«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ կինը զենք է վերցնում, ամբողջ հասարակությունն է մեղավոր

Երբ կինը զենք է վերցնում, ամբողջ հասարակությունն է մեղավոր
08.09.2015 | 00:43

2014 թ. օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշը հարձակվեց մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, մեր Շանգալի վրա և սկիզբ դրեց եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության: Սկսվեց և մինչ օրս շարունակվում է աղետը։
ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները` տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը, վայրագությունների ցուցադրումը հանցագործություն են մարդկության և քաղաքակրթության դեմ: Դաժան, անորոշ խավարը դեռևս շարունակում է պատել մեր բնօրրանի մի մասը:
Եզդի ժողովրդի անվանի երգչուհի Խատե Շանգալին 2015 թ. հուլիսի 2-ին ստեղծել է «Արևի աղջիկներ» կամավորական եզդիական զինջոկատը և տղամարդկանց հետ հավասար պայքարում է Շանգալի և եզդի գերիների` «ստրուկների» ազատագրման համար: Ջոկատի աղջիկները, ոչնչացնելով Իսլամական պետության հրեշներին, նրանց ուղարկում են դժոխք, որովհետև, ըստ նրանց հավատքի, կնոջ կողմից սպանվածը դրախտ չի գնում: Այդ անասնական մղումներով տարված հրեշների մեջ իշխում է մահվան պաշտամունքը: Երգչուհին զենք է վերցրել, մայր, կին, աղջիկ, քույր ու հարս, որ Աստծո կողմից կոչված են ծնելու, սիրելու, սիրվելու և արարելու, այսօր զենք են վերցրել, սպանում են մարդ արարածին, եթե կարելի է, իհարկե, նրանց մարդ համարել: Սպանում են ուրիշ կնոջ, նույնպես մոր ստեղծածին: Չի ուզում որդեկորույս և որդեսպան լինել, բայց կյանքը, շրջապատը որդեսպան են դարձրել նրան, ցավ ու տառապանք պատճառել, այնպիսի ցավ, որը հիշելն անգամ ահավոր է: Եզդուհին զենք է վերցրել բիրտ, վայրագ և անմարդկային ուժի դեմ: Զայրույթը ներսից խեղդում է, բավական է։ Եթե ժամանակին ամերիկյան ու եվրոպական զինվորական միջամտության որոշման դեմ պայքարողներ կային, ապա այսօր առերևույթ երևում է, որ շատ շատերը, հասարակության մեծամասնությունը համոզիչ կերպով Իսլամական պետության ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշման կողմնակից են:
Եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը: Եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է ուշ լինել: Լինենք միասնական ԻՊ չարիքը վերացնելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու հարցում: Ժամն է, գնահատենք և կանխենք մեզ սպառնացող աղետը:
Թե՞ ես սխալվում եմ աղետը, ահաբեկչությունները միայն Իսլամական պետություն կոչվող հրեշների հետ կապելու հարցում: Մի՞թե կան ավելի խորքային գործընթացներ, որոնք չեն երևում, որոնք չենք տեսնում: Հավատացած եմ, որ իրադարձությունները կզարգանան ի նպաստ արդարության: Այդ ամենին կհետևեն պատասխաններ, փաստելով, որ ԻՊ-ի հրեշները չարիք են բոլորիս համար: Աշխարհի հզորները չպետք է մոռանան, որ դրա նախադեպերը բազմիցս եղել են և կործանարար հետևանքներ ունեցել մարդկության համար: Հարկավոր է ժամանակին զգուշանալ և մեր ապագան չկանգնեցնել այդ վտանգի առջև:
Աստված ապավեն ամբողջ աշխարհին` մեր ընդհանուր տուն Երկիր մոլորակին:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ