ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27.12.2023 | 16:11

Սիրելի՛ հայրենակիցներ,

2023թ. մեր հիշողությունների մեջ կմնա որպես համազգային ողբերգության տարի. 9-ամսյա շրջափակման ու լիակատար պաշարման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի արդյունքում, չնայած համառ դիմադրությանը, ամբողջովին հայաթափվեց հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը:

2020թ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի, տարածքի զգալի մասի բռնազավթման հետևանքով Արցախն ունեցել է մարդկային, քաղաքական, ռազմական, նյութական ծանր կորուստներ, իսկ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը բնաջնջման՝ ցեղասպանության սպառնալիքի տակ հայրենազրկեց շուրջ 120 հազար արցախցիների: Բաքվի իրականացրած հանցագործությունների ցեղասպանական բնույթը հաստատվել է ոչ միայն նշանավոր ցեղասպանագետների, այլև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Ավելին, նույն Ադրբեջանի հանցավոր արարքների ու քաղաքական ճնշումների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մի մասը գտնվում է գերության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված ողջ բնակչությունը (շուրջ 150 հազար) ցրված է ամբողջ Հայաստանով: Տեղահանված արցախցիների մի որոշ մասն էլ ստիպված է եղել արտագաղթելու արտերկիր:

Արցախի իրենց հայրենակիցներին հարազատի պես են ընդունել և նրանց հոգսերի թեթևացմանը լծվել մայր հայրենիքի հարյուրավոր համայնքների տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Որոշ ծրագրեր իրականացվել են պետական մակարդակով, սակայն, դրա հետ մեկտեղ Հայաստանում տարատեսակ խմբեր և ուժեր փորձում են թույլ չտալ նոր իրավիճակում Արցախի պետական հաստատությունների ինքնակազմակերպումն ու քաղաքական ներուժի ձևավորումը՝ զուտ Արցախին վերաբերող խնդիրների առնչությամբ:

Երբեք հայկական իրականությունն այսքան պառակտված ու բաժանված չի եղել: Ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել որևէ ողջամիտ հայի և այս մտահոգությամբ էլ մենք դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր կողմերում, դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հայրենակցական, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մեր բոլոր գործընկերներին. մենք իրավունք չունենք մոռացության տալու մեր ազատագրական պայքարի փառավոր էջերը, մեր հերոսներին, մեր պատմական տարածքները: Մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք նաև ամեն կերպ պահպանել ներքին ինքնակազմակերպման այն կառույցները, որոնք արդեն իսկ ունենք։ Դրանք առաջին հերթին համայնքներն են, ստեղծագործական միությունները, արհմիությունները, մշակութային խմբերը և այլն։

Բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են ձախողումներ, պարտություններ ու անհաջողություններ, բայց այդպիսի պահերին ազգերն ավելի են համախմբվում իրենց վեհ նպատակների, ինչպես նաև պատմական անցյալի և ապագայի մասին իրատեսական գաղափարների շուրջ: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել միասնական, այսինք՝ շատերի համար ընդունելի օրակարգով, որի ցանկում, մեր պատկերացմամբ, կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.

1. Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան ու մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակը: Այս խնդիրը միայն ու միայն արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների միջև քննարկումների և հայության բոլոր հատվածների հետ համախոհությամբ ընդունված որոշումների արդյունք կարող է լինել: Պետք է ձգտենք միջազգային կառույցների և ազդեցիկ դերակատարների շահագրգռվածությունն այս հարցում դարձնելու իր պատմական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու հուսալի երաշխիքներ:

2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տեսանելի ու գործնական քայլեր: Խոսքը՝ բնակության համար բավարար պայմանների և աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծման մասին է, և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ու ծրագրերի գլխավոր հանձնառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Տեղահանված արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջազգային ծրագրերի ընթացքը և առանձին երկրների հատկացրած գումարներից ծախսերը պետք է թափանցիկ լինեն հանրության համար:

3. Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախի մշակութային, հոգևոր, նյութական արժեքների պահպանության խնդիրը: Այս ուղղությունը կարող է դառնալ Սփյուռքի հայկական կազմակերպությունների և նրանց ներկայացմամբ՝ ոչ հայկական կառույցների հոգատար վերաբերմունքի և ցանցային գործունեության գլխավոր թեմաներից մեկը՝ Արցախ վերադառնալու նախապայմանի տեսքով: Մեր վանքերն ու եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները, հարուստ պատմամշակութային ժառանգությունը չպիտի բաժին դառնան վանդալիզմի և կեղծարարության, դրանք պետք է ներառվեն միջազգային պաշտպանություն ապահովող կառույցների ցանկում:

Վերոնշյալ ուղղությունները միայն ընդհանրական պատկերն են այն առաջնահերթ անելիքների, որոնց մշակումն ու իրականացումը պահանջում են լուրջ և հետևողական ջանքեր հայության բոլոր հատվածների կողմից: Մեր համադրված աշխատանքով անհրաժեշտ է հավաքագրել ականատեսների վկայություններն ու փաստերը և փաստաթղթերի, տեսանյութերի միջոցով դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ հանցագործությունների մասին կազմված փաթեթների տեսքով:

2023թ. Արցախում մեր հայրենակիցները դիմավորել են շրջափակման պայմաններում, բայց մեծ հույսերով, որ անկախ հանգամանքներից՝ ապրելու են իրենց նախնիների հողում՝ շարունակելով դարավոր ավանդույթները:

Մենք առաջարկում ենք, որ 2024 թվականը հայության բոլոր հատվածները հայտարարեն «Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի» և ամեն ինչ ձեռնարկեն տեղահանված մեր հայրենակիցների կամքն ու վճռականությունը վերադարձնելու, Արցախի հանդեպ աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունն ամրապնդելու և Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը։

««Արցախ»հայրենասիրականկանչ»

հասարակականկազմակերպություն

Երևան, 26 դեկտեմբերի, 2023թ.

Դիտվել է՝ 5975

Մեկնաբանություններ