Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կընդլայնվի կիսաանապատային գոտին, եթե...

Կընդլայնվի կիսաանապատային գոտին, եթե...
01.08.2008 | 00:00

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ
Վերջին հարյուր տարում ջերմոցային գազերի (CH4, CO2) 1,5 տոկոսով աճի, խտացման, արտանետումների ավելանալու, էներգակիրների չափից ավելի ծախսման, ինչպես նաև հրաբխային և արեգակնային էներգիայի փոփոխությունների պատճառով երկրի մակերևույթի վրա 0,7 աստիճանով ավելացել է մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը: Եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, և նշված երևույթները նույն ձևով շարունակվեն, ապա հաջորդ հարյուրամյակում մթնոլորտը կտաքանա ևս 1,5 աստիճանով: Վերոնշյալ գործոնը կնպաստի բևեռային սառույցների հալքին, ինչի պատճառով էլ Համաշխարհային օվկիանոսի միջին մակարդակը կարող է բարձրանալ մինչև 150 սմ-ով:
Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ էկոլոգիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան ԱՇՈՏ ԽՈՅԵՑՅԱՆԸ, կլիմայի համամոլորակային փոփոխությունների հետ Հայաստանում օդի ջերմաստիճանը հնարավոր է, որ բարձրանա մինչև 2 աստիճանով: Այն, 13-15 տոկոսով ազդելով Սևանա լճի հաշվեկշռի և հանրապետության ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշերի վրա, 10 տոկոսով կնվազեցնի մթնոլորտային տեղումների քանակը: Զուգահեռաբար 33 տոկոսով կընդլայնվի կիսաանապատային գոտին, կկրճատվեն լճերի մակերեսները, ալպյան մարգագետիններն ու գերխոնավ տարածքները` պատճառ դառնալով էնդեմիկ և հազվագյուտ բուսատեսակների անհետացման: Անտառային գոտու 100-200 մ նահանջի հետ կավելանա վերջինիս մեջ բնադրող վնասատուների քանակը: Հարկադրական արտագաղթն ու բնակավայրերի կրճատումը կհանգեցնեն թռչունների և կենդանիների որոշ տեսակների նվազման, գուցե և վերջնական անհետացման:
Կլիմայի փոփոխությունները մեղմելու նպատակով 1972-ին մի քանի տասնյակ պետություններ ընդունեցին Ստոկհոլմի հռչակագիրը, 1979-ին անցկացվեց կլիմայի փոփոխությունների վերաբերյալ առաջին համաշխարհային կոնֆերանսը: Այդ գիտաժողովի ժամանակ ընդունվել է դեկլարացիա, որը նպատակ ուներ «կանխարգելել կլիմայի վրա ազդող պոտենցիալ ոչ հաշվենկատ գործողությունները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մարդկության բարեկեցության վրա»: 1980-1990-ականներին անցկացված գիտաժողովների ընթացքում գլոբալ մյուս գործողությունների հետ մեծ երկրները ստանձնեցին նաև զարգացող երկրներում արտանետումների քանակը նվազեցնելու պատասխանատվությունը:
Արտանետումների քանակական սահմանափակումների նվազեցման և կլիմայի փոփոխությունների մոնիտորինգային համակարգերի ստեղծման վերաբերյալ 2005-ից ուժի մեջ է մտել Կիոտոյի արձանագրությունը: Վերոնշյալ փաստաթուղթը պահանջում է, որ զարգացած երկրները 2008-2012 թվականներից համատեղ կիրառեն մաքուր զարգացման մեխանիզմներ: Դրան զուգահեռ պետք է իրականացվեն նաև համատեղ նախագծեր և արտանետումների քվոտաների առք ու վաճառք, որոնց շնորհիվ զգալիորեն կնվազեն առավել վտանգավոր ջերմային վեց գազերի արտանետումները: Արձանագրությունն արդեն արժանացել է միջազգային հանրության հավանությանը, և առաջիկա տասնամյակների ընթացքում կլիմայի փոփոխության ոլորտում տարվող քաղաքականությունը հիմնականում կիրականացվի այդ փաստաթղթի հիման վրա:
Հայաստանը «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան ընդունել է 2006-ին: Ներկայումս կոնվենցիայի շրջանակում իրականացվում է «Քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման համակարգում էներգաարդյունավետության ծրագիրը»: Կոնվենցիայի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև «Տրանսպոտային հատվածի ջերմոցային գազերի կրճատման ծրագիր», պատրաստվել և կլիմայի փոփոխության ադապտացիոն ֆոնդին է ներկայացվել «Անտառային սեկտորի հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը» ծրագրային հայտը: 2007-ի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում սկսել են իրականացվել թափոնների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և անտառապատման թվով 10՝ «Մաքուր զարգացման մեխանիզմների» նախագծեր: ՀՀ կառավարության որոշումով` բնապահպանության նախարարությունն արդեն նշանակվել է այդ նախագծերի գործընթացը համակարգող լիազորված ազգային մարմին` ստանձնելով համապատասխան պարտավորություններ:
Ա. Խոյեցյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է ջերմոցային գազերի կրճատմանն ու սահմանափակմանն իր հնարավոր մասնակցության մասին: Արտանետումները նվազեցնելու համար հայ գիտնականներն առաջարկել են նոր արտադրական տեխնոլոգիաների կիրառման, էներգակիրների ծախսերի կարգավորման, արեգակնային էներգիայի օգտագործման, տրանսպորտային միջոցներն ավելի մաքուր վառելիքով շահագործելու տարբերակներ: Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գիտաժողովների մասնակից հայ գիտնականները պահանջել են ստեղծել նաև աղտոտիչների արտանետման ազգային և տարածաշրջանային ռեգիստրներ` ապահովելով տեղեկատվության մատչելիությունն ամբողջ աշխարհում: Այն, հասարակության և ձեռնարկությունների աշխատողների իրազեկությունը բարձրացնելուց բացի, կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը` օգնելով նաև ժամանակին մթնոլորտի աղտոտումը կանխարգելող միջոցներ և համապատասխան գործառույթներ ձեռնարկելուն:
Աստղիկ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Դիտվել է՝ 9831

Մեկնաբանություններ