ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ադրբեջանը շարունակում է խեղել պատմական իրականությունը»

«Ադրբեջանը շարունակում է խեղել պատմական իրականությունը»
01.12.2023 | 11:05

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։

Հայտարարության մեջ նշված է, թե բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո Ստեփանակերտում ստեղծել «Ղարաբաղի համալսարան»։

Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը. մասնավորապես, ասվում է, որ բարձրագույն կրթության պրակտիկան Լեռնային Ղարաբաղում դադարել է այսպես կոչված «օկուպացիայից» հետո։ «Մինչդեռ հարկ է նկատել, որ 1992 թ․ Ստեփանակերտում սկսել է գործել Արցախի պետական համալսարանը, իսկ 2015 թ․ Շուշիում գործել է տեխնոլոգիական ինսիտիտուտ։ Այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում գործող նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական բոլոր կրթական հաստատությունների գործունեությունն ընդհատվել է այն պատերազմական գործողությունների պատճառով, որոնք սանձազերծել է Ադրբեջանը 2020-2023 թթ․։ Ռազմական գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են դպրոցներ, մանկապարտեզներ ու մշակութային հաստատություններ։

Ադրբեջանի նման մշակութասպան քաղաքականությունը նոր չէ, որ սկիզբ է առել։ Մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտման արտակարգ իրողությանն անցնելը, Ադրբեջանն արդեն իսկ 1988-1992 թթ․ ընթացքում բռնությամբ հայաթափել էր ողջ պատմական Գարդմանը, Շիրվանն ու Նախիջևանը՝ հետևապես անհնար դարձնելով այդ տարածքներում հայկական կրթամշակութային բազմադարյա ավանդների շարունակականությունը։

Դեռևս 1864 թ․ Բաքվի հայերը հիմնել են Գրիգոր Լուսավորչի անվան ուսումնարան, որտեղ անգամ ֆրանսերեն է դասավանդվել։ 1869 թ․ Բաքվում ստեղծվել է հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց։ 1877 թ․ հիմնվել է Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց։ 1912 թ․ Հայոց կաթողիկոսի հատուկ գրությամբ Շամախու թեմի առաջնորդին կարգադրվել է բացել հայկական ձայնագրության և հոգևոր երաժշտության դպրոց։

Ինչպես նկատում ենք այս ուսումնական հաստատությունները ստեղծվել և գործել են դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջան պետությունն իսկ գոյություն չուներ։ ՈՒստի դրանք ավելի հին են, քան ադրբեջանական էթնոֆոբ պետական ավանդները։ Հայերն առաջինն են նաև, որ Բաքվում հիմնել են տպարան, տպագրել գրքեր և թերթեր, ուստի, մշակութաստեղծ երևալու Ադրբեջանի բոլոր փորձերն անխուսափելիորեն բախվելու են վանդալիզմի այն իրողություններին, որոնք շարունակաբար տեղի են ունեցել ամենայն հայկականի նկատմամբ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այժմ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ստեղծարար երևալու համար ամենևին պարտադիր չէ ոչնչացնել արդեն իսկ ստեղծվածը։ Սա խորը էթնիկ և կրոնական ռասիզմի դրսևորում է, որով վարակված է ադրբեջանական հասարակությունը շնորհիվ այն համակարգային հակահայկականության քարոզի, որը մի քանի տասնամյակ վարել է Բաքվի բռնատիրական ռժիմը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ պատմական և քաղաքական ձեռնածությունների պրակտիկային և հաշվի նստել հայկական խորը ներկայության փաստի հետ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ամբողջապես հանձնառու է ոչ միայն հայ փախստականության խնդիրների վերհանմանը, այլև Ադրբեջանի կողմից հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգության մասին բարձրաձայնմանը, միջազգայնացմանը և մեղավորներին պատասխանատվության կոչելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ