Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ», ՄԻԱՅՆ «ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՉԵՆ ԼԻՆՈՒմ

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ», ՄԻԱՅՆ «ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՉԵՆ ԼԻՆՈՒմ
16.10.2009 | 00:00

Դա կարող էր լինել և հոկտեմբերի 13-ին:
Եղավ 27-ին:
Ինչպես հետո պարզվեց, հոկտեմբերի 28-ին մենք գիտեինք այդ մասին այն ամենը, ինչ պիտի իմանայինք ընդհանրապես:
ՈՒ՝ մինչև այսօր:
Փորձենք վերհիշել: ՀՀ նախագահը կարճ ժամանակ անց հայտարարեց, որ գործը կարող է բացահայտել և ուչաստկովին: Որոշ ժամանակ անց սպառնաց, որ ինքը ևս ասելիք ունի ու կարող է խոսել: Ե՞րբ՝ չասաց: ՈՒ չխոսեց: Մինչև այսօր նրա սպառնալիքն ուժի մեջ է: Նա գիտեր, որ իրեն կարող են մեղադրել, գիտեր ու լռում էր, թերևս համաձա՞յն էր, որ մեղադրեն: Կամ՝ որոնում էր ուչաստկովի՞:
10 տարի անց օրավուր ակնհայտ է դառնում, թե ինչ էր լինելու արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, եթե 1999 թ. հոկտեմբերի 27-ի 17.15-ից մինչև 17.30-ը չլիներ մեր պատմության մեջ: Եվ քանի որ իրականությունն ու պատմությունը «եթե»-ներ չեն ընդունում, մնում է ապավինել տրամաբանությանն ու հիշողությանը: Եվ մեկ էլ` փաստերին:
99-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, շատերի համար անսպասելի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ինչպես ինքն էր ասում, «ողջ հասակով մտավ քաղաքականության մեջ»: Դա միակ անակնկալը չէր, իսկական անակնկալը նրա դաշինքն էր Կարեն Դեմիրճյանի ու նրա ստեղծած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ՝ «Միասնություն» դաշինքը, որ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսով հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Ընդամենը մեկ տարի առաջ ոչ առանց Վազգեն Սարգսյանի ակտիվ աջակցության նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններում պաշտպանում էր ոչ թե «Միասնությանը», որ նրանց միջև նորմալ հարաբերությունների առկայությամբ տրամաբանական էր, այլ ՀՅԴ-ին ու տարբեր թեկնածուների՝ առաջադրված համամասնական ու մեծամասնական ընտրակարգերով:
99-ի հուլիսին վարչապետ Վազգեն Սարգսյանն աննախադեպ քայլ կատարեց՝ գնաց խորհրդարան ու պահանջեց բյուջեի սեկվեստոր, ակնհայտ էր, որ բյուջեն հնարավոր չէր կատարել. այն ժառանգությունը չէր ստացել, որը հնարավոր լիներ աշխատեցնել:
Հունիսից հոկտեմբեր Հայաստանն ապրեց բացառապես իր հաշվին, ո՛չ մի լումա երկիր չմտավ դրսից. դա նոր վարչապետի փորձաշրջանն էր՝ շարունակելո՞ւ է իր նախորդների՝ երկիրը դրսի կախվածության մեջ դնող քաղաքականությունը, թե՞ փորձելու է այլ ելքեր գտնել՝ ինչպես խոստանում էր ընտրարշավում: Կարճ ժամանակում պետական գանձարան սկսեցին մտնել այն հարկերը, որոնք ոչ մինչ այդ, ոչ էլ որոշ ժամանակ անց այլևս չէին գտնում պետական գանձարանի ճանապարհը: Նրա վարչապետության կարճ ամիսներին արդեն սկսել էին փակվել աշխատավարձերի ու կենսաթոշակների տարեկան պարտքերը, երկիրն ապշեցուցիչ արագությամբ ուղղակի գույքագրվեց իր ողջ ունեցվածքով: Բավական է թերթել այդ ժամանակվա պարբերական մամուլը՝ հասկանալու համար, որ երկրում կատարվում էին ոչ թե սովորական դարձած իմիտացիոն «բարեփոխումներ», այլ արմատական փոփոխություններ. մշակվել էր արդյունաբերության վերագործարկման ծրագիր, մեծ ու տևական առճակատումով քաղաքական որոշում կայացվեց «Նաիրիտի» գործարկման մասին, սնանկացման գործընթացներով առողջացման ու պետական վարկերի տրամադրման հաշվին վերագործարկվելու էր լեռնահանքային համալիրը, Մեղրին հայտարարվել էր հատուկ զարգացման գոտի, ու պետական առանձին ծրագիր էր մշակվել: Խնդիրը մեկն էր՝ Հայաստանը պետք է լինի ապրանք արտադրող երկիր, Հայաստանի արտադրանքը պետք է լինի մրցունակ, պետությունը պիտի աջակցի իր ձեռնարկատերերին՝ սպառման շուկաներ ձեռքբերելու հարցում: Արտահանման ու ներմուծման ծավալների հարաբերակցությունը միանշանակ առաջինի օգտին պետք է լիներ: Տնտեսության որակի հարց էր դրված: Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ապահովում էր խորհրդարանը, ֆինանսական ապահովումը կառավարության խնդիրն էր:
Լեռնային Ղարաբաղի հարցը մոտ էր լուծման:
Օրակարգում էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը:
Նախագահ երկրում կար, թե չկար, առանձնապես հրատապ հարց չէր, իր աշխատասենյակում նստած՝ նա ողնաշարով զգում էր, որ ռեալ իշխանությունն օրեցօր կուտակվում է վարչապետի ձեռքում: Հակասությունները խորանում էին, որովհետև ցանկացած տնտեսական խնդրի լուծում Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր իբրև ոտնձգություն իր իշխանության և ազդեցության դաշտի վրա: Նրան պետք էր ոչ թե երկիրը, այլ իր իշխանությունը մարդկանց ու նրանց եկամուտների վրա: Նրա համար վիճակը տագնապալի դարձավ վարչապետ Վազգեն Սարգսյանի՝ ԱՄՆ պաշտոնական այցից հետո. վարչապետին ընդունել էին ինչպես ընդունում են նախագահին: Եվ ոչ միայն ամերիկահայերը, այլև բարձրագույն իշխանությունները: Քաղաքական ու ֆինանսական կառույցներում նրա հանդիպումներն ու բանակցություններն աննախադեպ էին: Հայաստանն ակնհայտորեն դառնում էր տարածաշրջանի կենտրոնը՝ հիրավի ժողովրդավարության կղզյակ ու զարգացող տնտեսությամբ այն երկիրը, որի վրա ԱՄՆ-ը կարող էր իր հեռահար քաղաքականությունը կառուցել, ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի, որտեղ նախագահում էին Հեյդար Ալիևն ու Էդուարդ Շևարդնաձեն՝ Արևմուտքի համար կոմունիստական ժամանակների վերապրուկներ և հաստատ ոչ այն ղեկավարները, ովքեր ի զորու էին գործընկերներ լինելու: Վարչապետ Վազգեն Սարգսյանը Հայաստանին նոր դեր էր բերում տարածաշրջանում ու նոր վիճակ` միջազգային ասպարեզում: Աշխարհը կարճ ժամանակում նրան ընդունեց՝ ի տարբերություն ոչ լեգիտիմ նախագահի: 99-ից 2003-ը նրան տրված ժամանակն էր երկիրը տնտեսապես ոտքի հանելու, քաղաքական ներքին ու արտաքին հարցերը քաղաքական ու ֆինանսական աջակցությամբ լուծելու և նոր դարի առաջին տասնամյակում տնտեսապես ուժեղ ու քաղաքականապես կայուն Հայաստանի երրորդ նախագահը դառնալու համար: Դա արդեն մեծ գաղտնիք չէր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև քաղաքականությամբ հետաքրքրվողների համար երկրի ներսում ու դրսում: Բայց նրա համար ուղղակի ողբերգություն էր, երբ տարբեր աստիճանակարգի պաշտոնատարներ գալիս էին Հայաստան ու իրենց խնդրանքով հանդիպում էին վարչապետին` ժամերով մնալով նրա աշխատասենյակում, և ընդամենը քաղաքավարական այց էին կատարում նախագահական, այն էլ ոչ միշտ: Արարողակարգի այդ խախտումը լուրջ ազդանշան էր նրա համար: Եվ աններելի:
Վարչապետ Վազգեն Սարգսյանի վերջին հեռուստաելույթը նվիրված էր կոռուպցիայի թեմային՝ խնդիր, որ նրա առաջ դրել էին ԱՄՆ-ում, որ նա պատրաստվում էր լուծել միայն իրեն հատուկ վճռականությամբ ու հմտությամբ: Թե բանակ ստեղծած պաշտպանության նախկին նախարարն ինչ մեթոդներով կարող էր այդ հարցը լուծել, կասկածներ չկային, հատկապես շահագրգիռ շրջանակներում:
Ընդամենը մի քանի օրից՝ նոյեմբերի 1-ին, նա պատրաստվում էր Ազգային ժողովին ներկայացնել 2000-ի՝ նոր հազարամյակի, 21-րդ դարի իր կառավարման ու բյուջեի նախագիծը: Բացի նրանից, որ վարչապետն իր երկրի 30-ամյա զարգացման ծրագիրն էր ներկայացնելու, հայտնի էր, որ հունվարին փոխվելու է կառավարության կազմը և կառուցվածքը, փոփոխություններ են լինելու տեղական կառավարման համակարգում: Որ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի միջև սև կատու չի անցնում, տասնյակ փորձերից հետո համոզվել էին բոլորը: Կարեն Դեմիրճյանն այն գործիչը չէր, որ սխալներ թույլ տար կամ թույլ տար իր հետ խաղեր տան: Ազգային ժողովի նախագահի և վարչապետի տանդեմը ռեալ երաշխիք էր սկսված բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում: Եվ 21-րդ դարը մերն էր լինելու...
Շատ տարիներ անց ակնհայտ դարձավ, որ այն ծրագիրը, ինչ նախատեսվում էր իրականացնել Հայաստանում, փորձարկվեց Վրաստանում:
Իսկ 10 տարի անց ակնհայտ է դառնում, որ ինչ հիմա է կատարվում, կարող էր լինել և 10 տարի առաջ, բայց բոլորովին այլ պայմաններով ու այլ իրավիճակում: ՈՒ արդեն 10 տարի բաց սահման կունենայինք, նաև՝ Ղարաբաղի լուծված հարց՝ մեզ համար հնարավորինս ընդունելի ու շահեկան տարբերակով:
Հնարավո՞ր էր դա:
Այլևս՝ ոչ: Որովհետև այն, ինչ 10 տարի առաջ կարող էր լինել, հիմա չի կարող ոչ միայն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, այլև տարածաշրջանում ու աշխարհում կատարված փոփոխությունների պատճառով: Բայց հավանականությունն այնքան մեծ էր, որ կանխման միակ տարբերակը Ազգային ժողովում հնչած կրակոցներն էին:
Ո՞վ էր մեղավոր: Ժամանակի մեջ այս հարցը չի կորցնում իր սրությունը, և, որքան պարադոքսալ է, ավելացնում է ստույգ պատասխանի հավանականությունը:
Իսկ գուցե և այդ պատասխանն արդեն հայտնի՞ է, այլևս հարց տվո՞ղ չկա: Հենց այն պատճառով, որ պատասխանն արդեն հայտնի է:
Առաջին իսկ պահից ակնհայտ էր՝ նման ոճրագործությունները, որոնք կազմակերպվում ու իրականացվում են նման անհավանական «հեշտությամբ», միայն «տեղական արտադրության» չեն լինում: Նախ՝ երկրի ներսում գտնվում են համախոհներ, հետո՝ գործակիցներ, իսկ մնացածը տեխնիկայի հարց է: Հետագայում ոճրագործության նախաքննությունն ու դատաքննությունը ապացուցեցին այդ ճշմարտությունը:
Աշխարհաքաղաքական տասնամյա զարգացումները հստակ են դարձնում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ ու ինչպե՞ս եղավ:
Հնարավո՞ր էր կանխել: Իհարկե:
Եվ բնավ էլ այնպես չէ, թե ում մտքով դա կանցներ: Սպանե՞լ: Վազգենի՞ն: Մի՞թե հնարավոր է: Դեմիրճյանի՞ն: Ինչո՞ւ: Միրոյանն ի՞նչ էր արել: Բախշյանին ինչո՞ւ խփեցին: Ինչպե՞ս մի գնդակով՝ ուղիղ սրտին, սպանվեց նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ինչո՞ւ խորհրդարանում: Ինչո՞ւ հենց այդ կերպ: Ամեն ինչ այնքան անթաքույց էր: Հանցագործները միայն պաշտոնական հայտարարություն չէին տարածել իրենց մտադրության մասին: Բայց նրանց լուրջ չէին ընդունում, ուրեմն այդպիսին էր հրահանգը: Իսկ թե ինչու հենց այդտեղ ու այդպես՝ իրականում բացահայտում է ոճրագործության ծրագիրն ամբողջության մեջ: Որովհետև թիրախ ընտրված էր երկիրը: Թիրախ ընտրված էր երկրի ապագան: Թիրախ ընտրված էր որոշակի խնդրի լուծումը, որին խանգարում էր Վազգեն Սարգսյանը, խանգարում էր Կարեն Դեմիրճյանը: Եթե նրանք սպանվեին առանձին-առանձին ու այլ կերպ, դա կլիներ ընդամենը վարչապետի ու խորհրդարանի նախագահի սպանություն, բայց պետք էր կոտրել երկիրը, պետք էր կոտրել երկար ժամանակով այլևս ոտքի կանգնելու հնարավորությունը, որպեսզի չփոխվեր ուժերի հարաբերակցությունը ո՛չ տարածաշրջանում, ո՛չ երկրում: Իբրև կողոպտված ներկայի ու ապագայի փոխհատուցում՝ տրվեց ֆիքսված ժամանակով ամեն ինչ անփոփոխ մնալու երաշխիք ու գործողությունների ազատություն իշխանությանը, որ այդ ծանր պահին կարողացավ վերահսկել իրավիճակը և այլն, և այլն, և այլն: Այդպես քաղաքական ժամանակը կանգ առավ Հայաստանում՝ հայտնի հետևանքներով, երբ ընտրությունները դարձան նշանակովի, ու նույնիսկ սեփական ժողովրդի դեմ պատերազմական գործողությունները՝ հնարավոր ու ներելի: Այդպես հնարավոր դարձավ զինադադարի անխախտությունը Ղարաբաղում: Բայց ոչինչ անխախտ ու անփոփոխ չի մնում ժամանակի մեջ:
Կրակոցներով փոխվեց 21-րդ դարի պատմությունը Հայաստանում ու տարածաշրջանում, նաև՝ գերտերությունների փոխհարաբերություններում: Փոխվեց մեր երկրի ու մեր կենսագրությունը: Արդեն միայն պատմական նշանակություն ունի 1999 թ. հոկտեմբերի 27-ին կատարվածի ողջ ճշմարտության բացահայտումը, որովհետև սպանվածներին չես վերադարձնի, որովհետև սպանության կազմակերպիչներն իրենց նպատակին հասան, որովհետև այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, որովհետև մահվան առաջ ամեն ինչ իմաստազրկվում է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ