Ռումբերի և արկերի պայթյունները, անօդաչուներից հարվածելը դեռևս պատերազմ չէր. այն հետևանք էր իրական պատերազմի, երբ հոտդ անառաջնորդ, հյուծված, հալածված, հանապազօրյա հացին կարոտ, երբ խաբեություններին հավատացած Արցախցին վերջին ճիգով ցանկանում էր Հողին կառչել:
Հողը, որ ձյութի պես կպել էր ոտքերիդ և աղերսում էր.
«Ինձ բաց մի՛ թող, ես քո գերեզմաններն ու պատմությունն եմ, իմ մեջ ավելի շատ կյանք կա, քան ինձ վրա, բաց մի՜ թող քո վերջին ապաստանը...»:
Հաղթահարեց Արցախցին պատերազմի այդ փուլը, որովհետև ականջալուր էր Հողի ձայնին, նախնիների կանչին:
Սոված մնաց, բայց չբարոյալքվեց:
Օջախի փայտը վերջացավ, բայց հոգին տաքացավ Հայրենիքի ջերմ սիրուց:
Աղը վերջացավ, ասֆալտի աղ եփեց, կերակուրը ձյութահամ դարձավ, բայց չլքեց Հողը:
Դեղը վերջացավ, բնությունն օգտագործեց որպես դեղատուն:
Ջուրը կտրեցին, անձրևաջուրը քամեց և օգտագործեց:
Շաքարը չկար, թթից ու խաղողից դոշաբ եփեց, չիր ու չամիչ ստեղծեց:
Յուղը վերջացավ, կտավհատ ծեծեց և տվեց փոքրերին:
Թեյը վերջացավ, ուրցն ու դաղձը դաշտերից տուն եկան:
Կոֆեն վերջացավ, գարոխով ու կաղինով փոխարինեց:
Լվացքի միջոցները վերջացան, մոխրաջուր եփեց ու քամեց:
Իսկ երբ հացը վերջացավ, եգիպտացորեն մամլեց և կարտոֆիլի մզուկի հետ պեղարճ թխեց և դրեց սեղանին:
Իսկ երբ ամեն, ամեն ինչ վերջացավ, հեքիաթի տանջահար կնոջ պես կաթսան քարով լցրեց ու դրեց կրակին, որպեսզի չմարի կրակը, օջախի ծուխը վեր բարձրանա, և սովահար երեխաների հայացքներին պատասխանեց՝ դեռ չի եփել:
Հեքիաթում Աստված կնոջ չարչարանքներին պատասխանեց՝ քարը հաց դարձնելով, իսկ մենք աժանացանք պատերազմի ու ավերի, զոհերի և անհայտ կորածների, կրակի գեհենը բացվեց և կուլ տվեց կյանքի համար մաքառող մարդկանց, ճաք տվեց Հողը և իր ներսն առավ ջահել-ջահել տղերքի:
Կանգ առավ կյանքը Արցախցու համար, շուռ եկավ նրա կրակօջախը, և կաթսայի քարերը թափվեցին գլխին:
- Վա՜յ, Աստվա՜ծ, ո՞ր մեղքիս համար,- նորից ողբաց Արցախցին և բահը վերցրեց ոչ թե հողը հերկելու, այլ գերեզմանափոսեր քանդելու և իր որդուն հողին հանձնելու:
Եվ նա հասկացավ, որ դա վերջն էր:
Արցախը դարձավ հսկա գերեզմանատուն, ուր ամեն ոտնաքայլիդ տակ մի չավարտած կյանք կա, մի ապրելու տենչ ու ցավի ճիչ:
Հողը ցավից գալարվում էր ոտքիդ տակ:
ՈՒ հասկացավ դա Արցախցին, վերցրեց գաղթականի ցուպը և ցրվեց աշխարհով մեկ:
Այս պատերազմն ուրիշ էր...
Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
26.08.2024