Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՈՒկրաինա. ում մարտադաշտն է և հանուն ինչի

ՈՒկրաինա. ում մարտադաշտն է և հանուն ինչի
17.12.2013 | 00:05

Առնվազն նոյեմբերի 23-ից փորձագետներն իրավիճակի կտրուկ սրում են արձանագրում ՈՒկրաինայում, ուր քաղաքականապես անզոր արևմտամետ ընդդիմությունը, կարծես, վճռական գրոհի է անցել իշխանության դեմ և նույնիսկ հասցրել է Կիևում գրավել մի շարք տարածքներ ու վարչական շենքեր։ Իրադարձությունների մասնակիցները (ՈՒկրաինայի ղեկավարությունը դրանք անվանել է պետական հեղաշրջման փորձ) ձգտում էին շրջափակել ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության և Գերագույն ռադայի շենքերը։ Սակայն իշխանություններն այդ հարցում «ըմբռնում» չցուցաբերեցին. հատուկ նշանակության ջոկատներն ապաշրջափակեցին մայրաքաղաքի կենտրոնական մասը, թեև Կիևի քաղաքապետարանի գրոհն անհաջող ավարտվեց և «հետաձգվել է»։
Սակայն դեկտեմբերի 14-ին ՈՒկրաինայի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը «հանգեցին միասնական կարծիքի». պարզվում է՝ այդ երկրում հակամարտության սցենարը գրված է արտասահմանում, ու դրա նպատակն ՈՒկրաինայի մասնատումն է։ Բնական է, որ կողմերից յուրաքանչյուրը նկատի ունի տարբեր «արտասահման»։ Միևնույն ժամանակ միանգամայն տարօրինակ տեղեկատվական հոսքեր են գալիս։ Օլիգարխ գործարարներ՝ իբր ռուսամետ Ռինատ Ահմետովը և բացարձակապես արևմտամետ Դմիտրի Ֆիրտաշը դառնում են առավել ակտիվորեն հիշատակվողները Կիևի իրադարձությունների կապակցությամբ։ Ավելին, դեկտեմբերի 13-ին ամբողջ ՈՒկրաինայում տարածվեց մի տեղեկություն, թե Ահմետովն ՈՒկրաինայի քաղաքական իրադրության մասին իր հայտարարությունը, որը վատ սքողված արևմտամետ բնույթ էր կրում, արել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպումից հետո։ Պարզվում է, ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ հայտարարված հանդիպումներից բացի, Նուլանդը Կիևում գտնվելիս հանդիպում է ունեցել նաև Ահմետովի հետ։ Այդ հանդիպման համար ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը ստացել էր լիազորություն՝ նախազգուշացնելու, որ այսպես կոչված «եվրամայդանի» ուժային ցրման դեպքում արձագանքման միջոցներ կձեռնարկվեն ոչ միայն պաշտոնատար անձանց և տարածաշրջանների կուսակցության քաղաքական առաջնորդների, այլև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այս վարչակազմին աջակցել են նյութապես։
Սակայն շանտաժի հարցում ԱՄՆ-ը հիմնական շեշտը Ահմետովի վրա է դնում բնավ էլ ոչ այն պատճառով, որ նա կողմնորոշված է դեպի Եվրամիություն կամ ֆինանսավորում է տարածաշրջանների կուսակցությունը։ Ահմետովը, իր ամբողջ հակասականությամբ, հանդես է գալիս ընդդեմ ՈՒկրաինայի պառակտման և, իշխանությունների և անգամ որոշ օտար պետությունների հետքով, ընդդիմությանը կոչ է անում հրաժարվել կոշտ առճակատումից և նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Եվ այս միտքն Ահմետովը մտադիր չէ ժխտել՝ չնայած Վաշինգտոնի շանտաժին ու սպառնալիքներին։ Գործարարն ինքն իրեն թակարդն է գցել, որը մի պահ բացել ու անմիջապես փակել է Վիկտորյա Նուլանդը. առաջ հակասական տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե հենց ինքը Ահմետովը և նրա մերձակա շրջանակներն էին խիստ դժգոհություն հայտնում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգելու՝ Յանուկովիչի և ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի որոշումից։ Եվ նույնիսկ հովանավորել էր «Եվրամայդան» դուրս եկած ընդդիմության մի մասին։ Այդուամենայնիվ, թե՛ Յանուկովիչն ու Ազարովը, թե՛ Ահմետովը միաբան են մի հարցում. չի կարելի թույլ տալ ՈՒկրաինայի մասնատում։ Եվ այս դիրքից, մեր կարծիքով, հետագա քաղաքական «խաղեր» և «հեղափոխական դիմակահանդես» արդեն պետք չէ սպասել։
Առհասարակ, և դա 2013 թվականի էական առանձնահատկությունն է, մի շարք նախկին խորհրդային երկրներում «սոցիալ-քաղաքական հեղափոխության» ներքո կատարվում էին քաղաքականության դիմակահանդեսացման սցենարներ։ Եվ անգամ մեր Հայաստանը չխուսափեց դրանից ինչպես փետրվարին, այնպես էլ դեկտեմբերի 5-ին։ Այդ «հեղափոխական դիմակահանդեսների» բնորոշ գիծը (թե՛ Երևանում, թե՛ Կիևում) դրանց բացահայտ հակառուսաստանյան և նույնիսկ հակառուսական ուղղվածությունն էր։ Այս տեսակետից, ներկայումս ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես այն ընդհանուր շղթայի ևս մեկ օղակն են, որը կարելի է անվանել նախկին խորհրդային տարածությունում Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակահարձակում։ Բայց, այնուամենայնիվ, միտք ունի՛ հիշատակելու նաև Արևմտյան ՈՒկրաինայից սերված օլիգարխ Ֆիրտաշին։ Եվս մեկ, ընդ որում՝ ցայտուն, ռուսատյաց, ուկրաինական ընդդիմության հովանավոր, օգտվելով աղմկալի առիթից, ուզեց դառնալ... «Գազպրոմի» գործընկեր։ Ֆիրտաշին պատկանող «Ostchem» խումբն այսօրվա դրությամբ արդեն ՈՒկրաինա գազի հիմնական ներմուծողներից մեկն է։ Ընթացիկ տարվա հունվարից «Ostchem»-ը «Գազպրոմից» գնում է ավելի շատ գազ, քան պետական «Նավթոգազ» ֆիրման, որն ստիպված էր կտրուկ նվազեցնել գնումները՝ իրեն ավանսներ տալուց «Գազպրոմի» հրաժարվելու պատճառով։ Շուկայի ուկրաինացի վերլուծաբանների կարծիքով, գազի բիզնեսում Ֆիրտաշը նպատակասլաց ռազմավարություն է իրականացնում, որը միտված է «Նավթոգազի» սնանկացմանը, որը, ի դեպ, վերահսկում է «դնեպրոպետրովսկյան» կլանի մի մասը (որին է պատկանում, օրինակ, բանտում գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ ՈՒկրաինայի նախկին «գազի իշխանուհին»)՝ գործակցելով «դոնեցկյան» կլանի հետ, որը, ըստ լուրերի, գլխավորում է հենց Ահմետովը։
Իսկ համացանցը բառացիորեն պայթում է գերմանացի լրագրողների կադրերից, որոնց հաջողվել է նկարահանել եվրաընդդիմադիր բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի բանակցությունները ուկրաինական «Բերկուտ» հատուկջոկատայինների հետ։ Ինչպես ասում են, «ախպերությունը» պայմանավորում է. եթե քարեր, փայտեր և այլն չնետվեն, ապա կարելի է և մի քիչ «հրմշտվել»։ «Պե՛տք է, տղե՛րք», միլիցիային փորձում է համոզել Վ. Կլիչկոն։ Եվ եթե այս տեղեկությունը նաև պաշտոնապես հաստատվի, ապա որտեղ էլ որ գրված լինի Կիևի հակամարտության սցենարը, ՈՒկրաինայի իշխանություններն ու ընդդիմությունը նրան մասնակցում են ամենայն ակտիվությամբ և նույնիսկ ջանում են հընթացս կատարելագործել այն։
ՈՒ պարզ է դառնում, որ հարցն այն չէ, թե Յանուկովիչը եվրոպամետ է կամ թե նրան «վախեցրել է Ռուսաստանը», ինչպես ահա արդեն շուտով մեկ ամիս կլինի, ինչ պնդում են ուկրաինական ընդդիմությունն ու Արևմուտքի նրա բարեկամները։ Աշխարհն արդեն ճշմարտությունը գիտե կիևյան հրապարակներում ծավալված իրադարձությունների խորքային մեխանիզմի մասին. չդիմացան ՈՒկրաինայի իշխանությունների նյարդերը։ Օրերս հեռուստաալիքներից մեկի եթերում ՈՒկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին խոստովանեց, որ վերջին շաբաթների ընթացքում պաշտոնական Կիևը ԵՄ-ի ներկայացուցիչների հետ Ասոցացման համաձայնագրի կամ Յու. Տիմոշենկոյին բանտից ազատելու շուրջ չէ, որ բանակցում էր, թեև բոլոր պաշտոնատար անձինք պնդում էին, թե հենց միայն դա էլ հուզում է Արևմուտքին։ «Հարավային հոսք» գազատարի շինարարության հարցը հիմնականն էր եվրոպական գործընկերների հետ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների երկխոսությունում»,- խոստովանեց Ստավիցկին, ավելացնելով. «Մենք խիստ անհանգստացած ենք վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից, մանավանդ, որ Բուլղարիան հայտարարել է «Հարավային հոսքի» շինարարությունն սկսելու մասին։ Ի՞նչ է «Հարավային հոսքը»։ Դա առնվազն 60 մլրդ խմ ռուսական գազի տարանցում է դեպի եվրոպական երկրներ, մենք հիմա տարանցում ենք տարեկան մոտավորապես 90 մլրդ խմ։ Եթե այդ թիվը հանվի, ապա մեր գազափոխադրման համակարգն առհասարակ ժամանակի ընթացքում մետաղի ջարդոնի կվերածվի։ Ցավոք, ներկա դրությամբ մենք միայն լսել ենք, որ այդ համաձայնագիրը Եվրահանձնաժողովը դեռ չի վավերացրել, բայց ԵՄ անդամ որոշ երկրներ արդեն շինարարության որոշում ընդունել են»։ Եվ ահա արդեն նույնիսկ ուկրաինացի փորձագետներն են խոստովանում. այո, Կիևում «հեղափոխություն» չէ, այլ ՈՒկրաինայի և Արևմուտքի վերջին գոտեմարտն է ընդդեմ Ռուսաստանի գազի «Հարավային հոսքի»։
Ահա սա է ճշմարտությունը կամ ճշմարտանմանը։ Չէ՞ որ ամբողջ աշխարհն է նկատել, որ ուկրաինական իրադարձությունների բռնկմանը նախորդել էր մի քանի իրադարձություն. 1) Բուլղարիայի և Սերբիայի կողմից «Հարավային հոսքի» իրենց տեղամասերի շինարարության սկիզբը, 2) ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Վատիկան և Իտալիա, 3) Սերբիայի առայժմ ոչ պաշտոնական հայտը Մաքսային միությանն անդամակցելու մասին։ Խնդիրն այն է, որ «Հարավային հոսքը» անգործության է մատնում ոչ միայն ՈՒկրաինայի գազափոխադրման համակարգը, այլև ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորությունը վայելող TANAP գազի նախագիծը, որին այդ դեպքում անփառունակ վախճան է սպասում, ինչպես դա պատահեց արևմտյան նախորդ «Նաբուկո» նախագծի հետ։
Ի դեպ, հայ ընթերցողի համար ասենք, որ արևմտյան գազի նախագիծը Արևմուտքի ևս մեկ փորձ է մեծացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի նշանակությունը։ Այնպես որ, թող ճշմարիտ հայ հայրենասերներն իրենք որոշեն, թե ում օգտին է մեր տարածաշրջանում և ՈՒկրաինայում ջանում Արևմուտքը։ Իսկ առայժմ Արևմուտքն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են ՈՒկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ, իսկ ուկրաինական ընդդիմությունը նոր սադրանքներ է նախապատրաստում. Արևմուտքի խամաճիկները փողոցներում հարձակումներ գործելու համար հավաքագրում են ուսանողների և անգամ անչափահասների։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ