ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Հովիկ Աբրահամյան-ԱԺ նախագահ» օպերացիան պլանավորված է խորհրդարանում գործող «քոչարյանական» ուժերը համախմբելու համար

«Հովիկ Աբրահամյան-ԱԺ նախագահ» օպերացիան պլանավորված է խորհրդարանում գործող «քոչարյանական» ուժերը համախմբելու համար
09.09.2008 | 00:00

ՓՈՐՁՎԱԾ ՁԻՆ ԱԿՈՍԸ ՉԻ ՓՉԱՑՆՈՒՄ
Նանսիի համալսարանի առաջատար կենսաբանության լաբորատորիաներից մեկում գիտնականներն իրականացրին հետևյալ փորձը. վեց առնետների մեկուսացրին խոր ջրավազանի մի կողմում, իսկ մյուս կողմում դրեցին ուտելիքը։ Այնպես որ, ուտելիքին հասնելու համար վերջիններս պետք է լողալով անցնեին ջրավազանը։ Շատ արագ պարզվեց, որ առնետների միջև տեղի ունեցավ յուրօրինակ դերաբաշխում. նրանցից երկուսը դարձան շահագործվող ծառաներ, երկուսը՝ իշխողներ, մեկը՝ քավության նոխազ, իսկ մեկն էլ միայն իր համար էր կեր հայթայթում։
Շահագործողները շահագործվող առնետներից խլում էին կերը, երբ վերջիններս, լողալով անցնելով ջրավազանը, վերցնում էին ուտելիքը և փորձում վերադառնալ։ Առնետային հիերարխիան հասկանալու համար գիտնականները վեց շահագործող առնետների դրեցին նույն վիճակի մեջ։ Սրանք միմյանց հետ կռվեցին ամբողջ գիշեր, թե ով է գնալու ուտելիքի հետևից, իսկ առավոտյան վիճակը նույնն էր. երկուսը տեր էին, երկուսը՝ ծառա, մեկը՝ ինքն իր համար, իսկ վերջինը՝ քավության նոխազ։ Փորձերի ընթացքում անգամ առնետների թվաքանակը մեծացնելու պարագայում այս համաչափությունը տոկոսային առումով պահպանվում էր։
Հարկադրված ենք արձանագրել, որ մի շարք քաղաքական ուժերի և արտաքին ազդեցության գործոնների կողմից ծրագրավորված և իրականացվող դավադրությունը՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության գլուխ վերադարձնելու նպատակով, արդեն ոչ միայն խիստ հավանական է դարձել, այլև նույնիսկ հաջողությամբ իրագործվելու շանսեր ունի։ Հասկանալի է, որ նախկին նախագահի հայտարարությունը՝ մի քանի ամիս անց քաղաքական ասպարեզ վերադառնալու մասին, հնարավոր չէր իրագործել առանց ձեռքի տակ եղած «զոմբիների», որոնք շատ հարմար տեղավորվել են կառավարող կուսակցությունների ներսում։ Բոլոր դեպքերում, հանրագումարում հենց այս քաղաքականությանը կարող է ծառայել ՀՀԿ խորհրդի գործադիր մարմնի կողմից նախօրեին կայացված որոշումը՝ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու մասին։
Թեպետ մամուլը, և այդ թվում` տողերիս հեղինակը, բազմիցս հիշեցրել է, որ պետության մեջ կան մի շարք ներկայացուցչական պաշտոններ, որոնց հավակնել կարող են միայն որոշակի կրթական և էթիկական ցենզ ունեցող անձինք, և ամենավատ երազում էլ դժվար էր պատկերացնել, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել ներկայացուցչական առումով նույնիսկ նվազագույն աստիճան չապահովող նախկին փոխվարչապետը։
Սակայն հայ հասարակության հայելապատկերում մեր վայ-քաղաքագետները կրկին ինքնապահպանման կորպորատիվ շահերն ու իշխանական կլանի բարեկեցության ապահովման խնդիրն ավելի վեր են դասում պետական առաջնահերթություններից։ Աստված իրենց դատավոր` այդ առնետավազքի նախաձեռնման համար։ Բացարձակապես հասկանալի չէ այլ բան. ոչ մի տրամաբանության, պրագմատիկ դատողության կամ վերլուծության չի ենթարկվում այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի քաղաքական խաղերում բազմիցս կոփված նախագահի մասնակցությամբ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ վերջին ժամանակներս տարբեր տարաձայնությունների պատճառով կառավարման համակարգում «տեր-վասալ» հարաբերությունները խափանումներ են տալիս՝ օլիգարխիկ-կլանային համակարգի ներկայացուցիչների՝ նախագահից և վարչապետից ունեցած դժգոհության պատճառով, միևնույն է, դժվար է համակերպվել այն մտքին, որ նախագահը գործում է ինքն իր դեմ։ Այսինքն՝ պատրաստ է պետության մեջ սահմանադրորեն երկրորդ դեմքի պաշտոնը հանձնել այդքան անհամապատասխան քաղաքական ֆիգուրի, որը, ի դեպ, ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվելու դեպքում կարող է ստանձնել նաև առաջին դեմքի գործառույթները։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք պետության հեղինակությունը, առնվազն անձնական շարժառիթներն այս կապակցությամբ պետք է որ նախագահին այլ հետևությունների հանգեցնեին։ Նաև կամ հատկապես այն առումով, որ ընտրազանգվածի աչքում երկրի ղեկավարի հեղինակության կորուստը կարող է անչափելի մեծ լինել և ամբողջությամբ ջնջել բոլոր այն դրական քայլերի առաջին տպավորությունը, որ առկա է հասարակության մեջ նախագահի և վարչապետի վերջին մի քանի ամիսների գործողություններից։
Ավելին, ոչ առանց հիմքի կարելի է ենթադրել, որ ՀՀԿ ղեկավարության հնազանդ երգչախումբը, ԱԺ ներկայիս նախագահին հեռացնելու որոշում կայացնելով, հարկադրված կլինի հայտնի ուժերի կողմից նախատեսված ժամկետում կատարել նաև հաջորդ քայլն ու վաստակած հանգստի ուղարկել Տիգրան Սարգսյանին՝ իր գլխավորած կառավարությամբ հանդերձ։ Մանավանդ որ կրթված և տնտեսական ոլորտում պրոֆեսիոնալ գիտելիքներ ունեցող վարչապետի գործողություններից գնալով աճում է դժգոհությունը նույն հանրապետականների շարքերում, որոնցից շատերը Տիգրան Սարգսյանի նախաձեռնած ռեֆորմների նկատմամբ ուղղակի թշնամաբար են տրամադրված։ Իսկ ասպարեզից նրա հեռացվելու դեպքում ո՞ւմ ճանապարհն է բացվելու։ Իհարկե, ամենաերիտասարդ թոշակառու դառնալ չցանկացող Ռոբերտ Քոչարյանի կամ նրա կողմից վերահսկվող մարդու, ինչը, ըստ էության, էական չէ, քանի որ դրանից հետո ամբողջ երկրին պարզ կդառնա, թե կրկին ով է երկրի տերը։ Ավելին, դժվար չէ կանխատեսել, որ այդ պայմաններում շատ արագ կվերականգնվի ստատուս-քվոն, ասենք, տոնավաճառային բիզնեսում կամ մաքսային ու հարկային «բիզնեսում», տարբեր մոնոպոլիաների վերահաստատման առումով և այլն։ Մի խոսքով, քոչարյանական կլանային տնտեսական բուրգը, որ վերջերս սկսել էր ճեղքվածքներ տալ, շատ արագ կարկատվելով, կշարունակի գործել ու զարգանալ նախկին տեմպերով ու ծավալներով։ Ինչը սկզբունքորեն չի բխում Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի շահերից, եթե անգամ մի կողմ թողնենք այնպիսի «մանրուքները», ինչպիսիք են ազգային շահերը, կրիմինալի և կոռուպցիայի դեմ պայքարը, երկրի ժողովրդավարացումն ու տնտեսության ազատականացումը։
Այսպիսով, ակնհայտ եզրակացությունը ծնվում է ինքն իրեն, որ «Հովիկ Աբրահամյան-ԱԺ նախագահ» օպերացիան պլանավորված է նախկին իշխանության և նրա քաղաքական արբանյակների կողմից՝ խորհրդարանում գործող «քոչարյանական» ուժերի համախմբման համար, որպեսզի տորպեդահարեն նախագահի և կառավարության ռեֆորմներն ու դրանով իսկ խոչընդոտեն կլանային-օլիգարխիական համակարգն ապամոնտաժելու քաղաքականությանը։ Իսկ գործող նախագահը, ինչպես թվում է գոնե առաջին հայացքից, կարծես ուժ չունի դիմագրավելու դրան և կամավոր գնում է ինքնաոչնչացման։
Թեպետ, միաժամանակ, բոլորովին բացառված չէ իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ, որը, ի դեպ, ամեն ինչ իր տեղն է դնում և բացատրություն տալիս գործող նախագահի բացարձակապես անհեռանկար և տարօրինակ պահվածքին այս ամբողջ խառնաշփոթի մեջ։ Դա գործընթացի աշխարհաքաղաքական բաղադրիչն է։ Ռուս-վրացական պատերազմից հետո ակնհայտ են դառնում ընդհանուր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը վերականգնելու Կրեմլի ջանքերը։ Իսկ կարևոր և աշխարհաքաղաքական զարգացումներում որոշիչ դեր ունեցող այնպիսի օղակը, ինչպիսին Հայաստանն է, ըստ բազմիցս Մոսկվայից հնչած «հավաստիացումների», իրավունք չունի չարաճճիություններ անել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ավելին, դատելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, նա հակադրվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ռուսական պահանջին, ինչը ռուսական քաղաքականության մեջ գուցե և առաջացրել է Հայաստանի նկատմամբ որոշակի «շտկումների» անհրաժեշտություն։ Ավելին, հայտնի է, որ ինչպես ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը երբեք էլ ռուսամետ գործիչների ընկալում չեն ունեցել։ Մինչդեռ այդպիսի ընկալում, ինչպես նաև ռուսական կողմից կառավարելիության առումով առկա է Ռոբերտ Քոչարյանի, ռուսական շատ սպեցիֆիկ կառույցների կողմից հովանավորվող Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և որոշ այլ քաղաքական գործիչների ու բիզնեսմենների պարագայում։ Այսինքն՝ «փորձված ձին ակոսը չի փչացնում» հին ռուսական առածը նրանց պարագայում այսօր շատ առարկայական է, և Հայաստանում իշխանության երկրորդ և երրորդ դեմքերին փոխելու հարցը, փաստորեն, առևտրի առարկա է դարձել Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանի հետ փոխհարաբերություններում։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմությանը, ապա ակնհայտ է, որ այս կամ այն կերպ Քոչարյանի վերադարձը իշխանության գլուխ կդառնա վերջին կաթիլը իշխանությունների հետ բոլոր տեսակի հարաբերությունները խզելու համար, ինչպես նաև իշխանությունից բնակչության բացարձակ մեծամասնության օտարացման տեսանկյունից։ Համապատասխանաբար մենք ականատեսը կդառնանք ընդդիմության շուրջ բնակչության նոր զանգվածների համախմբման, մեկ այլ մասի` բոլոր քաղաքական զարգացումներից հիասթափված ինքնամեկուսացման և, իհարկե, արտագաղթի նոր ալիքի։ Որովհետև անկասկած է, որ քաղաքացիների մի ստվար զանգված հերթական հուսախաբությունից հետո կձգտի հավիտենապես լքել երկիրը։ Հասկանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, իբրև արմատական ընդդիմություն, բնականաբար, ոչ միայն չի խուսափի, այլև առավելագույնս կձգտի օգտագործել այս իրավիճակը։ Մանավանդ որ Քոչարյանի՝ իշխանության համակարգում որոշիչ դերակատարության ստանձնման պարագայում Հայաստանի ընդդիմադիր ցանկացած ուժի սպասում են նոր հալածանքներ։ Համենայն դեպս, Քոչարյանը հրապարակավ է խոստացել «նստացնել» Տեր-Պետրոսյանին, իսկ նրա բնավորությունից դուրս է խոստացածից հետ կանգնելը։ Այսպիսով, ամենաերիտասարդ թոշակառուի իշխանական դիրքերի վերականգնման պարագայում արմատական ընդդիմությանն այլ բան չի մնա, քան ինտենսիվ գործողություններով վերականգնել ու ընդլայնել իր ազդեցության դաշտը և գնալ իշխանափոխության։ Հակառակ պարագայում նրա առաջնորդը ստիպված կլինի հրատապ կարգով հավաքել ճամպրուկները։
Ի դեպ, Նանսիի համալսարանի կենսաբանները շարունակում են փորձերը առնետների ուղեղի ուսումնասիրման ուղղությամբ։ Նրանք հանգել են եզրակացության, որ անշրջելի հետևանքների հանգեցնող սթրես ապրում են ոչ այն առնետները, որոնք փորձերի արդյունքում դառնում են շահագործվող քավության նոխազներ, այլ հենց շահագործող «գողականները»։ Վախենալով իրենց կարգավիճակը կորցնելուց՝ վերջիններս փորձերի արդյունքում սկսել են իրենք հոգալ իրենց կարիքները և այդպիսով ավելի ուժեղ երևալ մրցակիցներից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ