«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչ արժե խաղին մասնակցելու հաճույքը

Ինչ արժե խաղին մասնակցելու հաճույքը
24.06.2016 | 08:48

Մեր ընթերցողներից մեկն օրերս դիմեց խմբագրություն` հայտնելով իր դժգոհությունն ու վրդովմունքը «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի առնչությամբ: Հաղորդման ձևաչափն այսպիսին է. խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով, ճիշտ պատասխանի դեպքում` շահել:


Մեզ դիմող քաղաքացին նկատեց, որ «օդից փող» են շահում իրականում ոչ թե խաղի մասնակիցները, այլ հաղորդման կազմակերպիչները: Հեռախոսահամարին զանգահարելու 1 րոպեի արժեքը 540 դրամ է` ներառյալ ԱԱՀ-ն: Տրվում են պարզունակ հարցեր: Ինքնապատասխանիչին միանալու դեպքում նույնպես գումար է գանձվում: Մեզ դիմող քաղաքացու համար խաղին մասնակցելու հաճույքը արժեցել է 10 հազար դրամ: «Մեկ եթերի ընթացքում տասնյակ զանգեր են ստանում: Միանալու դեպքում դիտավորյալ ձգձգում են հարցուպատասխանը: Մոտ քսան րոպե կապի մեջ ենք եղել: Տեսեք, թե ինչքան գումար են աշխատում: Պետք չէ մաթեմատիկա լավ իմանալ «խաբեությունը» հասկանալու համար»:
Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հաղորդման պատասխանատուներից, հետաքրքրվելով նաև` չի՞ ոտնահարվում սպառողի` անհրաժեշտ տեղեկատվությունը մատչելի կերպով ստանալու իրավունքը:


«Օդից փողի» ռեժիսոր Վարդան Հովնանյանը վստահեցրեց, որ օրենքից դուրս ոչինչ չի արվում, դիտավորյալ ձգձգումներ էլ չկան: Նշեց նաև, որ հաղորդման կանոնները ներկայացվում են մի քանի տարբերակով: Վազող տողում նշվում է հեռախոսազանգի մեկ րոպեի արժեքը, գրվում է նաև հեռուստախաղի պաշտոնական կայքի հասցեն, որտեղ մանրամասն ներկայացված են խաղի կանոնները: Երրորդ` ըստ էության, ամենաօպտիմալ տարբերակը ինքնապատասխանիչի ցուցումն է: Նշված հեռախոսահամարով զանգահարողին ինքնապատասխանիչը զգուշացնում է, որ միացել է «Օդից փող» հեռուստախաղին, զանգի մեկ րոպեի արժեքն է 540 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, որը հաշվարկվում է զանգի առաջին իսկ վայրկյանից: Ասվում է նաև, որ ուղիղ եթերին միացնելու հեռախոսահամարը ընտրում է համակարգիչը` պատահականության սկզբունքով: Անկախ ուղիղ եթերին միանալուց կամ պատասխանից` հաշվարկված րոպեները գանձվելու են: Հաղթանակի դեպքում ծախսած րոպեների գումարը վերադարձվում է: Նշվում է նաև, որ զանգը կարող է ձայնագրվել` անվտանգության նկատառումներից ելնելով: Այնուհետև 3-4 րոպե երաժշտություն է միանում, որից հետո ինքնապատասխանիչը կրկնում է զգուշացումը:


Խաղին մասնակցում են 16-ը լրացած քաղաքացիները: Չափահաս մարդը, կանոններին ծանոթանալով, ինքն է որոշում` մնա՞ գծի մեջ, թե՞ ոչ: Ի վերջո, որտե՞ղ է երաշխիքը, որ համակարգիչը Ձեզ կընտրի, եթե կապի մեջ մնաք րոպեներ շարունակ կամ եթե խաղին միանալու մի քանի փորձ անեք:


Կամ` որտե՞ղ է երաշխիքը, որ մասնակցելու դեպքում կհաղթեք: Կարծում եմ, այս խաղ-շոուի սիրահարների համար պետք է պարզ լինի, որ խաղալու, զվարճանալու, ժամանցի, բախտը փորձելու համար պետք է վճարել: Եթե 540 և ավելի գումարը օրախնդիր է, անհասկանալի է ամեն գնով խաղին մասնակցելու մոլուցքը: Մյուս կողմից, մարդիկ օգտվում են ժամանցի, հանգստի իրենց իրավունքից: Հեռուստախաղը ժամանցային իր գործառույթն արդյո՞ք բարեխղճորեն է կատարում: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով` գուցե պետք է այնպիսի գումար սահմանել, որ դժգոհություններ չլինեն: Հեռուստախաղի ռեժիսորը նկատեց, որ բողոքողները հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր պատճառաբանում են, թե չեն լսել, չեն տեսել, ուշադիր չեն եղել. «Հաղորդավարն անընդհատ ծանոթացնում է հեռուստախաղի կանոններին, նաև հորդորում է, որ մարդիկ ծանոթանան կանոններին, նոր զանգահարեն»:


Իմ հերթին հավելեմ, որ հաղորդավարը նաև հուշում է, որ եթե կապի մեջ չմնաք, եթե նորից չփորձեք, համակարգիչը Ձեզ ընտրել չի կարող: Եվ մինչ համակարգիչն ընտրում է խաղի մասնակցին, հաղորդավարն անընդմեջ կրկնում է կանոնները, հորդորում մասնակցել, գումար շահել, ցուցադրել գիտելիքները: Հեռուստադիտողն ունի ընտրության իրավունք. կարող է մասնակցել խաղին կամ ընտրել ժամանցի այլ տարբերակ։ Միաժամանակ դժվար է ասել, որ եթե հեռախոսավճարի չափը նվազեցվի, հաղորդման ձևաչափը փոխվի հօգուտ մասնակիցների, արդյո՞ք դժգոհությունները կդադարեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ