ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-13

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-13
17.12.2023 | 15:36

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Այսօր, ցավոք, շատ քչերն են բավարար չափով տեղյակ, թե ինչ է կատարվում Պաղեստինյան ինքնավարությունում: Իսրայելին հաջողվել է պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակելուն զուգընթաց, ՀԱՄԱՍ- ից և, ընդհանրապես, Պաղեստինյան ինքնավարությունից տեղեկատվական հոսքերն արգելափակել, համենայն դեպս, սահմանափակել ու հասցնել նվազագույնի:

Այնուհանդերձ, հենց Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև մի քանի այլ պետությունների ղեկավարների, այլ պաշտոնյաների և ԶԼՄ- ների կողմից հրապարակվող տեղեկությունները վկայում են, որ իսրայելա- պաղեստինյան հակամարտությունը մտել է մի նոր ու վտանգավոր շրջան:

Ինչպես ավելի վաղ արդեն նշել ենք, ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Իսրայելն արդյոք մինչև վերջ կգնա՞ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին ու մարտիկներին ամբողջությամբ ոչնչացնելու հայտարարված ու Գազայի հատվածը բռնազավթելու չհայտարարված նպատակների իրականացման գործում, և եթե այո, լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորումը կհանդուրժի՞ դա՝ գիտակցելով, որ Իսրայելի հաջորդ թիրախն ինքն է լինելու, թե՞, ի տարբերություն ներկայի, լայնամասշտաբ մասնակցություն կունենա պատերազմին, որի դեպքում դրանում կներգրավվեն Լիբանանը և, շատ մեծ հավանականությամբ, նաև Իրանը:

Օրերս հրապարակված տեղեկատվության համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) սկսել է

ՀԱՄԱՍ-ի թունելների հեղեղումը ծովային ջրով: Սա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում և, ընդհանրապես, Պաղեստինյան ինքնավարությունում որոշ ժամանակ հետո կդադարի գոյություն ունենալ, քանի որ, չնայած Իսրայելի հրթիռա-ռմբային զանգվածային հարվածներին, ՀԱՄԱՍ-ը կարողանում էր ոչ միայն գոյատևել, այլև շարունակել զինյալ պայքարը հիմնականում շնորհիվ այդ թունելների, որտեղ թաքնվում էին ՀԱՄԱՍ-ի մարտիկները, ղեկավարները, թաքցնում նաև իրենց զենք-զինամթերքը:

Նշված տեղեկատվության հրապարակման նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, «Известия»-ի փոխանցմամբ, հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի համար վերջին օրերի վրա հասնելու մասին:

Գազայի հատվածում թունելների ցանցը սկսել են կառուցել 2010 թվականից։ Նրանց ընդհանուր երկարությունը 400-500 կմ է, իսկ խորությունը հասնում է 35 մ-ի։ Դեկտեմբերի 4-ին ՑԱՀԱԼ-ը հաղորդել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 800 թունելների հայտնաբերման մասին, ինչպես նաև դրանցից տարբեր միջոցներով, ներառյալ՝ պայթուցիկների օգտագործումը, 500-ի ոչնչացման։

ՑԱՀԱԼ-ը սկսել է ծովային ջուր մղել ՀԱՄԱՍ-ի զինյալների թունելային համալիր:

Ըստ «Wall Street Journal» (WSJ) պարբերականի տվյալների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ դա կօգնի ոչնչացնել թունելները, որտեղ զինյալները թաքցնում են զինամթերքն ու պատանդներին:

Միաժամանակ, թերթի տվյալներով, Իսրայելն ԱՄՆ-ին նախազգուշացրել է նման մտադրության մասին, ինչին ի պատասխան, ամերիկյան իշխանությունները մտավախություն են հայտնել՝ կապված վտանգավոր նյութերով, որոնք, հնարավոր է, կարող են գտնվել թունելներում, հողի հնարավոր աղտոտման հետ: WSJ-ն նշել է նաև, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ էլ մտահոգված են, որ թունելներ ծովի ջրի մղումը կարող է վտանգել Գազայի հատված խմելու ջրի մատակարարումը:

Երբ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը շարունակաբար զինում է Իսրայելին և անուղղակի մասնակցություն ունի նրա կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, իհարկե, դժվար է հավատալ, թե ամերիկյան իշխանությունները մտահոգված են թունելներ ծովի ջուր մղելու հետևանքով Գազայի հատվածում հողի հնարավոր աղտոտմամբ, որոշ ամերիկացի պաշտոնյաներ էլ այն հնարավորությամբ, որ Գազայի հատված խմելու ջրի մատակարարումը կարող է սպառնալիքի տակ հայտնվել:

Այս ամենն ընդամենը կեղծավորություն ու կապիկություն է: Նպատակը կամ տարածաշրջանային հնարավոր մեծ պատերազմի բռնկման դեպքում չքմեղանալն է, թե մենք ժամանակին դեմ էինք թունելների հեղեղմանը, եթե այն խթան հանդիսանա նշված պատերազմի բռնկման, կամ Վաշինգտոնն իսկապես դեմ է թունելների հեղեղմանը և խուսափում է ներկա ժամանակաընթացքում հիշյալ պատերազմի հնարավոր բռնկումից և Իրանի հետ հավանական բախումից:

ՑԱՀԱԼ-ը ոչ մի անգամ չի մեկնաբանել թունելների ոչնչացման համար ծովային ջրի օգտագործման մասին տեղեկատվությունը: Դեկտեմբերի 5-ին WSJ-ն, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները դիտարկում են ստորգետնյա թունելների համակարգը հեղեղելու հնարավորությունը: Իսրայելական «The Jerusalim Post» պարբերականի տվյալներով, թունելների հեղեղման գործընթացը սկսվել է դեռ անցյալ ամսից, երբ ՑԱՀԱԼ-ը Գազայում հինգ պոմպ է տեղադրել՝ ծովային ջուրը թունելներ մղելու համար:

Թերթի տվյալներով՝ Իսրայելն ԱՄՆ-ին նախազգուշացրել է նման մտադրության մասին, ինչին ի պատասխան, ամերիկյան իշխանությունները մտավախություն են հայտնել կապված վտանգավոր նյութերով, որոնք, հնարավոր է, կարող են գտնվել թունելներում, հողի հնարավոր աղտոտման հետ: WSJ-ն նշում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ մտահոգված են, որ ծովի ջրի պոմպացումը կարող է վտանգել Գազայի մատակարարումը քաղցրահամ ջրով:

Հասկանալով Գազայի հատվածում գտնվող թունելների հեղեղման վտանգավոր հետևանքները, Ռուսաստանն ավելի վաղ խստորեն դեմ էր արտահայտվել Իսրայելի տվյալ գործողությանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, Lenta.Ru-ի տեղեկացմամբ , Գազայի հատվածի թունելները հեղեղելու Իսրայելի ծրագրերը ռազմական հանցագործություն է անվանել:

«Ռազմական հանցագործությունները գնալով աճում են. վերջին օրերին ցնցող տեղեկություններ են տարածվել Գազայի հատվածում ստորգետնյա կառույցները ծովային ջրով ողողելու Իսրայելի ծրագրերի մասին,- ասել է դիվանագետը:- Նման քայլը, դրա կատարման դեպքում, կլինի ակնհայտ ռազմական հանցագործություն»։

Պոլյանսկին նշել է, որ ՑԱՀԱԼ- ն արդեն կառուցել է խողովակների և պոմպերի համակարգ, որոնք նախատեսված են ջուր մղելու համար, և ներկայումս ԱՄՆ-ի հետ քննարկում է թունելների հեղեղման գործնական կողմերը:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի խոսքով՝ կողմնակալ լրատվամիջոցները դա անվանում են «հանճարեղ մարտավարական որոշում» և հարց չեն տալիս, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Նա նշել է, որ հազարավոր խորանարդ մետր աղի ջրի ներթափանցումը կխաթարի Գազայի հատվածի առանց այն էլ փխրուն գյուղատնտեսական հնարավորությունները՝ ստորերկրյա ջրերի աղտոտման պատճառով:

Իսրայելը, սակայն, անտեսել է Ռուսաստանի վերոնշյալ դիրքորոշումը: Ինչպես հայտնի դարձավ երեկ, Իսրայելն

ԱՄՆ-ին տեղեկացրել է Գազայում զանգվածային օդային հարվածներով ուղեկցվող մարտերի ակտիվ փուլը 2-3 շաբաթից ավարտելու պլանների մասին: Եթե այս տեղեկությունը ճիշտ է և Իսրայելը չփոխի իր մտադրությունը, ապա մինչև հունվարի առաջին տասնօրյակի ավարտ, պարզ կինի՝ «Հըզբոլահը» կմտնի Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ, ինչից կառաջանա դրանում Իրանի ներգրավման վտանգ, թե ոչ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ