«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հակառակ դեպքում դատապարտված ենք պարտության

Հակառակ դեպքում դատապարտված ենք պարտության
01.05.2023 | 22:54

Վերտառությունում ամփոփված միտքը շատերս էինք ահազանգում, զգուշացնում, բայց օրվա իշխանությունների փողապաշտությունը և տգիտությունը հնարավորություն չէր տալիս լսելու, տեսնելու, քայլեր ձեռնարկելու, իրավիճակ շտկելու...

1 մայիսի, 2016 թ.

Որքան էլ շատերի համար անցանկալի լինի,բայց իրատես լինենք՝ չկա քառօրյա պատերազմ, այլ կա հայ-ադրբեջանական շարունակվող պատերազմ, որը ավարտվելու է կողմերից մեկի անվերապահ հաղթանակով: Եվ չի կարող լինել փոխզիջումային լուծում, լինելու է միայն մեկ կողմի զիջում:

Մինչ այսօր, առաջին պատերազմում ձեռք բերված նվաճումները մենք պահպանել ենք հայ ժողովրդի ինքնազոհության, հայ զինվորի ոգու, զենքին ավելի արագ և արդյունավետ տիրապետելու ընդունակության, Ադրբեջանի պատերազմը հաղթանակով ավարտելու անպատրաստության, աշխարհի հզորների այս իրավիճակի ձեռնտու լինելու շնորհիվ:

Կարող եք այլ պատճառներ վկայակոչել, բայց դե...

Որպեսզի աշխարհի հզորներին և Ադրբեջանին կարողանանք «համոզել», որ Արցախը և նրա շրջակա տարածքները Հայաստանի անբաժանելի մասերն են, պետք է անվերապահ հաղթենք վաղուց սկսած և դեռ չվերջացած այս պատերազմում:

ՈՒրիշ լուծում չկա:

Կարելի է ժողովրդի ինքնազոհության, հայ զինվորի ոգու, ժամանակակից զենքին արագ և արդյունավետ տիրապետելու շնորհիվ հաղթել բազմաթիվ ճակատամարտեր, բայց անհնար է անվերապահ հաղթանակ, երկարաժամկետ խաղաղություն ակնկալել, եթե Հայաստանի ներքին կյանքում շարունակվելու են անարդարությունը, արտագաղթը, կեղծիքը, կոռուպցիան, դրամապաշտությունը, կարևոր պաշտոններում յուրային անգրագետների նշանակումները...

Կարող եք շարունակել, ցավոք, այնքան շատ են մեր կյանքում արատները, և այնքան վաղուց են նրանք արմատավորված ու համակարգային:

Պետք է իրատեսորեն գնահատել իրավիճակը, սթափվել, հայության ողջ ներուժը նպատակաուղղել սահմանները անխախտ պահելուն և ձեռնամուխ լինել համակարգային փոփոխությունների միջոցով արատների վերացմանը:

Հակառակ դեպքում դատապարտված ենք պարտության:

Գագիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ