«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սկեսրայրս անօգնական հաշմանդամ մարդ էր, մայրը` մահամերձ, հոգեվարքի մեջ, միայն սկեսուրս է դիմադրություն ցույց տվել»

«Սկեսրայրս անօգնական հաշմանդամ մարդ էր, մայրը` մահամերձ, հոգեվարքի մեջ, միայն սկեսուրս է դիմադրություն ցույց տվել»
08.04.2016 | 01:46

Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորամիավորումները մտել էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, գնդակահարել էին Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելա Վարդանյանին, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև ընտանիքի մեծ մորը` 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին:
Եղեռնի այս տեսարանները ցնցեցին համացանցը: Թշնամու ձեռագիրը նույնն է: Քնած սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարողի ձեռագիրն է: Սումգայիթում ջարդեր իրականացողի ձեռագիրը: Թալիշում տեղի ունեցած սպանությունները ռազմական հանցագործություն են:
Սպանությունը պատկերող լուսանկարներում մարդիկ են, իրական մարդիկ, դեռ երեկ մեր կողքին ապրող մարդիկ: «Ասես կինոյում լինեինք: Գիշերը` ժամը 2-ի կողմերն էր: Չդադարող կրակոցներ սկսվեցին: Կրակոցներ միշտ լինում են, բայց այս անգամ շատ դաժան էր, աննկարագրելի: Գյուղը գետնին էր հավասարվում: Մենք ականատեսն էինք այդ ամենի: Մարդիկ խուճապահար փախչում էին»,- պատմում է Վալերա Խալափյանի տղայի կինը` ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ամուսինը` Գագիկ Խալափյանը, կնոջն ու վեց մանկահասակ երեխաներին տարհանելուց հետո հետ է գնում, որ ծնողներին տանի, բայց չի հասցնում: Ադրբեջանցիները սկսում են կրակել: Հրաշքով է ողջ մնում: Նույն ընթացքում տուն են մտնում ու իրականացնում սպանդը: Գագիկ Խալափյանին չի հաջողվում փրկել ծնողներին ու տատին:
Գոհարն ասաց, որ համացանցում շրջանառվող տեսանյութերի մասին գիտի, բայց չի ցանկացել տեսնել դրանք. «Սկեսրայրս անօգնական հաշմանդամ մարդ էր, մայրը` մահամերձ, հոգեվարքի մեջ, միայն սկեսուրս է դիմադրություն ցույց տվել»:
Թալիշում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված ընտանիքի որդին, կինը և երեխաները ներկայումս ապաստանում են Գագիկ Խալափյանի հորաքրոջ տանը: Երեխաները վեցն են` Նարինե, Վարդան, Անգելինա, Սիլվա, Մարատ, Ռազմելա:
«Ավագ դուստրս` Նարինեն, սովորում է 8-րդ դասարանում, պատահարից հետո ցնցումներից չէինք կարողանում դուրս բերել, թե ինչ հետևանք կունենա հետո, չգիտեմ: Ավագ որդիս` Վարդանը, վեցերորդ դասարանի աշակերտ է: Նա փորձում է թաքցնել ապրումները, բայց ծանր հոգեվիճակում է, գիտի, որ տատիկին էլ չի տեսնելու, ուզում է վերադառնալ, վրեժխնդիր լինել…»,- արցունքները չի զսպում երիտասարդ, բազմազավակ կինը:


Ընտանիքի ամենակրտսեր անդամը վեց ամսական է: Նա կրում է տատի` Ռազմելայի անունը:
Խալափյանների ընտանիքը զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ: Երկհարկանի տունը կառուցել են պատերազմից հետո: Գոհարն ասում է, որ գյուղում կյանքը միապաղաղ էր, անշարժ, անհետաքրքիր, վտանգն էլ` մյուս կողմից: Եթե սահմանին մոտ ես, ամեն րոպե վտանգի սպառնալիք կա: Պատերազմը բիրտ ու անխնա ձևով ներխուժեց խաղաղ ու համեստ այս տունը: Ներկայումս Խալափյանները անօթևան են ու անօգնական: Դաժան այդ միջադեպը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, ընտանիքը, սակայն, դուրս է մնացել պետական հոգածությունից: Մեր պարտքն ենք համարում պատկան մարմինների ու մտահոգ անձանց ուշադրությունը սևեռել մայրաքաղաքում ապաստանած ընտանիքի վրա, թողնում ենք նաև հեռախոսահամար, անհրաժեշտության դեպքում նրանց հետ կապ հաստատելու համար (094 63 99 03):


Սպանված Խալափյանների հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ՈՒմուդլու գյուղում:
Թալիշ գյուղն ազատագրված է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ