ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«2008-ը գրեց իր սև էջը, որը կարելի է դնել 1915-ի գենոցիդի կողքին»

«2008-ը գրեց իր սև էջը, որը կարելի է դնել 1915-ի գենոցիդի կողքին»
19.12.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«2008-ը հայ ժողովրդի, Հայաստանի երրորդ հանրապետության նորագույն պատմության մեջ գրեց իր սև էջը, որը կարելի է դնել 1915-ի գենոցիդի կամ ուրիշ արհավիրքների կողքին` իր ծանր հետևանքներով»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` «Անցնող քաղաքական տարվա խարանը» թեմայի շուրջ իր դիտարկումները ներկայացնելուց առաջ։
«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա փետրվարի 19-ին, որին հաջորդեցին մարտի 1-ի և 2-ի դեպքերը, չի տեղավորվում քաղաքական ու բարոյական և ոչ մի շրջանակում, և սա է պատճառը, որ ես ասում եմ` հայկական նորագույն պատմության մեջ սա կմնա որպես արյունոտ, սև էջ։ Ես, որպես հայ մարդ, նախկին զինվորական, չեկիստ, ներքին գործերի աշխատակից և պարզապես շարքային երևանցի, մարդկայնորեն շատ ծանր եմ տանում, երբ մեր այս բարդ հարցերը փորձում են լուծել եվրոպական կամ միջազգային այլ ուժեր»։
Ըստ բանախոսի` մենք այնքան չարացանք, այնքան կարճատես գտնվեցինք, որ մեր ներքին ու բարդագույն խնդիրները հանձնեցինք ինչ-որ եվրոպացիների դատին։
Պատասխանելով «Արմինֆո» գործակալության լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Արամ Գասպարի Սարգսյանի երեկվա ելույթի այն հատվածին, որ գուցե ընդդիմությունը հասներ հաջողության, եթե շարժումը չգլխավորեր Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց, թե «2003-ի խայտառակ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում ի հայտ չեկավ գիտակից, կարող և համարձակ քաղաքական գործիչ։ Ճիշտ է, սահմանադրական հանրաքվեի ժամանակ 26-27 կուսակցություններ բերին-միացրին, բայց մի մասը գալիս էր, որպեսզի հետո գնար իշխանությունների հետ վաշխառությամբ զբաղվելու, մյուսներն էլ պարզապես թույլ էին ու անկարող»։
«Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, ով համարձակվեց այդ ծանր բեռը վերցնել իր ուսերին,-
համոզմունք հայտնեց Գառնիկ Մարգարյանը։- Դա բոլորին չէ, որ բնորոշ է, դա հազվադեպ է պատահում։ Վերջապես ժողովուրդը ոտքի կանգնեց, արթնացավ հույսի, լույսի նշույլը, որը մարել էր»։ Իսկ թե ովքեր էին ազգի «հույսի ու լույսի նշույլը մարել», բանախոսը «սոլիդ» չհամարեց անուններ տալ։ «Որոշ չակերտավոր քաղաքական գործիչներ վաշխառու էին, որոնց մի ձեռքը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գրպանում էր, մյուս ձեռքով ուզում էին ժողովրդին մատուցել արդարության ստատուս։ Այդպես չի լինում։ Շատ կարևոր է, որ այսօր երկրում ձևավորվեց քաղաքական շարժում, որն առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մենք ողջունել ենք ու շարունակելու ենք ողջունել շարժումը` ավարտին հասցնելով սկսած գործը»։
Հանրային ռադիոյի լրագրողին հետաքրքրում էր, թե «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը մտահոգ չէ՞ ղարաբաղյան խնդրի շուրջ ուրվագծվող զարգացումներով, ինչին պարոն Մարգարյանը պատասխանեց, թե «ով զրկված է հայի գենետիկ տեսակից, միայն նրան չի մտահոգի այդ հարցը։ Տեսեք` ինչ եղավ. երկու անգամ նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ էին։ Եվրոպան աչքերը փակեց, իշխանությանը թուլացրեց, որպեսզի լուծի ղարաբաղյան հարցը։ Ինչո՞ւ։ Որովհետև Եվրոպան, Արևմուտքը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ունեն գերնպատակ` օր առաջ մտնելու այդ տարածքներ։ Բայց դա մեր սեփական և ոչ միայն պատմական, այլև իրավական տարածքն է, որն ազատագրված է... Իշխանությանը թույլ տվեցին, որպեսզի լինի թույլ, խամաճիկ, որ չկարողանա դե ֆակտո Եվրոպային ու աշխարհին ասել, որ Բաքվից գաղթած 250-280 հազար հայերը բնակվում են իրենց սեփական հողում»։ Բանախոսի եզրահանգումն այն էր, որ թույլ ու ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ազգանպաստ գործ անել` լինի արցախյան, ներքաղաքական, թե տնտեսական հարց։ Որպես ասվածի ապացույց` հյուրը հորդորեց գնալ ու սեփական աչքերով տեսնել, թե գյուղերում ինչպիսի սով է, և արտագաղթն էլ ի՛նչ մասշտաբների է հասնում։ «Գյուղեր չկան, չեն շնչում։ Հինգ-վեց տարեցների անկարող ուսերին է ամբողջ գյուղը»։ Կրկին անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Մարգարյանը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, այս ռեժիմը չի ստորագրի Ղարաբաղը հանձնելու որևէ փաստաթղթի տակ։ «Դա ինքնասպանություն է, բայց դա կստիպի իրենց հրաժարվել իշխանությունից»։ Ժամանակին էլ, կարծես, Լևոն Տեր-Պետրոսյանն էր կանգնած Ղարաբաղը «փաթեթով» հանձնելու պարտադրանքի առջև։ Եվ հետո` ինչպե՞ս պետք է մենք մեր պրոբլեմներն ինքնուրույն ու միասնական լուծենք, երբ արմատական ընդդիմությունը կարծես ձեռքերը ծալած նստել-սպասում է, թե իշխանությունները երբ են Ղարաբաղը հանձնելու։ «Իրավունքը de facto»-ի այս հարցերին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահն այսպես պատասխանեց. «Անկեղծ լինեմ և ասեմ, որ վերջերս հանդիպում է եղել Տեր-Պետրոսյանի հետ, և քննարկվել է այդ հարցը, բայց ես համոզված եմ` ինքը, որպես հայ մարդ, երևանցի ու մտավորական, երբևիցե ներքուստ կրողը չէ արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման` լինի փաթեթային, թե փուլային տարբերակով։ Դա քաղաքականություն էր, որն ինքը վարել է, ես համոզված եմ` ժամանակ շահելու, երկրի ներսում տնտեսական, դեմոգրաֆիկ այլ խնդիրներ լուծելու համար։ Եթե սթափ նայենք, միգուցե դա ճիշտ էր, որովհետև նա չէր կարող վեր կենալ ու աշխարհին ասել` Ղարաբաղը մերն է և վերջ։ Նա պետք է կարողանար, որպես քաղաքական իգրոկ, խաղալ»։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ակումբի հյուրը չհամաձայնեց հարցադրմանը, պնդելով, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած, մի կողմ կանգնած չէ։ «Հայ ազգային կոնգրեսն աշխատում է կազմակերպչական մոբիլիզացիոն խնդիրների շուրջ, որովհետև ռեժիմն անելանելի վիճակի մեջ է դրել ընդդիմությանը։ Կազմակերպչական առումով պետք է ուժեղանալ և ոչ միայն ուժեղանալ կառույցներով, այլև ծրագրերով»։
Փաստորեն, երկրում բոլոր խնդիրների լուծման միակ ուղին բանախոսը տեսնում է իշխանափոխության, արդար ընտրությունների ու սահմանադրական կարգի վերականգնման մեջ։ «Գիտե՞ք, կա սթափվելու պահ, կանգ առնելու պահ, լրջանալու պահ։ Բավ է` ինչքան արյուն թափվեց, այն էլ` սեփական ժողովրդի»։
Վերջում, որպես ամանորյա ուղերձ, Գառնիկ Մարգարյանը հայ ժողովրդին մաղթեց սեր և համերաշխություն` հույս հայտնելով, որ 2008-ի մարտի 1 այլևս երբեք չենք ունենա։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ