ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Տասը տարի է` խոսում ենք բյուջեի ռիսկայնության մասին»

«Տասը տարի է` խոսում ենք բյուջեի ռիսկայնության մասին»
07.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«2009-ի բյուջեում եկամտային մասը նախատեսված է 905 մլրդ դրամ, որի 47,7 տոկոսն ուղղված է սոցիալական ոլորտի երեք բնագավառներին՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական խնդիրներ»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում ասուլիսի հրավիրված լրագրողներին իրազեկեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Բանախոսի փոխանցմամբ՝ սոցիալական խնդիրների լուծման նպատակով հատկացվելիք գումարները հասցեական են, ինչը նշանակում է, որ պետությունն իր անապահով, տարիքն առած կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիներին նյութապես օժանդակելու է առանց միջնորդների։ «Հաշվարկի հիմքում 35 հազար դրամ նվազագույն և 20 հազար դրամ կենսապահովման զամբյուղների գաղափարն է, որոնք երկուսն էլ հիմնավորված են։ Ընդհանուր առմամբ, սոցիալական ծրագրերի կտրվածքով անցած տարվա համեմատ աճը կազմում է 17, առանձին ծրագրերի դեպքում էլ՝ 15-20 տոկոս։ Մասնավորապես, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված գումարը վեցապատկվել է, և եթե անցած տարի այն երեք հազար դրամ էր, 2009-ին հասնելու է 18 հազարի։ Ընդհանրապես, պետության որդեգրած նպատակային քաղաքականության հիմնական շեշտադրումն այն է, որ սոցիալական ծրագրերով նախատեսված գումարները պետք է ուղղվեն ընտանիքներին, հատկապես երեխաներին։ Եթե հիշում եք, հինգ-վեց տարի առաջ ծնելիության մակարդակը հանրապետությունում տարեկան 33-34 հազար երեխա էր, այսօր՝ 40 հազար 500 երեխա։ Սա դեմոգրաֆիկ լուրջ խնդիր է, և ծնելիության մակարդակի հետագա աճ ապահովելու համար պետությունը որդեգրել է նպատակային ու հասցեագրված սոցիալական քաղաքականություն։ Եթե նախկինում առաջին և երկրորդ երեխաների ծնունդից հետո ընտանիքներին հատկացվող միանվագ գումարը 35 հազար դրամ էր, այսօր այն կազմում է 50 հազար դրամ, երեք և ավելի երեխաների դեպքում՝ 430 հազար դրամ։ Մենք ունենք ութ տասնյակ սոցիալական շերտեր, որոնցից յուրաքանչյուրին պետությունն առանձնակի մոտեցում է ցուցաբերում՝ բյուջետային հատկացումների տեսքով»։
Արդյոք 2009-ի բյուջեն ռիսկային չէ՞, և դժվար չի՞ լինելու ապահովել 905 մլրդ դրամի եկամտային մասը։
«Իրավունքը de facto»-ի հարցին ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ սա «իր» տասներորդ բյուջեն է, որի հաստատմանն ինքը մասնակից է լինում որպես պատգամավոր, և ամեն անգամ խոսվում է երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի ռիսկայնության մասին։ «Այս տասը տարիներին նման խնդիր չի եղել, բյուջեն միշտ գերակատարվել է։ Մենք իրականում չունենք ռիսկայնության խնդիր, ընդհակառակը, այնպիսի հարկային քաղաքականություն է որդեգրվել, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի 0,3-0,4, իսկ 2008-ին՝ 0,6-0,7 տոկոսով ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։ Այսինքն, համապատասխան վարչարարության, օրենսդրական դաշտի բարեփոխման, տնտեսական ճիշտ քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվում է հարթել բյուջեի ռիսկայնության բոլոր վեկտորները»։
Ի դեպ, ասուլիսի վերջում Հակոբ Հակոբյանը բացեց սեղանին դրված «Նոյի» շշերից մեկն ու հաճույքով խմեց՝ շարունակելով պատասխանել իրեն ուղղված հարցին։
«Բջնի» է՞լ եք խմում»,- հարցրինք։
«Միշտ»,- ասաց։
«Բայց խանութներում չկա»,- ձեռք չէին քաշում լրագրողները։
«Համենայն դեպս, իմ աշխատողները ճարում են»,- ասաց։
«Բա որ գործարանը փակվի, ի՞նչ եք խմելու»։
«Չի փակվի»,-
ոչ այն է՝ իրեն, ոչ այն է՝ հարկադիր պարապուրդի մատնված «Բջնի» հանքային ջրերի գործարանի աշխատակիցներին հուսադրեց Հակոբ Հակոբյանը, որն ինքն էլ անմիջականորեն կապված է «ջրային» ոլորտի հետ։ Խորհրդարանի մյուս Հակոբ Հակոբյաններից զանազանելու համար լրագրողներս նրան «Արփա-Սևան թունելի Հակոբյան» ենք ասում։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ