Ազգային ժողովում 2021-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետական բյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին։
«Երկու տեսակետից կուզեի հարցին անդրադառնալ՝ առաջինն իրավական, երկրորդը՝ բովանդակային։ Հայաստան համահայկական հիմնադրամը 1992-ին հիմնադրվելով՝ նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, և կարծում եմ՝ դա հաջողվել է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել ձևակերպման վրա՝ աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն և համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ Ակնհայտ է, որ հիմնադրամը եզակի և բացառիկ կառույց է՝ 1300 կարևոր ծրագրեր իրականացրած կառույց։ Նպատակն արդեն ընթերցեցի, ուզում եմ ներկայացնել նաև հիմնադրամի առաքելությունը, առաքելությունն է համահայկական ցանցային համակարգի ձևավորումը։ Եվ այստեղ նույնպես ուզում եմ ուշադրություն դարձնենք, թե ինչ նպատակով է այս համակարգը ձևավորվում, որի նպատակն է ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների՝ Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն ու փոխկապակցված զարգացումը»,- ասաց նա։ Նախարարի խոսքով՝ այս համատեքստում իրավական տեսակետից խնդիր չկա, հատկապես հաշվի առնելով այն, որ նվիրաբերությունները, որոնք կատարվել են պետական բյուջեին, հոգաբարձուների խորհրդի հավանությանն արժանացած որոշումների հիման վրա են կատարվել։
«Եվ ձևակերպվել է հետևյալ կերպ՝ պետության ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերություն ստացողին նվիրաբերությամբ տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար։ Իսկ նվիրաբերություն ստացողը պարտավորվում է իրագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- նշեց Ջանջուղազյանը։ Ըստ նրա՝ նվիրաբերության պայմանագրով նախատեսված է նաև դրույթ, որի համաձայն՝ պետք է ներկայացվի հաշվետվություն միջոցների ստացման հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հաշվետվությունը ներկայացվել է հետևյալ բովանդակությամբ․ «Նվիրաբերված գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020-ի պետական բյուջեով նախատեսված միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ պահի դրությամբ կազմել են շուրջ 101 մլրդ դրամ»։
Ատոմ Ջանջուղազյանը հավելեց․ «Մեր պատկերացմամբ՝ մենք հասել ենք մինչև ծախսային վերջին բջիջի բացահայտմանը, բայց եթե կարծում եք, որ դա բավարար չէ, որպեսզի համարենք, որ բյուջեի կատարման հաշվետվությունն այնքան հրապարակային է, որը կկարողանա պատասխանել հարցերին, թե ինչի համար են օգտագործվել բյուջեի միջոցները, պատրաստ ենք այն ավելի մանրամասնել»։