացին իր «ՈՒսումն բժշկության» (1459 թ.) և «Օգուտ բժշկության» (1469 թ.) գիտամատյաններում, հավաստի տվյալներ բերելով դեղաբույսի ազդեցութjան վերաբերյալ, նշել է, որ եզան լեզվի տերևահյութն ու սերմերը օգնում են երիկամների, միզապարկի հիվանդությունների, արյունամիզության, ջերմից առաջացած գլխացավերի, ականջի թարախաբորբի, լյարդի, փայծաղի և սիբիրախտի բուժմանն ու վերացնում են զանազան դեղորայքային թունավորումները: Բույսի թարմ հյութն արդյունավետ է նաև աչքի եղջերաթաղանթի վրա եղած վերքերի բուժման համար:

ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Թուրմ պատրաստելու համար` վերցնել 10 գրամ չոր հումք, 1 ժամ թողնել 200 մլ եռման ջրում: Այն ընդունել օրը 3-4 անգամ` 1 ճաշի գդալ: Կարելի է նաև 1 թեյի գդալ չոր տերևն ու կտրտված ծաղկակիր ցողունը խառնել 1 թեյի բաժակ եռման ջրին, թրմել 15 րոպե: Խմել օրը 3 անգամ`1 ճաշի գդալ:
Թարմ հյութ ստանալու համար բույսի մաքուր լվացված տերևներն անցկացնել մսաղացով` մառլյայով քամելուց հետո 1:10 հարաբերությամբ խառնել գոլ ջրի հետ, ըստ ցանկության` ավելացնել մեղր: Պատրաստի թուրմը օրը 3 անգամ ըմպել` 1 ճաշի գդալ:
Սերմերից սպեղանի պատրաստելու համար դեղաբույսի տրորված սերմերը 1:2 հարաբերությամբ խառնել աղի, խոզի ճարպի և հացի միջուկի հետ և դնել թարախապալարին:
Տերևներից 10-տոկոսանոց քսուք պատրաստելու համար լավ մանրացրած չոր հումքը հավասար քանակով խառնել դեղձի յուղի, վազելինի հետ և անհրաժեշտության դեպքում օգտագործել:


Նյութը պատրաստեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 39533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ