«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամեն ինչ գրողի ծոցը. միջին տարիքի ճգնաժամ

Ամեն ինչ գրողի ծոցը. միջին տարիքի ճգնաժամ
30.09.2014 | 12:22

Միջին տարիքի ճգնաժամը այսօր նույնքան տարածված հասկացություն է, որքան դեռահասներինը, և ընդունվում է իբրև հասարակական երևույթ: Իռլանդիայում գիտափորձը 508 կապիկների վրա ցույց է տվել, որ ճգնաժամը կարող է կենսաբանական պատճառներ ունենալ: Ֆրանսիացի հոգեբան Ֆրանսուա Շոշոն կարծում է, որ միջին տարիքի ճգնաժամն ունի մի քանի գործոն և կենսաբանականը, անտարակույս, պատճառներից մեկը կարող է լինել: Մարդու կենսաբանությունը փոխվում է տարիքի հետ, ճգնաժամը սովորաբար սկսվում է 40-50 տարեկանում՝ կյանքի կեսին: Այդ տարիքում ազդում են տարբեր գործոններ՝ անձնական հատկանիշները, շրջապատը, ընտանիքը, մարդու պատմությունը: Կենսաբանական պատճառներից են ծերանալը և հորմոնային փոփոխությունները: Եթե ճգնաժամն արդեն սկսվել է, նրա ներգործությունից դժվար է ազատվել: Դա ցիկլ է, որ ունի սկիզբ ու վերջ: Ճգնաժամը կարող է մարդուն գլխիվայր շուռ տալ, այդ պատճառով պետք է ջանալ բարդ շրջանը հաղթահարել հնարավորինս անկորուստ: Ճգնաժամի առաջին նշանները թվում են սովորական՝ մարդը հանկարծ հասկանում է, որ կյանքը կորցրել է իմաստը, դեռ երեկ անխախտ արժեքները իմաստազրկվում են ու չկան ոչ միայն կողմնորոշիչներ, այլև չափանիշներ: Ծագող հարցերը մի քանի մակարդակ ունեն՝ կարող են վերաբերել և՜ անձնական, և՜ մասնագիտական կյանքին, և՜ ընտանիքին, և՜ ընկերներին: Եվս մեկ նշան է ժամանակի արագ ընթացքի գիտակցումը: Ժամանակն անցնում է, և մարդը մշտական տագնապ է ապրում, որ չհասավ այն նպատակներին, որոնց, իր կարծիքով, պարտադիր պիտի հասներ: Ճգնաժամին պատրաստվելու համար պետք է որսալ այն պահը, երբ ծագում են կյանքի իմաստի ու ժամանակի կորստի հարցերը: Անհրաժեշտ է հանդարտ վերլուծել այդ զգացողությունները և չշտապել ելք գտնելիս: Ճգնաժամային իրավիճակներում ամենավտանգավորը չմտածված քայլերն են, հատկապես այն դեպքերում, երբ մարդը խաչ է քաշում իր ապրած կյանքի վրա: Նման վարքագիծը կարող է ցավագին անդրադառնալ նրա շրջապատի վրա: Ամենագլխավորը՝ ինքդ քեզ պիտի ժամանակ տաս՝ նոր զգացողությունների մասին մտածելու, թույլ չտաս, որ նրանք ճնշեն քեզ ու չենթարկվես նրանց:
Միջին տարիքի ճգնաժամը տարբեր մարդիկ տարբեր հասակներում են ապրում՝ սովորաբար 40-50 տարեկանում: Կարևոր դեր ունի և երեխաների տարիքը: Երբ նրանք մեծանում են, դեռահասության շրջանում ակտիվանում են և ծնողների ճգնաժամային խնդիրները: Սկսում է թվալ, որ կյանքիդ մի մասը իզուր ես ապրել, չափից դուրս շատ ժամանակ ես վատնել կարիերայի, ընտանիքի, ամուսնուդ վրա: Ծնողներն իրենց համեմատում են դեռահաս զավակների հետ և նույնպես կյանքը վայելելու, ոչնչի մասին չմտահոգվելու, պահի ազդեցությամբ որոշումներ կայացնելու ցանկություն են ունենում: Միջին տարիքում տղամարդիկ սկսում են դեռահասի պահվածք դրսևորել՝ սպորտային մեքենա են գնում, սիրային կապ են հաստատում առավել երիտասարդ աղջիկների հետ, դաջվածքներ են անում: Հասարակությունը միջին տարիքի ճգնաժամին սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Առաջ 50-ից հետո մարդկանց արդեն ծերունի էին համարում: Հիմա միջին տարիքի ճգնաժամի գոյությունն ընդունվում ու ակտիվ քննարկվում է: Ոմանք համարում են, որ այդ տարիքից հետո մարդը նորանում է: Հասարակությունն ընդունում է, որ այդ տարիքի մարդիկ մեծ ներուժ ունեն: Կանանց ու տղամարդկանց միջև առանձնապես մեծ տարբերություններ չկան, եթե չհաշվենք, որ տղամարդիկ ավելի արագ են գործողությունների դիմում: Կանայք հակված են ամեն ինչ իրենց ներսում պահելու: Բոլոր դեպքերում նրանց կյանքում արմատական փոփոխություններ են լինում: Առօրյան սկսում է նրանց նեղել և ամեն ինչ գրողի ծոցն ուղարկելու ուժեղ ցանկություն է առաջանում:


"Atlantico"

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ