ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ամուսնու կարողությունը գնահատվում է նաև կնոջ թանկարժեք հագուստով

Ամուսնու կարողությունը գնահատվում է նաև կնոջ թանկարժեք հագուստով
13.11.2012 | 12:13

ԱՄԷ-ում ամեն քայլափոխի կհանդիպես ազգային հագուստով մարդկանց: Այդ տեսանկյունից ամենաակնառուն տեղացիներն են, հնդիկները և պակիստանցիները: Ժամանակի ընթացքում աչքդ վարժվում է նրանց հագուստի ձևերին, գույներին: Նույնիսկ սկսում ես չնկատել: Բայց, ամեն դեպքում, զարմանում ես, թե ինչպես է նրանց հաջողվել նույնիսկ մեր օրերում կիրառության մեջ պահել ազգային հագուստը: Հետաքրքիր է, որ կիրառում են ազգային հագուստի գրեթե բոլոր տարատեսակները: Տեղացիների հագուստը նման է արաբական մյուս երկրների հագուստին (իսլամական ավանդական հագուստ): Բաղկացած է հիմնական մասերից. տղամարդիկ կրում են կանդորա (բամբակյա սպիտակ արտահագուստ, որը հասնում է մինչև կրունկները), թաքյա (սպիտակ հելունագործ գլխարկ), քաֆյա (սպիտակ կամ նախշազարդ գլխաշոր), իսկ դրա վրա դրվում է ագալ կամ իքալ (սև թելից հյուսված կրկնակի լար): Քանի որ կլիման շատ տաք է, նախընտրում են կաշվե բարձրակրունկ սանդալներ: Երբեմն կհանդիպեք սպորտային գլխարկի և կանդորայի համադրության: Կանայք առանց արտահագուստի` աբայայի, հանրության մեջ չեն երևա: Այն ծածկում է կնոջ ամբողջ մարմինը, որը համարվում է գայթակղիչ: Անպայման մազերն էլ պետք է փակ լինեն: Դրա համար կանայք կրում են հիջաբ (գլխարկով գլխանոց): Մոլի հավատացյալ կանայք կրում են նաև ձեռնոց և գիշվա (դեմքի ծածկոց): Աբայայի տակից կարող են կրել ցանկացած հագուստ, ցանկացած արտադրողից, ցանկացած գույնի և զարդարանքի: Եթե տեղացիների դեպքում ընդունված են արտահագուստի սև կամ ավելի մեղմ երանգները, ապա հնդիկների նախընտրությունն այլ է: Նրանք հագնում են վառ գույներով ծաղկազարդ, զոլավոր, ուլունքապատ հագուստ` սարի, շալվար քամիզ (տաբատ և մինչև նստատեղը հասնող շապիկ), չուրիդար քուրտա (տաբատ և մինչև ծնկները հասնող շապիկ), պատտու պավադայի (մանկական հագուստ), ի ցույց են դնում իրենց հարուստ մազերը, որոնք միշտ օծված են բուրավետ յուղերով: Այստեղ ես հիմնականում հնդկական ազգային հագուստով կանանց եմ հանդիպել: Պակիստանցի տղամարդիկ են ավելի շատ կրում ավանդական հագուստ, հատկապես տաբատին փոխարինող սարոնգներ (գոտկատեղին փաթաթված մինչև կրունկները հասնող կտոր), որը համադրում են վերնաշապիկի հետ: Այստեղ ապրում են նաև զգալի թվով սիքերի համայնքի ներկայացուցիչներ: Նրանք էլ կրում են դասթարներ (գլխակապեր): Հայերի համար հագուստի առումով առանձնահատուկ բան չեմ կարող նշել. հագնվում են այնպես, ինչպես ընդունված է աշխարհում:
Մարդու բնակության վայրը, բնականաբար, ազդում է ճաշակի վրա. կան մարդիկ, որոնք միանգամից յուրացնում են միջավայրում հայտնված ամեն նոր բան, ոմանք ընտրողաբար են յուրացնում: Բայց ազդեցությունը երևում է: ԱՄԷ-ն, ինչպես գիտեք, մեծ շուկա է, որտեղ ներկայացված են աշխարհում հայտնի հագուստի բազմաթիվ արտադրողներ ապրանքի համապատասխան գնով, որն ունի իր սպառողը: Ինչևէ, նորաձևության սիրահարները այստեղ կարող են իրենց ցանկությունները լիարժեք հագեցնել: Դուբայը այն քաղաքներից մեկն է, որտեղ տեղի են ունենում տարվա կարևոր նորաձևության շաբաթները: Դուբայի նորաձևության շաբաթը, որպես ամենամյա միջոցառում, մեկնարկել է 2005-ին, որի հիմնադիրը միջազգային ճանաչում ունեցող նորաձևության ցուցադրությունների պրոդյուսեր Մարկ Ռոբինզոնն է: Բացի այս կարևոր միջոցառումից կազմակերպվում են նաև ավանդական հագուստի դիզայներների աշխատանքների ցուցադրություններ: Նրանք փորձում են կատարելագործել աբայան և կանդորան, դրանց ավելացնել ժամանակակից դետալներ:
ԱՄԷ-ում ամենահայտնի և թանկարժեք աբայայի արտադրողներից մեկը «Առաջին տիկին» ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրեն Նասեր Աբդուլ Ռահմանը գոհունակությամբ նշում է, որ ոչ մի տեսակի տնտեսական փոփոխություն գրեթե չի անդրադառնում իրենց բիզնեսի վրա: Մարդիկ շարունակում են գնել իրենց թանկարժեք կտորներից կարած աբայաները, որոնք հաճախ զարդարված են ձեռագործությամբ, «Սվարովսկի» քարերով: Շարջայում հիմնադրված «Առաջին տիկին» աբայաների ընկերության արտադրանքի պահանջարկ կա նաև Քաթարում, Օմանում: ՈՒստի ընկերությունը ծրագրել է բացել ֆիրմային խանութներ Դոհայում (Քաթար), Մասկատում (Օման): Այնուհետև ցանցն ընդլայնելով խանութներ կբացվեն Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում: Նրանք այսօր խանութ ունեն Շարջայի առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված է սեփական դիզայնով 25 ապրանքատեսակ: Բայց ընկերությունն ընդունում է նաև հագուստի անհատական պատվերներ, որոնք կարվում են 4-5 օրում: Քանի որ ընկերությունը մասնագիտացած է քարերով և ասեղնագործությամբ զարդարված աբայաներ կարելու գործում, պատվերներն էլ այդպիսին են լինում: Գները կարող են հասնել 2000-9000 դիրհամի: Բարձրակարգ աբայայի գինը կարող է անցնել 15000 դիրհամից: Մուսուլմանական երկրներում ամուսնու կարողությունը գնահատվում է նաև կնոջ թանկարժեք հագուստով և աքսեսուարներով, ուստի տղամարդիկ դրամ չեն խնայում իրենց կանանց աբայաների վրա: Ի դեպ, այս ընկերության կողմից արտադրված հիմնական մոդելների հեղինակը հիմնադիր տնօրենի կինն է, ով ունի իր սեփական «SH Collection» արտադրական գիծը: Այն շուկայում իշխող դիրք է գրավում: Շուկայում կան նաև ավելի պարզ, մատչելի աբայաներ, որոնք կարելի է գնել 70 դիրհամով: Աբայաների նորաձևությունը նրանց համար է, ովքեր համակերպվել են իրենց հագուստին: Բայց երկրում կան նաև կանայք, ովքեր չեն համակերպվում կանանց թելադրվող օրենքներին` կապված հագուստի, վարվեցողության, ընտանեկան կարգավիճակի հետ: Նրանք ձգտում են ազատության, ցանկանում են լողափ գնալ լողազգեստով, ոչ թե աբայայով, առանց կաշկանդվելու և քննադատվելու շփվել հակառակ սեռի հետ: Բայց որքան էլ ԱՄԷ-ն նորարարությունները գրկաբաց ընդունող երկիր է, միևնույն է, կանանց հարցում շարունակում է պահպանել ավանդական մոտեցումները: Հարգելի կին ընթերցողներ, ավելորդ անախորժությունների մեջ չհայտնվելու համար այս երկիր այցելելիս աշխատեք խուսափել լայն բացվածքներից, մարմինն ընդգծող թափանցիկ հագուստից:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ