38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ապրիլի 24-ին Ղազախստանի տեղական հեռուստաեթերում խոսքեր հնչեցին Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին Ղազախստանի տեղական հեռուստաեթերում  խոսքեր  հնչեցին Հայոց ցեղասպանության մասին
09.05.2014 | 02:25

2014 թ. ապրիլի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ հերթական խոշոր միջազգային Եվրասիական մեդիա-ֆորումը։ Դա ամբողջ համաշխարհային քաղաքականության առավել հրատապ խնդիրների ու վիճելի հարցերի մասին ազատորեն դատողություններ և մտքեր արտահայտելու մի հրաշալի ու լայն ասպարեզ է։ Զարմանալի է, որ Հայաստանից այդ համաժողովը լուսաբանելու էր եկել միայն Հանրային երկրորդ հեռուստաալիքը։ Ի՞նչն էր այդքան վախեցրել մեր տարբեր լրատվամիջոցների տերերին։ Որ հովանավորները իրենց կկասկածեն եվրասիամետ լինելու մե՞ջ։ Սակայն երկյուղները միանգամայն զուր էին։ Բավական է միայն նշել, որ Ղազախստանի իշխանությունների և այդ հանրապետության գործող նախագահի դուստր Դարիգա Նազարբաևի հետ որպես Եվրասիական մեդիա-ֆորումի հովանավորներ ու կազմակերպիչներ հանդես էին գալիս նաև ամերիկյան CNN-ը և բրիտանական Բի-Բի-Սի-ն։
Էլ ավելի զարմանալի էր այն, որ համաժողովի աշխատանքի երեք օրերին ես այնտեղ չտեսա Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին։ Այնինչ հանդիսասրահում կարելի էր նկատել ամենատարբեր երկրների դեսպանների, համենայն դեպս, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ՈՒկրաինայի դիվանագիտական ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն այնտեղ էին։ Ինչո՞ւ էին մասնակցությունից խուսափել մեր դիվանագետները, առավել ևս, որ պարոն Սահակյանն ամենևին էլ չի խորշում «եվրասիական» բառից։ Այսպես, 2013 թ. հոկտեմբերի սկզբին նա Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հրավերով հենց Աստանայում ուսանողների ու դասախոսների առջև հանդես է եկել «Հայաստան. պատմությունը և ներկան» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերը, հայ ինքնության կայացման ընթացքը, ինչպես նաև հանգամանորեն անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգության և համագործակցության հարցերին, հայ-ղազախական հարաբերությունների խորացման հեռանկարներին, պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան խնդրի պատմությանը և կարգավորման ընթացքին։
Ամեն դեպքում, համաժողովում Արևմուտքի, Թուրքիայի ու Չինաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների գերակշռությունը չէր կարող չնկատվել։ Իսկ թե ինչու Հայաստանի ԶԼՄ-ները, ըստ էության, անտեսեցին Աստանայի միջոցառումը, անհասկանալի է։ Մի՞թե «գրաքննության» ինչ-որ շրջանակներ են կաշկանդում անկախ Հայաստանի չորրորդ իշխանությանը։ Այդ դեպքում հարց է ծագում` իսկ ո՞վ է սահմանել «գրաքննության» շրջանակները, իշխանությո՞ւնը, թե՞ նրանք, «ովքեր վճարում ու երաժշտություն են պատվիրում»։ Իսկ եթե չկան «գրաքննության» այդ շրջանակները, ապա ծառանում է հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների մասնագիտական պիտանիության հարցը, քանի որ գործ ունենք տխրահռչակ «տեղեկատվական առիթի», ինչպես նաև բուն իրադարձության թերագնահատման հետ։
Համաժողովի առաջին աշխատանքային օրն էլ հենց եղավ ամենահագեցածն ու, եթե ճիշտն ասենք, ամենալարվածը։ Երևի միջոցառման կազմակերպիչների ու հովանավորների մտահղացումն էր դա։ Եվ հատկանշական է, որ առաջին աշխատանքային օրը զուգադիպեց ապրիլի 24-ին` Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Ոչ, այդ օրվա օրակարգում նման հարց չկար։ Սակայն իմ անձնական ջանքերով ու նախաձեռնությամբ բանավեճերի մասնակիցները, այնուամենայնիվ, հարկադրված էին անդրադառնալ մի թեմայի, որը մինչև հիմա ցավ ու տառապանք է պատճառում միլիոնավոր հայերի և ոչ միայն նրանց։ Հետաքրքիր է, ի՞նչ էին մտածում Եվրասիական մեդիա-ֆորումի կազմակերպիչներն ու հովանավորները, երբ Հայաստանի ներկայացուցչին Աստանա էին հրավիրում ¥կարևոր չէ, թե հատկապես ում¤ ապրիլի 24-ը ներառող ժամկետներում։ Որ հայն ու Հայաստանի քաղաքացին կլռի հանուն «հանդուրժողականության արևմտյան արժեքների՞»։ Իսկ ես չլռեցի։ Այստեղ որևէ հայրենասիրական հերոսականություն չեմ տեսնում, սա զուտ յուրաքանչյուր նորմալ հայի պարտքն է։ Հուսով եմ` Ղազախստանի իշխանությունները և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի լրատվամիջոցների նրանց բարեկամները այնքան էլ «չնեղացան» ինձնից։ Թեև չի կարելի նսեմացնել իմ քայլի նշանակությունը. անշուշտ, Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ կապված սգի մասին իմ հիշատակումը մի լավ փչացրեց ոմանց տրամադրությունը ¥նկատի ունեմ համաժողովին Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը¤ և խառնաշփոթ առաջացրեց նախնական պլաններում։
Առաջին աշխատանքային օրվա թեմաներն ավելի քան կարևոր էին։ Դրանք պարզապես ամբողջ մոլորակի ընթացիկ աշխարհաքաղաքական պահի էությունն էին։ Ամբողջ համաժողովը վարեց Արևմուտքում մեծ ճանաչում ունեցող նյումեյքեր ¥տեղեկատվության հավատընծա աղբյուր¤, բրիտանացու հավակնություններով Պակիստանի Ռիզ խանը։ Ղազախստանի նախագահի ողջույնի խոսքի ընթերցումից և նրա դստեր` Դարիգայի, բացման խոսքից հետո ¥նա համաժողովի կազմկոմիտեի նախագահն էր¤ սկսվեցին իրադարձությունները։ Ահա առաջին նիստի թեման, որի պատասխանատուն ռուսաստանյան համբավավոր հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն էր. «Նոր աշխարհակարգ. համաշխարհային ճգնաժամի ուրվագծերն ու հետևանքները»։ Զեկուցողներն էին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյուտ Գինգրիչը, Իսրայելի նախկին վարչապետ և «Ացմաութ» կուսակցության առաջնորդ Էհուդ Բարաքը, «Ալ-Գումհուրիա» քաղաքականության և անվտանգության հետազոտական կենտրոնի տնօրեն Սամեհ Սեիֆ ալ Յազալը ¥Եգիպտոս¤, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդրո Մինուտո-Ռիցցոն ¥Իտալիա¤, Հնդկաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռաջիվ Սիկրին, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
Համաժողովի կազմակերպիչների մտահղացմամբ, այդ նիստում պատասխանատուն և հիմնական զեկուցողները պետք է բանավիճեին այն մասին, որ 21-րդ դարասկզբին աշխարհում սկսվեց գլոբալացման գործընթացը, իսկ գլոբալացումը գործի դրեց նաև աշխարհի նոր բաժանման ընթացակարգը` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, սոցիալական և մշակութային առումով։ Վրա հասավ Արևմուտքի սպառող հասարակության համակարգային ճգնաժամը, նախկին ինդուստրիալ աշխարհը աչքի առաջ փուլ է գալիս։ Համաշխարհային պաշարների, այդ թվում` ջրային ու պարենային պաշարների նվազումը, աղքատ բնակչության հարաճուն զանգվածը ավելի ու ավելի են հանգեցնում այն բանին, որ աղքատ ու զարգացող երկրները տարեցտարի ավելի են աղքատանում, իսկ հարուստ պետություններն ավելի են հարստանում։ Աղքատ երկրների քաղաքացիների դժգոհությունը ներքին ու միջազգային կատաղի բախումներ է ծնում, իսկ այդ երկրների ու մեծ տերությունների միջև եղած անջրպետն ավելի ու ավելի է խորանում։ Եվ պարզապես պետք էր բանավեճով, կարծիքների փոխանակմամբ փորձել գոնե ինչ-որ կանխատեսումներ անել այդ ամենի վերաբերյալ։
Ավաղ, Վ. Պոզների մեղքով քննարկումների ուղղությունը կտրուկ փոխվեց, և համաժողովի կազմակերպիչների հղացումը ձախողվեց։ Անվանի հեռուստալրագրողը լսարանն ու զեկուցողներին շեղեց թեմայից, պարտադրելով քննարկել... Իրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքի իրադրության հարցերը։ Պոզները շատ լավ գիտեր, որ այդ թեմային նվիրված էին առաջին օրվա երկու այլ նիստեր. «Իրանի միջուկային ծրագիրը. ո՞վ է հաղթողը և ով` պարտվողը» և «Մերձավորարևելյան հանգույց. ո՞րն է ուժերի հիմնական դասավորությունը տարածաշրջանում։ Հակամարտությունը Սիրիայում. իրավիճակի զարգացման հետագա սցենարը»։ Նույնիսկ արդեն կարևոր էլ չէր, թե ինչ են ասում ամերիկացի Գինգրիչն ու իսրայելցի Բարաքը Իրանի հասցեին իրենց «հարձակումներում», ինչ ռեպլիկներ են արձակում առաջին նիստի մյուս զեկուցողները։ Պարզ էր, որ ոչ այն է դիտմամբ, ոչ այն է ամենաառաջին թեմայի կարևորությունը չհասկանալով, Պոզները ձախողում է համաժողովի առաջին աշխատանքային օրը։ Ինչին, ի դեպ, ակնբախորեն արձագանքեց լսարանը` «ոտքերով». երկրորդ և երրորդ նիստերում, չնայած դրանց թեմաների հույժ հրատապությանը, մարդկանց թիվը դահլիճում նկատելիորեն քիչ էր, քան առաջին նիստում։ Անգամ ոչ բանավեճի, այլ Իրանի ու Պաղեստինի ազատագրման կազմակերպությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնողների կողմը Պոզների, Գինգրիչի ու Բարաքի միակողմանի «հավանությունների» սրության մասին է վկայում այն երկու փաստը, որ
1¤ վերոհիշյալ երեք հռետորներին խոսակցության ընթացքում ռեպլիկի ձևաչափով ընդդիմախոսում էր նույնիսկ Իրանի և Մերձավոր Արևելքի գծով ոչ մասնագետ Զատուլինը,
2¤ հարցուպատասխանի ժամանակ դահլիճից ռուսաստանցի հայտնի իրանագետ Ռաջաբ Սաֆարովը ¥նա նաև Իրանին նվիրված երկրորդ նիստի զեկուցողներից մեկն էր¤ ելույթ ունեցողներին բացահայտորեն մեղադրեց կեղծումներ և կողմնակալ մեկնաբանություններ թույլ տալու մեջ, որին ի պատասխան Բարաքը հերթական անգամ «զարմանք» արտահայտեց Ռ. Սաֆարովի կարգավիճակի առնչությամբ, իբր, ո՛չ իրանցի է, ո՛չ էլ ռուս, այնինչ գլխավորում է Iran.ru կայքը Մոսկվայում և այլն։ Սաֆարովի մեղադրանքներին պատասխանելուց խույս տալու փորձն ակնհայտ էր. իրանագետի հարցին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։ Այդ ժամանակ ես էլ իմ հարցը տվեցի պատասխանատուին ու զեկուցողներին. մի՞թե իրենք չեն զգում, որ շատ են հեռացել առաջադրված թեմայից։ Լսարանը երբ է լսելու շահագրգիռ ու մանրամասն խոսակցություն այն մասին, թե ինչպես են շատ հարուստ երկրներ սնանկացնում աղքատ և զարգացող երկրներին։ Ներողություն եմ խնդրում ընթերցողներից, բայց հենց իմ հարցն էր, որ բուռն ծափերի արժանացավ ունկնդիրների շրջանում, քանի որ ներկաների մեծ մասը տեսնում էր, որ առաջին նիստի իմաստը խեղաթյուրված էր և շեղված խնդրից։ Պոզները, իրեն բնորոշ ձևով, փորձեց փոխել վեկտորի ուղղությունը` իբր, իսկ ո՞ւմ եք դուք հասցեագրում հարցը։ Առանց քաշվելու ճշտեցի` բոլոր նրանց, ովքեր հիմա ելույթ են ունենում։ Եվ ավելացրի` առհասարակ ինչո՞ւ է սլաքի սուր ծայրը տեղափոխվել Իրանի ու պաղեստինյան կազմակերպությունների վրա։ Ելույթ ունեցողներին չի՞ թվում, արդյոք, որ շուտով մի քանի կղզու շուրջ «սառեցված» վեճը Չինաստանի ու ԱՄՆ-ի կամ Չինաստանի ու Ճապոնիայի միջև գերիշխող կդառնա աշխարհի զարգացման ճգնաժամայնության որոշման և այդ ճգնաժամի խորացման ուղղությունների ճշգրտման համար։ Ի պատասխան... ոչ մի ծպտուն։
Ընդմիջմանը սրճարանում ես հարկ համարեցի մոտենալ տիկին Դարիգա Նազարբաևային և հարցնել, թե ինչու նա չմիջամտեց Պոզներին ու զեկուցողներին չվերադարձրեց քննարկումների հայտարարված թեմային։ Նա արևելցի կնոջ տակտով ու մեղմ ժպիտով պատասխանեց. «Դե, Վլադիմիր Վլադիմիրովիչն այնքան բազմավաստակ մարդ է, ինչպե՞ս կարելի է նրան «կանգնեցնել»։ Ես համառեցի ու հիշեցրի նրան, որ ինքը ոչ միայն Եվրասիական մեդիա-ֆորումի կազմկոմիտեի նախագահն է, այլև Ղազախստանի նախագահի դուստրը։ Հավատացեք, ինչ-որ կայծ փայլատակեց նրա գոհ աչքերում։ Իսկ կուլիսներում իմ լսած խոսակցությունը Պոզների մասնակցությամբ, ի հայտ բերեց հետևյալը. պարզվում է, դե, ռուսական հեռուստալրագրողը, ի՞նչ կարող ես անել. «սպառնալիքներ» Չինաստանի կողմից և, առհասարակ, հեռավորարևելյան վիճելի աշխարհաքաղաքական իրավիճակներ չի տեսնում... Տես, է՛... Այդուամենայնիվ, մեկ էլ կրկնեմ. Պոզների, Գինգրիչի ու Բարաքի ջանքերով համաժողովի առաջին աշխատանքային օրը լղոզված դուրս եկավ։
Երկրորդ նիստի պատասխանատուն Արևելյան Եվրոպայի երկրներում «Euronews» հեռուստաալիքի բյուրոյի ղեկավար իտալացի Սերջիո Կանտոնեն էր, զեկուցողներն էին Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Մոհամմադ Ղազեմ Սաջադպուրը, իրանա-ամերիկյան ազգային խորհրդի նախագահ, էթնիկ իրանցի Տրիտա Փարսին, նույն Նյուտ Գինգրիչը, արդեն հիշատակված Ռ. Սաֆարովն ու Ռ. Սիկրին։
Երրորդ նիստի ¥պայմանականորեն նվիրված Սիրիային, քանի որ ամբողջ Մերձավոր Արևելքի մասին արդեն իմաստ չկա խոսելու` Վ. Պոզների արարքի պատճառով¤ պատասխանատուն ռուսաստանյան անգլալեզու «Russia Today» հեռուստաալիքի հաղորդավար, էթնիկ ուկրաինուհի Օքսանա Բոյկոն էր, իսկ զեկուցողները` վերն արդեն հիշատակված Է. Բարաքը, ադրբեջանական «Թրենդ Նյուս» գործակալության ավագ խմբագիր, լիբանանյան ծագում ունեցող Կլոդ Սալհանին ¥նա նաև Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից է և Գլոբալ խնդիրների ինստիտուտի ավագ գիտաշխատող¤, արտաքին քաղաքականության և միջազգային դիվանագիտության թեմաներով գրող ժուռնալիստ և քաղաքագետ Հարվի Մորիսը, թուրքական «Today’s Zaman» թերթի մեկնաբան, գիտության դոկտոր պրոֆեսոր Սավաշ Գենչը, Ռուսաստանի 1-ին հեռուստաալիքի հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն։ Իսկ ահա վեցերորդ զեկուցողը՝ սիրիացի ընդդիմադիր, փորձագետ և համաարաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի լրագրող Բազել Խաջ Ջասեմը մասնավորապես ինձ հետ նախնական զրույցից հետո հրաժարվեց որպես հիմնական զեկուցող հանդես գալու մտքից։
Այս հարցում երկու նուրբ հանգամանք կար։ Սկզբում Եվրասիական մեդիա-ֆորումի կազմակերպիչները ենթադրում էին, թե Սիրիայի կողմից ելույթ կունենա Ռուսաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Ռիադ Հադդադը։ Սակայն մասնակիցներին և ունկնդիրներին անհայտ պատճառներով պարոն Հադդադը Աստանա չէր եկել։ Բայց թե ով էր կազմակերպիչներին խորհուրդ տվել Սիրիայի կողմից ներգրավել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող լրագրողին, միայն գուշակել կարելի է, եթե նկատի առնենք, որ Բարաքը, Սալհանին, Մորիսն ու Գենչը հանդես եկան վառ արտահայտված հակաասադական դիրքերից։ Իսկ երկրորդ հանգամանքն իմ անձնական զրույցն էր Ջասեմի հետ։ Նա հազիվ էր հասցրել ասել, թե ինչու են հայերը աղմուկ բարձրացրել, չէ որ Քեսաբում «հայերի զանգվածային սպանություններ» չեն եղել, երբ ես սառը ջուր լցրի նրա «ոգևորության» վրա։ Բացատրությունը կարճ էր. լինելով արաբ, ինքը ինչպե՞ս կարող է մոռանալ, թե Թուրքիան և թուրքերն ինչ կործանարար դեր են խաղացել իր հայրենի Սիրիայի կյանքում, այդ թվում Հաթայի տարածքի բռնազավթման առումով։ Ինչպես կարող է չիմանալ, որ Քեսաբի շուրջը կա առնվազն 10-11 հայկական բնակավայր, և ինքն ինչ կարող է ասել այն կապակցությամբ, որ բնակչությունը, թեկուզ և ժամանակին նախազգուշացված, բայց ստիպված է եղել փախչել, քանի որ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը մեծ է եղել, աչքի առաջ ունենալով Հալեպի, Դամասկոսի, Հոմսի հայկական թաղամասերի ճակատագրերը։ Եվ մի՞թե նա չգիտե, որ հենց Թուրքիայի կողմից են հարձակվել Քեսաբի վրա, եղել է ամենաիսկական ահաբեկչական բանակ, որովհետև 9-10 հազար մարդուց բաղկացած «ջոկատներ», և այն էլ ծանր հրետանիով ու զրահատեխնիկայով, լինել չեն կարող։ Դա ամենաիսկական բանակային գործողությունն էր՝ ուղղված հենց սիրիահայերի դեմ։ Եվ ինչպես է ինքը վերաբերվում այն բանին, որ Թուրքիայի «սև շուկաներում» ամենուր քեսաբահայերի ունեցվածքն է վաճառվում։
Ջասեմը հասկացավ այն, ինչ չեն հասկացել նրանք, ում, երևի, CNN-ի և Բի-Բի-Սի-ի տերերը հավաքագրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության «հակաժողովրդավարականության» մեղադրանքները հնչեցնելու համար. որ դահլիճում հաստատ կա գոնե մեկ մարդ, որը թույլ չի տա երրորդ նիստի քննարկումները վերածել Սիրիայի վերաբերյալ Արևմուտքի տեսակետի պլանավորված հաղթարշավի։ Ահա թե ինչու նա այդպես էլ մյուս զեկուցողների հետ բեմ չբարձրացավ։
Համբերատար սպասելով «իմ ժամին», ես տվեցի ենթատեքստ պարունակող իմ հարցը։ Այսօր, ասացի ես, Հայաստանում համազգային սգո օր է, որը նշվում է նաև աշխարհի բոլոր հայկական գաղթօջախներում։ Թուրքիայում հայերի ցեղասպանության ողբերգական տարելիցը նշվելու է թե՛ Իսրայելում, թե՛ Անգլիայում, թե՛ Ռուսաստանում, նշելու են նաև Ղազախստանի հայերը։ Բայց հարցս այդ ցեղասպանությանը չի վերաբերում, այլ այն ցեղասպանությանը, որն Արևմուտքի առաջատար երկրների հովանավորությամբ ահա արդեն ավելի քան երկու տարի իրականացվում է Սիրիայի դեմ։ Ի՞նչ են կարծում զեկուցողները, մինչև ե՞րբ պետք է աշխարհը չտեսնելու տա, որ Սիրիայում ցեղասպանվում են բոլոր նրանք, ովքեր դեմ են Արևմուտքին՝ ալավիներ, սուննիադավաններ, շիադավաններ, քրիստոնյաներ, քրդեր, դրուզներ... Որոշ ժամանակ առաջ Ռաչակ գյուղում գոյություն չունեցող «կոսովցի ալբանների ցեղասպանությունն» ապացուցելու համար ամբողջ Կոսովոյից ու Մետոխիայից բերեցին ալբանացի ահաբեկիչների ու... սերբերի մոտ հազար դիակ։ Իսկ Սիրիայում արդեն ավելի քան 200 հազար մարդ է զոհվել, բացի այդ, 300-ից ավելի քուրդ կանանց ու երեխաների զազրելի սպանությունը ևս լիովին բավարար է «ընդդիմության» գործողությունները որպես ցեղասպանություն որակելու համար։ Դե, ուրեմն, դեռ որքան պիտի լռի աշխարհը։
Չէի ասի, թե իմ խոսքերը «պայթեցրին լսարանը»։ Ավելի շուտ՝ ոչ։ Գերեզմանային լռություն տիրեց։ Երրորդ նիստի պատասխանատու Օքսանա Բոյկոն շփոթությամբ պատասխանեց. Մաքսիմ Շևչենկոն չի լռում, նա միշտ խոսում է հենց այդ մասին։ Այդ ժամանակ ես ճշտեցի. հարցս ուղղված է պատասխանատուին ու նրանց, ովքեր իրենց ելույթներում մեղքը բարդում էին Ասադի ու նրա կառավարության վրա։ Շատ թե քիչ համարձակ գտնվեց Էհուդ Բարաքը։ Նա անմիջապես «հիշեց». «Օհ, հա, այսօր ապրիլի 24-ն է»... Եվ սկսեց ցավակցական խոսքեր հասցեագրել աշխարհի հայերին, խոսել այն մասին, որ բոլորն Իսրայելում, ինքն անձամբ և իր կուսակցությունը հիշում են այդ ցավը։ Ջանքեր են գործադրում հայերի ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար և այլն։ Օգտվելով հարմար պահից, ուկրաինուհի Բոյկոն խոսակցությունը շեղեց այլ կողմ։ Արդեն կուլիսներում ես մարդկանց ներկայությամբ հանդիմանեցի նրան, ասելով, որ հիմնական հարցից բանավեճի շեղման տեխնոլոգիային տիրապետում են բոլոր շատ թե քիչ օժտված մասնագետները. ինքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։
Ահա, այսպես, Սիրիայից զատ, Աստանայում խոսքեր հնչեցին նաև հայոց ցեղասպանության մասին։ Այդ թվում նաև` Սիրիայում։ Դե, իսկ Աստանայում Եվրասիական մեդիա-ֆորումի աշխատանքի մյուս օրվա մասին կպատմենք հաջորդիվ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ