38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Խելոք մարդիկ ձգտում են գտնել ընդհանուր շահեր, իսկ կարճամիտներն ուշադրությունը կենտրոնացնում են տարաձայնությունների վրա»

«Խելոք մարդիկ ձգտում են գտնել ընդհանուր  շահեր, իսկ կարճամիտներն ուշադրությունը  կենտրոնացնում են տարաձայնությունների վրա»
20.04.2014 | 14:22

«Չինաստանը բացարձակապես սեփական շահերն է հետապնդում։ Դա մի հսկայական տերություն է, որն իր գործընկեր է համարում միայն Միացյալ Նահանգներին և ուրիշ ոչ մի գործընկեր չի ճանաչում։ Նա ունի միայն իր սեփական հայեցողությունը։ Եվ Դամանյան կղզու նման ոչ մի նվեր, որ Ռուսաստանը հանկարծ զիջեց Չինաստանին, չի փոխում այդ իրավիճակը։ Նրանք շատ մեծ գլոբալ շահեր ունեն։ Մենք շատ փոքր մեծություն ենք, մենք համաշխարհային առևտրի 1 %-ն ենք, պետք չէ մոռանալ։ Իսկ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաշխարհային առևտրի 46 %-ն են» (Գրիգորի Յավլինսկի, «Ազատություն» ռադիոկայան, 2014 թ. ապրիլի 13)։

Դժվար է չհամաձայնել նման հետևություններին, առավել ևս, եթե հարցը դիտարկվում է ոչ թե հանրության կարծիքի քարոզչական ձեռնածության, այլ առկա իրադրության ու հնարավոր հեռանկարների տեսանկյունից։ Եվ այստեղ, գոնե մտորելու համար, բավական է բերել մի քանի պերճախոս փաստեր։ Այսպես, թվարկենք ընթացիկ տարվա միայն ոչ լրիվ չորս ամսում Պեկինի ու Վաշինգտոնի քաղգործիչների և պաշտոնյաների միջև տեղի ունեցած հանդիպումները, ընդ որում՝ միայն բարձր մակարդակի. ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ ՈՒիլյամ Բեռնսը Չինաստան էր այցելել այս տարվա հունվարի 21-23-ին, փետրվարի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով երկօրյա այցով եղել է Չինաստանում, մարտի 19-ին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման իր մոր ու երկու դստրերի ուղեկցությամբ նախագահ Սիի տիկնոջ հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Չինաստանում, մարտի 24-ին Հաագայում տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ, ապրիլի 7-10-ին տեղի ունեցավ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգլի այցը Չինաստան (ավելի ցածր մակարդակի և տնտեսական բնույթի շատ հանդիպումներ ու բանակցություններ չենք նշի)։ Այդ նույն ժամանակահատվածում Պեկինն արել է նաև շատ հետաքրքիր հայտարարություններ։ Այսպես, ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանն ընդգծել է, որ Չինաստանը տարաձայնություններ ունի Ամերիկայի հետ, բայց դրանք չեն խանգարում փոխշահավետ լայն համագործակցությանը, և նշել է, որ Ամերիկան ու Չինաստանը շահերի զուգադիպության կետեր ավելի շատ ունեն, քան այնպիսի ոլորտներ, որտեղ տարաձայնություններ կան։ Իսկ Հաագայում Սի Ցզինպինը հայտարարել է. «Չինաստանը հաստատ մտադիր է կառուցել նոր մոդելի հարաբերություններ համաշխարհային խոշորագույն տերությունների միջև։ Մենք հետամուտ ենք առճակատման կանխման, փոխադարձ հարգանքի ու փոխշահավետ համագործակցության քաղաքականությանը Միացյալ Նահանգների հետ»։ Ընդ որում, բոլոր հանդիպումներում կարմիր թելի պես անցնում է նրա առաջարկությունն այն մասին, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է ձգտեն ստեղծել «չին-ամերիկյան հարաբերությունների նոր մոդել»։ Հիշեցնենք, «նոր տիպն» անցած ամռանը Կալիֆոռնիայում կայացած հանդիպման ժամանակ երկու տերությունների ղեկավարների առաջադրած ուղղությունն է։ Այսինքն, ելնելով այդ փաստերից, կարելի է հետևցնել, որ ՉԺՀ-ի առանցքային խնդիրը, այսօրվա դրությամբ, Ամերիկայի հետ հարաբերություններն են։
Իհարկե, կարելի է հիշել նաև որոշ քաղաքական գործիչների ու լրագրողների շատ սիրած «ձախողումներ». դրանք են՝ Դալայ-լամայի հետ Օբամայի փետրվարյան հանդիպումը, որի կապակցությամբ Չինաստանն ավանդական բողոքը հայտնեց (թեև Տիբեթում ԱՄՆ-ի որևէ առանձնակի աջակցության մասին լրատվամիջոցները, այդ թվում՝ ռուսական շահագրգռվածները, չեն նշել), վերջերս լրատվամիջոցների տարածած «Սնոուդենի հերթական մերկացումները» (որտեղ է նա մինչ օրս գտնվում, հիշեցնել, երևի, չարժե) այն մասին, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է «Հուավեյ» հեռահաղորդակցական հսկային, ՉԺՀ-ի նախկին ղեկավարներին ու բնակիչներին։ Բազմանշանակ ակնարկներով տարածվում է Վաշինգտոնից հնչող հետևյալ հայտարարությունը. «Աշխարհի բոլոր երկրները պետք է հստակորեն հասկանան, որ 21-րդ դարում չի կարելի վերաձևել սահմաններն ու խախտել պետությունների ինքնիշխանությունն ուժով, ահաբեկմամբ և հարկադրանքով՝ լինի դա Խաղաղ օվկիանոսի մի փոքր կղզի, թե Եվրոպայի խոշոր երկիր», և ՉԺՀ-ի մոտեցումը հետևյալն է. «Տարածքային ինքնիշխանության հարցերում Չինաստանը զիջումների, գործարքների չի գնա, առավել ևս ամենափոքր միջամտությունը չի հանդուրժի»։ Իսկ ընդհանուր առմամբ, բնութագրելով Պեկինի դիրքորոշումն ԱՄՆ-ի հետ եղած հակասությունների հարցում, ըստ երևույթին, հարկ է հիշատակել ՉԺՀ-ի վարչապետի խոսքերը։ Լի Կեցյանը, խոսելով դրանց մասին, հիշել է չինական մի ասացվածք. «Խելոք մարդիկ ձգտում են գտնել ընդհանուր շահեր, իսկ կարճամիտներն ուշադրությունը կենտրոնացնում են տարաձայնությունների վրա», և ընդգծել, որ «երկու տերություններն ունեն համագործակցության ընդլայնման հզոր ներուժ, իսկ երկկողմ առևտրի ծավալը հասել է տարեկան 520 մլրդ դոլարի»։
Ամերիկա-չինական «նոր տիպի» հարաբերությունների համար խիստ հատկանշական է նաև վերջերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցը Չինաստան։ Չէ՞ որ ռազմական պայմանավորվածություններն ավանդաբար «ցեմենտում» են քաղաքականությունը, և, ինչպես ասում են Պեկինում վերջին մի քանի տարում, այդ համագործակցությունն անհրաժեշտ է «մոլորակի խաղաղության պահպանման և համընդհանուր զարգացման համար»։ Ահա թե ինչ են հաղորդում չինական լրատվամիջոցներն այդ այցի մասին. Պեկին, 7 ապրիլի («Սինխուա»). «ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգլը սկսել է իր քառօրյա այցը Ցինդաո (Շանդունի նահանգ, Արևելյան Չինաստան), որտեղ դիտարկվել է «Լյաոնին» ավիակիրը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրալիր հրավերի ու բարեկամական ընդունելության համար, ասել է, որ հուսով է, որ այս այցը խթան կհանդիսանա ռազմական ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»։ Ի դեպ, ռազմական փորձագետների և դիվանագետների կարծիքով, այցի ընթացքում կողմերը հանդես են եկել անկեղծ ու շիտակ, հատկապես չինական կողմը, էլ չենք խոսում չինական առաջին ավիակիր բարձրանալու «աննախադեպ» հրավերի մասին։ ԱՄՆ-ի ներկայացուցիչն ավիակիր մտնելն անվանել է «թափանցիկության իսկական քայլ», առավել ևս, որ ինքը եղել է արտասահմանյան առաջին պաշտոնատար անձը, որին հնարավորություն է տրվել այցելելու «Լյաոնին»։ «ՉԺՀ նախագահ, Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ցզինպինը Հեյգլի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ միջբանակային կապերը չին-ամերիկյան հարաբերությունների կարևոր բաղադրիչ են։ Երկու երկրները պետք է հետևեն հակասությունների, դիմակայության մեջ չմտնելու, փոխադարձ հարգանքի, համագործակցության և փոխշահավետության սկզբունքներին, ավելի ակտիվորեն նպաստեն տարբեր ոլորտներում գործնական համագործակցությանը, արդյունավետորեն կարգավորեն հակասություններն ու զգայուն հարցերը, ապահովեն խոշոր տերությունների միջև նոր ձևաչափի չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճիշտ ուղղությունը»,- հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն։ Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցզյուանն իր ամերիկացի պաշտոնակից Չակ Հեյգլի հետ բանակցություններ վարեց նոր տիպի ռազմական հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ, մասնավորապես, Չանգը նշել է, որ ընթացիկ տարում լրանում է երկկողմ հարաբերությունների հաստատման 35 տարին, և շեշտադրել է նոր տիպի հարաբերություններին անցնելու կարևորությունը՝ երկու երկրների հիմնարար և երկարաժամկետ շահերին համապատասխան, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու կայունության ապահովման համար։ Իր կողմից Չակ Հեյգլը երկու երկրների զինված ուժերին կոչ է արել ակտիվորեն ընդլայնել համագործակցության ուղղությունները, մշտապես բովանդակալի երկխոսություն ծավալել, ինչպես նաև կառավարել ու վերահսկել եղած տարաձայնությունները «պատասխանատու և կառուցողական կերպով, նպատակ ունենալով նվազեցնել վրիպումներն ու ռիսկերը»։ Բացի այդ, ինչպես հաղորդում է «Սինխուան», Չինաստանի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ի պաշտոնակցի հետ համատեղ լրագրողներին ասել է՝ «հիմա մեր շուրջն իրոք սադրիչներ կան», և որ բանակցությունների ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ը զարնվել են այդ խնդրին։ Հեյգլը նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը շատ ընդհանուր շահեր ունեն, և ամերիկյան կողմը մտադիր է շարունակել Չինաստանի հետ խոշոր տերությունների նոր տիպի հարաբերությունների կառուցումը։ Նկատվեց նաև, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր շահերն ու մտահոգությունները, սակայն տարածաշրջանային անվտանգության և կայունության պաշտպանության համար անհրաժեշտ է լինել անկեղծ, համագործակցելու կամք հանդես բերել և կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել։ Իսկ հիմնական լեյտմոտիվը չինական լրատվամիջոցներում այն էր, որ Չինաստան ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կատարած այցը «երկկողմ հարաբերությունների նոր ուղղության վկայությունն է, և այն անցել է «Փոխադարձ հարգանք, համագործակցություն և փոխշահավետություն» նշանաբանով»։ Այսինքն, ո՛չ գաղափարախոսական տարաձայնությունները, ո՛չ սոցիալական համակարգերի տարբերությունը, ո՛չ համաշխարհային որոշ հարցերում հայացքների անհամապատասխանությունը Պեկինին ու Վաշինգտոնին չեն խանգարում զարգացնելու կառուցողական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Երկու երկրներն էլ հիանալիորեն գիտակցում են, թե որքան մեծ է իրենցից յուրաքանչյուրի դերն արդի աշխարհում, և դա փոխադարձ հարգանք է հարուցում։
Այսպիսով, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաճուն դիմակայության պայմաններում ապագա աշխարհակարգի ամենակարևոր ուղենիշը հենց ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն են։ Միաժամանակ, Չինաստանում հայտարարում են, որ չին-ամերիկյան հարաբերությունները նման չեն ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի հարաբերություններին, որ դրանք ոչ մի կերպ համեմատելի չեն զսպման ու հակազդման քաղաքականության հետ։ Հարկ է ընդգծել, որ չինական աշխարհաքաղաքական հայեցակարգը նախատեսում է ոչ թե ենթարկվել որևէ արտաքին նախագծի, այլ դա օգտագործել իր շահերի համար ու «աստիճանաբար մարսել» այն։ Չինաստանի գծով արևմտյան փորձագետներն ասում են, թե Սի Ցզինպինը խաղում է ռազմավարական բարդ հարթակում, և Չինաստանը, ավելի շուտ, կքայլի լավ ձգված ճոպանի վրայով, «թաքցնելով իր վեհապանծությունն ու գնելով ժամանակը»։ Եվ ավելի քան հավանական է, որ «կայսերական Ցզինպինը ձեռքից բաց չի թողնի ամերիկա-չինական «Մեծ զույգի» խոշոր մրցանակը» (նկատի է առնվում ԱՄՆ-ի «G-2» նախագիծը, որի առնչությամբ Պեկինն այն ժամանակ ասել էր՝ «դեռ ժամանակը չէ»)։
Եվ վերջում ևս մեկ մեջբերում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ռուսական հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի հարցազրույցից. «Մեզանում ինչ-որ տարօրինակ խոսակցություններ էին շրջում մի երկու շաբաթ առաջ այն մասին, թե, իբր, Չինաստանը պատրաստ է աջակցելու Ռուսաստանին, սկսելու ամերիկյան պարտքի հանձնառությունների թոթափումը. սա, իհարկե, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Չինաստանին սա ամենևին պետք չէ։ Նա շահագրգռված է այդ հարաբերությունների կայունությամբ, այսինքն, նա պատրաստ է ներդրումներ անելու ամերիկյան պարտքերում՝ պայմանով, որ Ամերիկան շատ թե քիչ խելամիտ տնտեսական գիծ վարի»։ Կոպիտ ասած, ԱՄՆ-ի ֆինանսական հզորությունը, ինչպես նաև չինացիների կողմից «արևմտյան տնտեսության» յուրացումը, առայժմ, այնուամենայնիվ, ամենակարևորն են Չինաստանի համար։ Եվ առայժմ աշխարհը, թերևս ստիպված է այս սկզբունքով առաջնորդվել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ