ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Կկարողանա՞ Իսրայելը ջարդել Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակը

Կկարողանա՞ Իսրայելը ջարդել Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռյակը
26.01.2021 | 12:37

Իսրայելում, իհարկե, հասկանում են, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են լինելու: Բայց ի՞նչ փոփոխություններ: Հազիվ թե Բայդենը փոխի Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու կամ Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու որոշումները, թեպետ նոր նախագահի խորհրդականները իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի լուծումը տեսնում են երկու պետությունների ստեղծման մեջ:

Թրամփի «դարի գործարքը» ներառում էր այդ հայեցակարգը, բայց խիստ տարբերվում էր կոնֆլիկտի լուծման նախորդ նախագահների տարբերակներից: Խոսքը ոչ թե Իսրայելի 1967-ի սահմններով տարածքների բաժանման մասին էր, այլ՝ սխեմայի, որը թույլ կտար Իսրայելին բռնակցել Արևմտյան ափի մեծ հատվածներ: Բայց Իսրայելի համար այդ խնդիրն իր ողջ կարևորությամբ, ընկալմամբ. որ Բայդենը կվերադառնա ավելի անաչառ տարբերակի, որ կար Օբամայի օրոք, հիմա երկրորդական է: Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև ստորագրված կոալիցիաներն էլ, իսրայելցի փորձագետների գնահատականով, «դեռևս այնքան էլ կայուն չեն»: Իսրայելի համար գլխավորը հիմա Իրանի հետ միջուկային գործարքն է, որ բացառվի վերադարձը Օբամայի վարչակազմի ծրագրած իրավիճակին, որին կատաղի դիմադրում էր Իսրայելը: Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման Օբամայի ձգտման նպատակներից մեկը Իրանի հրաժարումն էր միջուկային զենքի ստեղծումից՝ պատժամիջոցները հանելու դիմաց և աստիճանաբար տարածաշրջանային մեծ տերության վերածվելու, որ կարող է դիմակայել Թուրքիայի աճող ազդեցությանը: Հիմա Իսրայելը պետք է համոզի ԱՄՆ-ին, որ Օբաման «վիթխարի սխալ» է արել և ամերիկացիները պետք է պետք է իրավիճակի իրենց գնահատականը տան: The Jerusalem Post-ը գրում է, որ անհրաժեշտ է ցրել միֆը, թե «Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունին դատապարտված է ձախողման, որովհետև Օսմանյան, Պարսից ու Ռուսական կայսրության պատմական նպատակները տարբերվում էին, կամ այն պատճառով, որ նրանք ներկայացնում էին սունի, շիա ու քրիստոնյա երկրներ»: The Jerusalem Post-ի կարծիքով՝ «դա պատմության սխալ ընթերցում է, իրականում նրանք պատրաստ են միասին աշխատել ընդհանուր թշնամիների դեմ Արևմուտքում»:

«Վերջերս ավարտված պատերազմը Ադրբեջանի ու Հայաստանի միջև նույնպես ծրագրված էր այդպես,- գտնում է The Jerusalem Post-ը, -որ Թուրքիան ու Ռուսաստանը կարողանան անմիջական շփում ունենալ Կովկասի հարավում, նվազեցվի ԱՄՆ-իա ազդեցությունը և միմյանց մեջ բաժանեն այդ տարածաշրջանը: Այդ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղ մտան ռուս խաղաղապահները: Այն պատերազմը, որին Թուրքիան մղեց Ադրբեջանին, նշանավորեց ԱՄՆ-ի՝ Կովկասի գործերում ներգրավվածության ավարտը: Թեպետ Թուրքիան բոլորին համոզում էր, որ այդ պատերազմը պետք էր Իրանին ու Ռուսաստանին դիմակայելու համար, իրականում Անկարան համագործակցում էր Թեհրանի ու Մոսկվայի հետ»: Իսրայելի ու ԱՄՆ-ի համար հազիվ թե Թեհրանը հանվի տագնապ հարուցող պրոբլեմների ցուցակի առաջին տեղից, տարածաշրջանի մյուս երկրները ավելի քիչ են մտահոգված Իրանով, իսկ հիմա Անկարան է փախցնում Իսրայելի գիշերային քունը: Բայդենին առաջարկվում է չլուծել հարցը միակողմանի Իրանի հետ միջուկային համաձայագրով, այլ անել փաթեթով, որի մեջ նաև Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունն է՝ իբրև ՆԱՏՕ-ի դաշնակից: Թրամփի հեռանալը այդ տարածաշրջանից հանգեցրեց ուժերի բարդ հավասարակշռության, որը Իսրայելը ցանկանում է էականորեն փոխել: Բայց ինչպե՞ս: Նյու Յորքում Իսրայելի նախկին հյուպատոս, իսկ հիմա Կնեսետի պատգամավորի թեկնածու «Տիկվա Խադաշի» կուսակցությունից Դանի Դայանը գտնում է, որ Իսրայելի համար դժվար է հրաժեշտ տալ «դիվանագիտական հրաշքին», որ Դոնալդ Թրամփն էր Իսրայելի պետության համար: Բայց այդ շրջանն ավարտվել է: Բայդենի նշանակած պաշտոնյաների երկրորդ էշելոնում քիչ չեն նրանք, որ անձամբ են մասնակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը: Դայանի խոսքով՝ Բայդենի կուսակցությունում կոնսենսուս կա գործարքին վերադառնալու վերաբերյալ, և «Իսրայելը պետք է վարի հանդարտ, անդրկուլիսյան ու դիսկրետ բանակցություններ՝ համոզելով ԱՄՆ-ին չվերադառնալ համաձայնագրին ներկա տեսքով, այլ պայմանավորվել՝ ինչ է լինելու 10 տարի հետո, ոչ թե մեկ»: Բայց կստացվի՞: ԱՄՆ-ը ինքը գտնվում է անկայուն անցումային շրջանում և այդ իրավիճակում տարածաշրջանային ուժերին եզակի հնարավորություն է տրված գործել սեփական շահերով, քանի դեռ մյուս կենտրոնները սահմանափակվում են միայն հայտարարություններով ու հռետորաբանությամբ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ է կատարվում Իսրայելում, բացի հերթական արտահերթ ընտրություններին նախապատրաստվելուց: Փաստացի՝ Իսրայելը իսկապես կորցրեց «դիվանագիտական հրաշք» Դոնալդ Թրամփին, փոխարենը ստացավ Ջո Բայդենին, որ պատրաստվում է վարել Բարաք Օբամայի օրոք հաստատված քաղաքականությունը, իսկ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները վերջին տասնամյակներում եղել են վատագույնը՝ նույնիսկ Բենյամին Նետանյահուն Վաշինգտոն է մեկնել ու հանդիպման հրավեր չի ստացել Օբամայից: Հենց այդ շրջանում ծաղկեցին ռուս-իսրայելյան հարաբերությունները, երբ Նետանյահուն ամիսը մեկ Մոսկվայում էր: Բայց դա ևս անցյալ դարձավ Թրամփի օրոք: Եթե իրոք Իսրայելում հասկանում էին, որ Թուրքիայի դրդումով Ադրբեջանի Արցախի վրա հարձակվելը ռուս-թուրքական պայմանավորվածություն է, և The Jerusalem Post-ն էլ գրում է, որ «Վերջերս ավարտված պատերազմը Ադրբեջանի ու Հայաստանի միջև նույնպես ծրագրված էր այդպես, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարողանան անմիջական շփում ունենալ Կովկասի հարավում, նվազեցվի ԱՄՆ-ի ազդեցությունը և միմյանց մեջ բաժանեն այդ տարածաշրջանը: Այդ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղ մտան ռուս խաղաղապահները: Այն պատերազմը, որին Թուրքիան մղեց Ադրբեջանին, նշանավորեց ԱՄՆ-ի՝ Կովկասի գործերում ներգրավվածության ավարտը: Թեպետ Թուրքիան բոլորին համոզում էր, որ այդ պատերազմը պետք էր Իրանին ու Ռուսաստանին դիմակայելու համար, իրականում Անկարան համագործակցում էր Թեհրանի ու Մոսկվայի հետ», ինչու՞ էր Իսրայելը դավաճանում իր «դիվանագիտական հրաշքին», զինում ու վարժում ադրբեջանցիներին, որ Բաքուն հաղթի: Փաստացի՝ ինքն իր դե՞մ էր գործում, թե՞ գազի դիմաց վճարելու փող չուներ: ՄՈՍԱԴ-ը նո՞ր է պարզել Անկարայի ու Մոսկվայի բուն ծրագրերը, թե՞ այդ ծրագրերը, որոնց հետևանքը տարածաշրջանում Թուրքիայի գերակա դիրք ստանալն էր, փորձում է ուղղել Իրանի դեմ: Իսկապես Բենյամին Նետանյահուի հեռանալու ժամանակն է, նա արդեն խճճվել է իր խարդավանքների մեջ, որոնց փորձում է քաղաքականություն անվանել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ