Սիրիայի բանակը վերջերս աշխարհազորայինների աջակցությամբ հետ վերցրեց Թուրքիայի սահմանի մոտ գտնվող հայաբնակ Քեսաբի մերձակա ռազմավարական մի բարձունք։ Աշխարհն արդեն շաբաթներ շարունակ խոսում է քեսաբահայության ողբերգական ճակատագրի մասին։ Աշխարհը հիշել է նաև, որ, «պարզվում» է, Կիլիկիայի և մասնավորապես Քեսաբի տարաբախտ հայերը 1909 թվականից ենթարկվում են Թուրքիայի բռնություններին։ Կարծես մեր ազգի ողբերգությունը հիշելու համար վերստին պետք էր հարձակվել Կիլիկիո հայերի վրա։
Հնարավոր է, որ երբ այս հոդվածն արդեն հրապարակված լինի, մենք բարի լուր ստանանք այն մասին, որ Քեսաբը լիովին ազատագրված է թուրքերից և տարբեր երկրների նրանց խամաճիկներից։ Բայց այդ պարագայում էլ օրակարգից դուրս չեն գա աշխարհի մեծ պետությունների համար շատ արդարամիտ հարցերը` կապված հայ ազգի արդի վիճակի հետ։ Եվ դրանցից առաջինն այն է, որով մենք, հաճախ նույնիսկ լռելյայն, միշտ արտահայտում ենք մեր ցավն ու տարակույսները. մի՞թե, իրոք, էլի ու էլի է պետք զոհ գնալ թուրքական յաթաղանին, որ աշխարհն սկսի զբաղվել հայերի հարցով... Մի՞թե չէր կարելի կանխավ սաստել Թուրքիային, որ սա «ձեռ քաշեր» և չշարունակեր վարվել «թուրքերի դատողությամբ ու սովորությամբ»։ Ասում են՝ աշխարհում կան միջազգային լուրջ փաստաթղթեր, որոնք ստեղծված են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու համար։ Այդ թվում՝ ցեղասպանությունները։ Նույն ԱՄՆ-ն ու Թուրքիան, թեև ՄԱԿ-ի անդամ են ու չեն մերժել այդ միջազգային փաստաթղթերը։ ՈՒրեմն ինչո՞ւ է ԱՄՆ-ը թույլ տալիս, որ իր աշխարհաքաղաքական «սպասավորը» նորից ու նորից հայերի ցեղասպանության ուղիով ընթանա... Ամերիկացիների, եվրոպացիների, թուրքերի և մնացածների բոլոր ստահոդ պնդումները, թե իրենք «հանդես են գալիս հանուն ժողովրդավարական Սիրիայի», հօդս են ցնդում, հենց որ մենք կարդում ենք հայաբնակ Քեսաբում կամ, ասենք, Հյուսիսային Սիրիայի քրդաբնակ քաղաքներում ու գյուղերում տիրող իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունները։
Հիմա, երբ մենք 2014-ի ապրիլի 24-ին հերթական անգամ նշելու ենք հայ ժողովրդի պատմության ամենավշտալի տարելիցը, շատ կուզեինք աշխարհին ուղղել նաև երկրորդ հարցը, որին կամա-ակամա հանգեցնում են Քեսաբում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Համոզված եմ, Հայաստանում շատերն են հիշում, որ մենք մի ժամանակ, մեր սփյուռքով հանդերձ, ոգևորված էինք ԱՄՆ-ից ստացվող լուրերով։ Խոսքն այն մասին է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները հայցեր էին հարուցում ամերիկյան դատարաններում, պահանջելով իրենց վճարել այն ապահովագրական գումարները, որ օսմանյան Թուրքիայի հայերը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը պահում էին ամերիկյան բանկերում։ 1999 թ. հոկտեմբերի 24-ին Կալիֆոռնիայի նահանգի հայկական լոբբիի ազդեցիկ ներկայացուցիչները փաստաբան Մարկ Գերագոսի աջակցությամբ պատրաստեցին մի օրինագիծ, որը նահանգին լիազորում էր քննելու 1875-1923 թթ. ժամանակահատվածում հայերի վաճառած ապահովագրական վկայականների փոխհատուցման գումարների վճարման հարցերը։ Այն ժամանակվա նահանգապետ Գրեյ Դևիսը նամակն անձամբ ուղարկեց նահանգի ասամբլեա, ընդգծելով «օրինագծի ընդունման անհրաժեշտությունը»։ 2000 թ. մայիսի 19-ին Կալիֆոռնիայի նահանգի սենատը միաձայն ընդունեց անհրաժեշտ օրենքը` առանց որևէ ուղղում մտցնելու։ Այդ օրենքի ընդունմամբ ամերիկահայերը կոնկրետ արդյունքների հասնելու հնարավորություն ստացան։
Արդեն 2001 թ. փաստաբաններ Մարկ Գերագոսը, Վարդգես Եղիայանը, ՈՒիլյամ Շեռնոֆը և Բրայն Կատաբեկը նախաձեռնեցին «Մարտին Մարտունյանն ընդդեմ New York Life Insurance Co» գործը, որը քննվում էր Կալիֆոռնիայի նահանգի կենտրոնական դատարանում։ Բանն այն է, որ այդ ընկերությունում կար թուրքական մի որոշակի կապիտալ` մասնավոր ներդրումների տեսքով։ Դատական վեճերը շարունակվեցին երեք տարի, որից հետո ընկերությունը համաձայնեց վճարել ավելի քան 20 մլն դոլար, ներառյալ դատական ծախսերը։ Ապահովագրական ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սի Շտեռնբերգը հայտարարեց. «Մեզ ներկայացրին բոլոր անհրաժեշտ ապացույցները, որ 1915 թ. ողբերգական իրադարձությունների զոհերի ժառանգները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, որն ապօրինաբար խլվել է։ Փոխհատուցում վճարելու մեր որոշումը վկայում է, որ մեր ընկերությունը առաջին հերթին առաջնորդվում է մարդասիրության և մարդու իրավունքների սկզբունքներով»։ Արդյունքում հայկական կողմը Կալիֆոռնիայի նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Գարամենդիի միջնորդությամբ հասավ այն բանին, որ Ամերիկայի հայկական կազմակերպությունները 3 մլն դոլար լրացուցիչ վճարում ստանան։ «Մարտին Մարտունյանի» գործն առաջին նշանակալի հաջողությունը դարձավ հայկական սփյուռքի կոնկրետ պահանջների հարցում։ Բացի այդ, նախաձեռնությունը ակնբախորեն ցույց տվեց, որ ցեղասպանության փաստի «պաշտոնական ճանաչումը» դաշնային իշխանության կողմից առաջնային անհրաժեշտություն չէ։ 2003 թ. Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմինը 354.4 օրենքի գործողության ժամկետը երկարացրեց մինչև 2016 թ.։ Նույն տարում մի շարք ամերիկահայեր, «Պոլ Հեյստինգ» ընկերության փաստաբան Իգոր Տիմոֆեևի աջակցությամբ, հայց հարուցեցին արդեն ԱՄՆ-ի դաշնային դատարանում` ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների` հայցվորների նախնիների կողմից Օսմանյան կայսրությունում ձեռք բերված ապահովագրական վկայությունների փոխհատուցման վճարների հարցով։ Թուրքիայի կառավարության աջակցությամբ գերմանական ընկերությունները, ի պատասխան հայցադիմումի, առարկություն ներկայացրին, փորձելով փակել գործը։
2009 թ. օգոստոսի 20-ին երկու «կողմ» և մեկ «դեմ» ձայներով դատավորները որոշում ընդունեցին, թե Կալիֆոռնիայի նահանգի օրենքը հակասում է «արտաքին քաղաքականության ասպարեզում գործադիր մարմնի մենաշնորհային իրավասությանը»։ Հայկական լոբբիի ներկայացուցիչները, ի դեմս Ադամ Շիֆի, հասան այն բանին, որ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հանդես գա խնդրանքով այն մասին, որ դատարանը նույն երեք դատավորների կազմով վերստին քննի գործը։ 2010 թ. դեկտեմբերի 10-ին դատավորների մեծամասնությունը որոշում ընդունեց, որ Կալիֆոռնիայի օրենսդրությունը չի խախտում «արտաքին քաղաքականության սկզբունքը»։ Թուրքիայի շահերը սպասարկող խոշոր բիզնես ընկերությունների ներկայացուցիչները վճիռը բողոքարկեցին 9-րդ օկրուգային դատարանում, որը որոշեց` 354.4 օրենքը հակասահմանադրական է և «հակասում է դաշնային կառավարության բացառիկ իրավասությանը` արտաքին քաղաքականության իրականացման առումով»։ Իգոր Տիմոֆեևը դիմեց ԱՄՆ-ի գերագույն դատարան, խնդրելով վերանայել 9-րդ օկրուգային դատարանի որոշումը, սակայն գործը անսպասելի շրջադարձ ստացավ։ Թեև դեռ 2012 թվականին էլ էր ԱՄՆ-ի 9-րդ օկրուգային դատարանը որոշում ընդունել հայերի ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցումների գործով։ Նույնիսկ ցեղասպանության զոհերի ժառանգ Հայաստանի որոշ քաղաքացիներ 2013 թ. հոկտեմբերի կեսերից նորից սկսեցին որպես փոխհատուցում բանկային չեկեր ստանալ ամերիկյան AXA ապահովագրական ընկերությունից։
Սակայն 2013 թ. մայիսի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անձամբ դիմեց ԱՄՆ-ի գերագույն դատարան, խնդրելով քննության չառնել 9-րդ օկրուգային դատարանի ընդունած որոշումը։ Սպիտակ տան վարչակազմը դատավոր Ռոբերտսին ուղարկեց 27-էջանոց մի ամփոփագիր, որը պնդում էր, որ Կալիֆոռնիայի օրենքը ճիշտ չի վարվում, երբ դատարաններին թույլ է տալիս անել գրեթե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած «քաղաքական առումով վիճելի իրադարձությունների վրա հիմնված եզրակացություններ, առանց էական հիմքի պնդելու, որ այն կանոնակարգում է իրենց ավանդական լիազորությունների ոլորտը»։ Բոլոր ինը դատավորները անսացին Սպիտակ տան առաջնորդի խնդրանքին։ Հայկական սփյուռքի դեմ Օբամայի վարչակազմի քայլը իրականում ուղղված էր Հայաստանի ու ամբողջ հայ ազգի դեմ։ Բարաք Օբաման ուզում է «փակել ցեղասպանության գործը» մեկընդմիշտ։ Այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ի նախագահը որոշեց «թռչել» սեփական օրենսդրության վրայով, ինչը վկայում է այդ գործի լրջության մասին։ Հայցվորների փաստաբանները միաձայն պնդում էին, որ «հայցվորների պահանջներն ուղղված են գերմանական ապահովագրական ընկերությունների և ոչ թե օտարերկրյա ինքնիշխանության դեմ»։ Բայց... 2013 թ. հունիսի 11-ին ԱՄՆ-ի գերագույն դատարանը հայտարարեց, որ չի քննարկի հայերի ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման վճարման օրենքի վերաբերյալ Կալիֆոռնիայի 9-րդ օկրուգային դատարանի որոշումը։ Այդ որոշման օգտին քվեարկեցին, ինչպես վերն արդեն ասացինք, բոլոր ինը դատավորները` դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի գլխավորությամբ, որն այդ պաշտոնում նշանակվել էր Ջորջ Բուշ-Կրտսերի նախագահության օրոք։ Հասկանալու համար, թե ինչ մեծ հարված հասցվեց հայկական հարցին, անհրաժեշտ է քննության առնել այդ գործի բոլոր կողմերը։
Օրինակ, իմ գրչակից Արեգ Գալստյանը 2013-ին իրավիճակը կոշտ, բայց ճիշտ է մեկնաբանել. «Այդ պահանջները Միացյալ Նահանգների և օտարերկրյա պետությունների միջև «արտքաղաքական լուրջ բանավեճերի» հիմնական մասը չեն։ ԱՄՆ-ի գերագույն դատարանը ոչ մի օրինական հիմք չունի մերժելու հայցը, սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահի և նրա վարչակազմի սկզբունքային դիրքորոշումը, փաստորեն, անհնար կլինի այդ ուղղությամբ հասնել ցանկալի արդյունքի։ Այս կապակցությամբ հայկական կազմակերպությունները պետք է վերանայեն լոբբիստական գործունեության ձևաչափը և անհրաժեշտ պայմաններ ստեղծեն դաշնային իշխանության մեջ, դատական և տեղական ինքնավարության մարմիններում հայազգի ամերիկացիների առաջքաշման համար։ Վերջին տասը տարվա փորձը, ինչպես նաև այս գործը, ցույց են տալիս, որ ամերիկահայերի հարցերը կոնգրեսականների և պաշտոնատար անձանց մեծամասնությանը հուզում են միայն ընտրարշավների շրջանում»։
Ավելի ստույգ անհնար է ասել, Ա. Գալստյանի խոսքերին ավելացնելով միայն այն, որ Օբաման այդպես էլ հրապարակայնորեն չի արտասանում «հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» բառակապակցությունը։ Եվ որ չցանկացավ երաշխավորել սիրիահայերի կյանքն ու անվտանգությունը, երբ փետրվարին դամասկոսցի եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանն անձամբ խնդրեց այդ մասին ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին։ Հետևությունը քեզ ենք թողնում, հարգելի ընթերցող։
Ահա ևս մեկ փաստ. Բարաք Օբամայի իրական վերաբերմունքը (ոչ թե նախընտրական շաղակրատանքը) Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ. սրանք ԱՄՆ-ի գերագույն դատարանին ուղղված նրա դիմումից քաղված խոսքերն են. «Քաղաքական առումով վիճելի իրադարձություններ, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե 100 տարի առաջ»։ Այսպիսով, Օբաման իր իշխանության շրջանում երբեք հրապարակայնորեն չի ճանաչի հայերի ցեղասպանությունը Թուրքիայում, որովհետև նրա ու իր վարչակազմի համար դա «քաղաքական առումով վիճելի իրադարձություն է»։ Էլի ապացույցներ պե՞տք են հասկանալու համար, որ Սպիտակ տան ցանկացա՛ծ վարչակազմի օրոք ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի և քննության առարկա չի դարձնի Թուրքիայում 1915-23 թթ. հայերի ցեղասպանության հարցը։ Որ ԱՄՆ-ը միշտ կշարունակի կանգնած մնալ թուրք ֆաշիստների շահերի պաշտպանության դիրքերում։ ՈՒ չէ՞ որ ԱՄՆ-ի գերագույն դատարանն ընկրկեց դրա առջև. արհամարհեց իր իսկ ամերիկյան օրենսդրությունը, արհամարհեց Կալիֆոռնիայի նահանգի և նրա 9-րդ օկրուգային դատարանի իրավունքները։ Որ ԱՄՆ-ում իրապես ժողովրդավարություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք չկա, աշխարհին վաղուց է հայտնի։ Եվ իր իսկ երկրի դատական մարմինների վրա Օբամայի գործադրած ճնշումը զարմանալի չէ։
Զարմանալին այն է, որ հայերի մեջ դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են մոլորեցնել ազգը, ինչպես նաև միամիտներ, ովքեր տարիներ ի վեր սպասում են, թե ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մտքներովդ չանցնի։ Ավելի լավ է մեկ անգամ էլ ուշադրությամբ կարդացեք ԱՄՆ-ի գերագույն դատարանին ուղղված Օբամայի 2013 թ. մայիսի 11-ի դիմումի տողերը։ Այնտեղ ամեն ինչ է ասված այն մասին, որ ամերիկյան իշխանությունները լիակատար քամահրանքով են վերաբերվում հայերին, Հայաստանին ու Հայոց ցեղասպանությանը։ Եվ ի՞նչ է ստացվում։ Պարզվում է, ամերիկյան (ու նաև արևմտյան մյուս) բանկերում սառեցված հայկական փողերը... շարունակում են աշխատել նաև ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության իրականացման օգտին։ ՈՒ ստացվում է, որ երբ ԱՄՆ-ը ֆինանսավորում է Քեսաբի հայերի դահիճներին ու նրանց ունեցվածքը թալանողներին, ապա այդ «գործին» մասնակցում են նաև ցեղասպանության զոհ հայերի փողերը։ Որ ԱՄՆ-ում Աստծուց չեն վախենում, վաղուց է հայտնի, բայց որ ամերիկացիները թքած ունեն սատանայի վրա էլ, նորություն է, անհասկանալի։ Աշխարհը, ուր իշխում են «ամերիկյան սկզբունքները», սրբապղծություն է ամբողջ մարդկության և ոչ միայն հայ ազգի հանդեպ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ