«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչո՞ւ են ինձ իմ երկրում «երկրորդ սորտի» մարդու տեղ դնում

Ինչո՞ւ են ինձ իմ երկրում «երկրորդ սորտի» մարդու տեղ դնում
04.07.2016 | 12:29

Եթե մի որևէ պաշտոնյայի, պատգամավորի, օլիգարխի հարց ուղղես թիկնազոր ունենալու առնչությամբ, միանգամից կհերքեն դրանց գոյությունը: Սակայն իրականությունն այլ բան է հուշում: Մեկ օրն էլ բավական է, որ տարբեր փողոցներում հետևես և տեսնես, թե ինչպես են ոստիկաններն ազդանշաններով, այսպես ասած, «սիրենաներով», թիկնազորային շարասյուներին ճանապարհ «հարթում»: Այստեղ կա երկու կարևոր հարց.


1. Նախ` ի՞նչ «չափորոշիչներով» են ոստիկանները որոշում, որ ահա այս չինովնիկի կամ օլիգարխի համար արժե փողոցներում իրարանցում ստեղծել, մարդկանց էլ` ահաբեկել:
2. Եվ ընդհանրապես` ինչո՞ւ պետք է որևէ քաղաքացի, այդ թվում` պաշտոնյա, մեծահարուստ ու պատգամավոր, իրեն ինձնից առավել կարևոր համարի իմ երկրում:
Այս հարցերը հենց այնպես, պատահաբար չծնվեցին: Երևույթը, որի մասին ստորև կներկայացնեմ, այնքան նողկալի ու տհաճ է, որ առանց այն էլ խնդրահարույց մեր երկրում հիասթափության նոր ալիքի պատճառ է դառնում: Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի օրը, մայրաքաղաքից մշտապես բազմաթիվ քաղաքացիներ են շտապում Սևանա լիճ: Այդ օրը Երևան-Սևան մայրուղին խիստ ծանրաբեռնված է լինում: Երեկոյան մայրաքաղաք վերադառնալն առավել դժվարանում է` մեքենաները համարյա մեկ «շարասյունով» են երթևեկում:

Այսպես էր նաև երեկ երեկոյան: Ծանրաբեռնվածությանն ավելացել էր նաև վթարը, և Աբովյանից Երևան ճանապարհահատվածում մեքենաների «սկիզբն ու վերջը» դժվար էր հասկանալ: Պարզ էր, որ ինչ-որ հատվածում վթար է և սպասում են ԱՊՊԱ-ի ժամանմանը: Հանկարծ ոստիկանական մեքենան երեք, երբեմն նաև չորս շարքով խցանված մեքենաներին փորձում էր աջուձախ «շպրտել», որպեսզի իր հետևից եկող «ջիպազգի» շարասյանը ճանապարհ բացի: Դժվար է, չէ՞, պատկերացնել, թե ինչպես կարող են խցանման մեջ ճանապարհ բացել ու վարորդներին իրար վրա «բարձրացնել»:

Փոխարենը հաստատ կպատկերացնեք, թե մեքենաների ուղևորներն ու մասնավորապես վարորդներն ինչ լուտանքներ տեղացին և օրենքի «պաշտպանների», և մյուսներից առավել «վռազող» բարձրաստիճան «այրի» ու նրա մանկլավիկների հասցեին: Գուցե նրանց արյունը մեզնից ավելի՞ «կապույտ» է, թե՞ արտոնյալ վիճակը Հայաստանում միայն գրպանի «կատեգորիայով» է որոշվում: Հիմա ի՞նչ սկզբունքով են ոստիկաններն առաջնորդվում` խցանումն ավելի խցանելո՞ւ, բոլորին ի ցույց դնելու, որ մեր երկրում կան «յուրահատուկ» մարդիկ, որոնք օրենքից դո՞ւրս են: Եվ ինչո՞ւ են ինձ իմ երկրում «երկրորդ սորտի» մարդու տեղ դնում` համարելով, որ ես կարող եմ ժամերով խցանման մեջ մնալ, իմ խնդիրներն ու հոգսերն առավել հրատապ լուծման կարիք չունեն և, վերջապես, ես ավելի անկարևոր եմ իմ երկրում, քան այս կամ այն «ջիպազգին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ