Մյուս շաբաթ դպրոցները բացելու են դռները, սկսվելու է ուսումնական տարին։ Ուսումնական հաստատություններն արդեն ստացել են համապատասխան շրջաբերականները, որոնցով կառաջնորդվեն նոր ուստարում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պայմաններում նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646787,5 հազար դրամ: Նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին 1 ամսվա հաշվարկով: Մասնավորապես, դիմակներ կտրամադրվեն հանրակրթական դպրոցների աշակերտների համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20 %-ի չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը, և դիմակները նախատեսված են անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար, հանրակրթական դպրոցների անձնակազմի 100 %-ի չափով՝ օրական 2 հատ։ Նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով ապահովել և՛ աշակերտներին, և՛ անձնակազմի 100 %-ին, ինչպես նաև ուսումնական հաստատություններն ապահովել շենքերի ախտահանիչներով: Երեխաները դասարանում պետք է նստեն միմյանցից 1,5 մ հեռավորության վրա։ Դասարանները կբաժանվեն առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովելու սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար‚ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի: Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։ Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի: Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր: Բուֆետների, ճաշարանների աշխատանքը արգելվում է։
Աշակերտները գրատախտակին չեն մոտենա, նվազագույնի է հասցվելու աշակերտ-ուսուցիչ շփումը, դպրոցներում աշխատանքային ծավալները կրկնապատկվելու են։
Այս ամենը ձեռնարկվել է երեխաների առողջությունն ապահովելու համար։ Սակայն ուսուցիչները, ծնողները ունեն մտավախություններ՝ երեխաների դպրոց հաճախելու, դասապրոցեսը կազմակերպելու առնչությամբ։ Այս պահին հանրապետության հանրակրթական դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Աշակերտների հեռավորությունն ապահովելու համար աթոռները դասավորվում են շախմատաձև։ ՈՒսուցիչները մեծ խնդիր են տեսնում դասամիջոցները դասարաններում անցկացնելու հետ կապված, ասում են՝ անհնար է երեխաներին 4 պատի մեջ պահել ժամեր շարունակ։ ՈՒսուցիչները չեն կարող միաժամանակ և՛ դաս վարել, և՛ հետևել, որ երեխաները դիմակները չհանեն։ Խոսքը հատկապես առաջին դասարանցիների և տարրական դպրոցի աշակերտների մասին է, որոնց վերահսկելն ու սահմանված պայմանները պարտադրելը շատ դժվար է լինելու։ ՈՒսուցիչները նկատում են, որ իրենց էլ շատ դժվար է դիմակով աշխատելը. երեխան չի տեսնում ուսուցչի դեմքի արտահայտությունը, և միմյանց հասկանալու դժվարություն է առաջանալու։ Նշվում է նաև, որ առավոտյան ջերմաչափումը հավելյալ կուտակումներ է առաջացնելու։
ՈՒսուցիչներն ու ծնողները հակված են առկա ուսուցման, քանի որ նախորդ ուսումնական տարվա փորձը ցույց տվեց, որ հեռավար ուսուցումը չի արդարացնում իրեն։ Սակայն նշում են նաև, որ առկա պայմաններում խիստ նվազում է ուսումնական պրոցեսի արդյունավետությունը։ Դժվարանում է ուսուցիչների գործը։
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ