Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Օգնեք նկարիչների միությանը, նկարչին օգնեք, ի վերջո»

«Օգնեք նկարիչների միությանը, նկարչին օգնեք, ի վերջո»
02.02.2014 | 20:35

«Այսօրվա արվեստագետի դերն այնքան են ցածրացրել, որ արվեստագետը պարտավոր է լինել իշխանության հետ, որպեսզի ինչ-որ բան առաջ գնա»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց գեղանկարիչ ՇԱՀԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ՝ հիշեցնելով 2003-ին երկրորդ նախագահի որոշումը։ Ըստ այդմ, այն նկարիչները, գրողները, կոմպոզիտորները, ովքեր 1993-ից հետո չեն աշխատում, չեն դասավանդում, աշխատանքային ստաժ չեն ունենալու։ Սա, ըստ արվեստագետի, մշակույթի ոլորտի ամենավատ որոշումներից մեկն է։ «Այսօր հեռուստատեսությամբ, որ մտավորական են ասում, նկատի ունեն երգչի։ Լավ է, դա էլ է պետք։ Մենք գիտեինք Գուրզադյան, Համբարձումյան, Սարյան, Իսահակյան մտավորականներին։ Այսօր այդ տեսակի մտավորականները քողարկված են, փակված են իրենց «բնի» մեջ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ նկարիչը որքան է մտավորական։ Նա արտահայտչական իր ձևն ունի և հոգեվիճակ է ներկայացնում։ Բայց մտավորական համարում եմ գիտնականներին։ Պետք է արվեստն ու մտավորականությունն անջատել միմյանցից։ Երկուսն էլ մեծություններ են, բայց շատ տարբեր»,- ասաց ակումբի հյուրը՝ շեշտելով, որ իրենք պետք է հասարակության մաս կազմեն, սակայն այդպես չէ։
Շահեն Ասլանյանը վաստակավոր նկարչի կոչում չունի, սակայն իրեն համարում է վաստակաշատ ու ամենևին չի կարևորում այդ կոչումը։ Այն դիտարկմանը, թե գուցե կոչումներն արժեզրկվել են, այդ պատճառով էլ գեղանկարիչը չի կարևորում դրանք, արվեստագետը պատասխանեց. «ՈՒմ ուզում են, թող տան։ Ի՞նչ է եղել, նրանք էլ դրանով են ուրախանում։ Եթե մի նկարիչ չի հասել այն մակարդակին, որ ասեն՝ վաստակաշատ մարդ ես, քեզ հարգում ենք, քո գործերը գնում, ինքն էլ մտածում է՝ լավ, անուն ձեռք բերեմ, գուցե դա գործի։ ՈՒ գործում է, գիտեք»։
Շահեն Ասլանյանը մշակույթի ոլորտում իրականացվող քաղաքականությունը խնդրահարույց է համարում։ Ըստ գեղանկարչի, ուշադրության բացակայությունն է ամենամեծ խնդիրը, հետո նաև արվեստագետի կենցաղային պայմանների բարելավումը։ Ակումբի հյուրը ուշագրավ փաստ ներկայացրեց, որը արվեստագետի նկատմամբ պետության վերաբերմունքի ցայտուն վկայությունն է։ Պարզվում է՝ նկարիչներն ընդամենը 28000 դրամ թոշակ են ստանում, մինչդեռ միայն որակյալ ներկեր և վրձիններ ձեռք բերելու համար այդ գումարը քիչ է։ Փաստորեն, մեր երկրում գործող նվազագույն աշխատավարձի չափով անգամ չեն վարձատրվում միության անդամ, միայն այդ թոշակի հույսով ապրող նկարիչները։ «Վերևներում բոլորն էլ աչք ունեն, սակայն նայում են, չեն տեսնում։ Օրինակ, չեն տեսնում քաղաքի աղբը։ Ինձ վրա դա ազդում է, ազդում են նաև այս թշվառությունը, խեղճուկրակ մուրացկանները։ Մեղավորը Քաջ Նազարը չէ, այլ նրան էշի վրա դնողները»,- ասաց արվեստագետը, հավելելով, որ այն, ինչ քաղաքում այսօր կառուցում են, լավ է, մնայուն, որովհետև ոչ մեկը հետը չի տանում։ «Յանուկովիչի Ֆաբերժեի ձվերը մնացին թանգարանին, բոլոր դղյակները մնացին թանգարանին։ Ինչ-որ ստեղծում են, մնայուն է։ Բայց, եղբայր, շարժական արվեստի նկարիչների գործերի մասին մտածեք։ Մեր նկարիչների միությունը, ցավոք, ոչ մի ցուցահանդեսից ոչ մի գործ չի գնում։ Չունի ֆինանս։ Մենք 30 տարի հետո կորցրած ենք համարելու այս շրջանի նկարչությունը։ 90-ականներից հետո մենք կորցրած արվեստ ունենք։ Թանգարանների պահեստներում չունենք այս տարիների գործերը»,- իր մտահոգությունը հայտնեց գեղանկարիչը։
Ի դեպ, Շահեն Ասլանյանը նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես է լինելու, և 45 մլն դրամ է պետք, որպեսզի նկարիչներին համապատասխան թեմատիկ պատվերներ տան։ «100-ամյակից հետո մոռանալու ենք ամեն ինչ։ Հետո 150-ամյակին մի անգամ էլ կհիշենք։ Իհարկե, ես ուրախ եմ, որ այդ ցավը մոռացվում է։ Պիտի մենք ժպտանք, գործեր անենք, որոնք ցույց տան, թե դուք կոտորեցիք, իսկ մենք ծնվեցինք, ոչ թե մեռանք։ Թուրքը մորթեց, հայ նկարիչը վերցրեց վրձինը, դիակը դրեց սեղանին, դանակը ձեռքն առավ ու նկարեց։ Այդպես չի կարելի։ Թող բոլորն ասեն՝ սա եղե՞ռն է։ Այո, եղեռնից հետոի զարթոնքն է։ Տաղանդաշատ նկարիչներ գտնվեցին, որոնք ասացին՝ մինչև գումար չլինի, չենք նկարելու»,- ասաց Շահեն Ասլանյանը, արձանագրելով, որ, ճիշտ է, պետբյուջեն չունի համապատասխան միջոցներ, բայց կարելի է հովանավորներ գտնել, որոնք կտան այդ գումարը։ Արվեստագետը ներկայացրեց հարցի լուծման իր տարբերակը. «Կառավարությունն ունի լծակներ՝ դու 10 մլն կբերես, դու՝ 5 մլն, մյուսը՝ 20։ Յոթ սարի գլխին կանգնած են, չէ՞։ Թող տան։ Տիկին Հասմիկ Պողոսյան, հարց բարձրացրու, պետությունը չունի այդքան գումար, 2 միլիարդն այդ ի՞նչ բյուջե է, երբ բանակ ես պահում։ Մարդիկ կան, լծակներ կան, պարոն վարչապետ։ Կանչի ասա՝ 100-ամյակ է, էլ չի լինելու նման բան մեր ու բոլորի կյանքում։ 100-ամյակին պետք է պայթեցնես աշխարհը։ Աշխարհով մեկ պետք է այդ ցուցադրությունը ներկայացնել, որ հասկանան՝ այս ազգն ապրում է, նպատակ ունի։ Լավ, կանգնեցինք, երգեցինք, մեկը հաստ, մեկը բարակ, մեկը բոյով, մյուսը կոլոտ։ Երգեցին, փողն առան, գնացին։ Վերջացավ, հոգի չկա։ Նկարչությունը, քանդակագործությունը մնայուն արվեստ են։ Օգնեք նկարիչների միությանը, նկարչին օգնեք, ի վերջո»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին կբացվեն գեղանկարիչ Շահեն Ասլանյանի երկու ցուցահանդեսները։ Առաջինը նվիրվելու է կանանց, երկրորդը՝ գեղանկարչի այսօրվա հոգեվիճակն արտացոլող լիրիկական աբստրակցիա է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ