Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա, «Հրապարակ»-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
- Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ:
- Ընդամենը հուշեմ՝ Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է ՀՀ և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:
- Այնուամենայնիվ, Ձեր և Ադրբեջանի ներկայացուցչի միջև Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը:
- Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և, այո, մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, որ մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը: