Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է

12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է
13.10.2013 | 11:20

Վաղը կնշվի Երևանի 2795-ամյակը, ի թիվս այլևայլ իրողությունների` բոլորս նորից կհիշենք, որ Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Հավերժական քաղաք Հռոմից, որ մայրաքաղաքն էր Հռոմեական կայսրության, որի գրպանից մանրադրամի պես թափված տարածքները հետո դարձան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի անկախ պետություններ: Կհիշենք կեսօրին, երեկոյան կմոռանանք: Մինչև հաջորդ տարի: Իսկ հռոմեացիները չեն էլ հիշում, թե քանի տարեկան է իրենց քաղաքը, ոչ էլ հիշեցնում են. նրանք պահպանում են Հավերժական քաղաքը, ապրում են ու ապրեցնում են Տիբերի ափին յոթ բլուրների վրա երկվորյակներ Հռեմոսի ու Հռոմուլոսի կառուցած քաղաքը` վեստալուհիների ու Մարս աստծո որդիների, ու կերակրեցին փայտփորիկն ու գայլուհին: Վեստալուհիները ամուսնության իրավունք չունեին` մահվան սպառնալիքով, ուրեմն և մահապարտներ էին նրանց զավակները: Բայց ապրեցին ու քաղաքը կառուցվեց, և քաղաքն ինքը իր հազարամյակների պատմության վկայությունն է:
Ծայրից ծայր յոթ անգամ անցեք Երևանով ու գտեք մի նյութական հաստատում, որ Երևանը Հռոմից 29 տարով մեծ է: Էրեբունի ամրոցը և Արգիշտիի որդի Մենուայի սեպագիրը չհաշված: Գտեք մի տաճար ¥հասկանալի պատճառներով ոչ հեթանոսական, այլ քրիստոնեական եկեղեցի, որ 301 թվականից հետո է կառուցվել աշխարհում քրիստոնեությունն առաջինը ընդունած պետությունում¤, մի պալատ հայոց բազում արքաներից մեկնումեկին պատկանած, կամ այդ արքաներից մեկի դիմապատկերը` կտավներում, քանդակներում, դրամների վրա, մի թատրոնի շենք, գոնե մի տուն, ուր ապրել է, ասենք, 7-րդ դարի հայ ազնվականը, զինվորականը, պատմիչը, մի ավերակ գոնե: Լավ, 17-րդ դարի: Հայոց 12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ախտորոշում է` ժողովրդի, պետության, պատմության, բնավորության: Քաղաք քաղաքի հետևից կորցնելուց հետո դաշտագլորի մեր խառնվածքը մի տեղ հենարան է գտել ու արմատներ ձգել` մինչև առաջին վտանգը: Լավագույն դեպքում` երկրորդը: «Գայլը փարախում ձագեր է բերել և դա մեր շների հեզությունից է»` ամենադառը նախադասությունն է, որ գրել է հայ գրողը: Որ կարող էր գրել որևէ գրող իր հայրենիքի մասին: Իսկ հայ ընթերցողները կարդում են ու զմայլվում գրողի խորաթափանցությամբ: Ընդամենը: Որովհետև նույնպես հեզ են: Որովհետև իրենց ու իրենց հայրենիքի կապը խզված է: Իսկ ով կհանդգնի ասել, որ մեր գայլը պղնձյա չի եղել, այլ քոսոտ ու անբուրդ, որ օտարի խարույկից ենք մեր կրակը վառել, կդառնա նիհիլիստ, հետո կսպանեն:
Հայ մշակույթի, հայ դարավոր մշակույթի պատմական հուշարձանները սփռված են ուրիշ պետություններում: Այլադավան կամ քրիստոնյա: Դա, ըստ էության, նշանակություն չունի: Անին հազար ու մեկ եկեղեցի ուներ, բայց այդ եկեղեցիներում հնչող աղոթքը երկինք չէր հասնում: Չհասավ, երբ Անին վաճառվեց: Այսօր ավերակ Անիի ամեն քարը, որ տեղաշարժվում է, ցավ է պատճառում: Ջուղայի խաչքարերը տրակտորով մանրախիճ դարձան, փոշին գուցե միայն Հայաստան հասավ, որովհետև քամին սահմաններ չի ընդունում: Փոշոտվեցինք, աղմկեցինք, մոռացանք: Կարսի բերդը մինչև հիմա կա ու անառիկ է մինչև հիմա: Անառիկ, որովհետև բերդի դռները բացեց ոչ թե թշնամին, այլ «ստոր, նաիրադավաճան ազգուրաց»-ները: Մեր մշակույթի գոյությունը վկայող պատմական հուշարձանները, մեր գոյությունը հաստատող պատմական վկայությունները ոչ մեկին պետք չեն: Ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս: Երբ ավերում է այլադավան կամ քրիստոնյա օտարը, ինչ-որ բացատրություն կա` քաղաքական, քաղաքակրթական, տնտեսական, կենցաղային: Երբ ավերում ենք մենք, բացատրությունը մեկն է` հանցագործություն: Պատճառները շատ են: Հիմնականը տգիտությունն է: Տգիտությունը երեկվա, այսօրվա ու վաղվա առաջ: Պարտքի, պատասխանատվության, հայրենասիրության մասին խոսելն ավելորդ է: Մեր դեպքում: Մեր պայմաններում: Հիմա հասկանալի են միայն շահն ու շահույթը շոշափող փաստարկները: Ամենապարզունակ մակարդակով` պատմությունն էլ, պատմական հուշարձանն էլ կարելի է և հնարավոր է դարձնել շահույթի աղբյուր:

Աշխարհում դա առավել քան ընդունված է: Ընդունված է նաև, որ պիտի տաս, որ ստանաս: Մենք ուզում ենք միայն ստանալ, սպառողի մեր հոգեբանությունը ստեղծելու ունակ չէ: 19-րդ դարի Երևանի գոյությունը հաստատող պահպանված տները քանդվեցին` հավաստիացումով, որ վերահավաքվելու են համարակալված քարերով մեկ այլ վայրում: Նույնիսկ «Հին Երևան» ծրագիր կազմվեց, բայց մնաց նախընտրական խոստումներում կամ թղթի վրա: ՈՒ այսօր երբ ֆիլմում հին Երևան են նկարում, գնում են Գյումրի, ուր մի փողոց պահպանվել է: Աստաֆյան փողոցն այլանդակվեց ծայրից ծայր: Մեր հեզ հանդուրժողականության ուղեկցությամբ: Բողոքողներ եղան: Հատուկենտ: Նրանց ոչ ոք չլսեց: Նրանք բախվեցին պետական գերակա շահին, որ պետական չէր, ոչ էլ գերակա էր, անձնական շահ էր` պետության անվան տակ մտնում էր քաղաքացու տունն ու նրան դուրս քշում, ավերում էր քաղաքն ու քաղաքացու կերպարը: Մանրիկ շահ, բայց` մեծ շահույթով: Նիկոզիայից դուրս ես գալիս ու երեք ժամ բարձրանում ես սարի ծայրը, որ քեզ ցույց տան 13-րդ դարի երկու քառակուսի մետր տարածքում պահպանված մանրանկար: Բայց որպեսզի քեզ կողոպտված չզգաս, մի երեք կիլոմետր հեռու 13-րդ դարի ոճով կառուցված պանդոկում Կիպրոսի լավագույն ճաշատեսակներն են մատուցում, լավագույն հուշանվերներն են առաջարկում, մաքուր, կոկիկ, մատչելի գներով, մեղմ երաժշտության տակ: Որովհետև դու զբոսաշրջիկ ես, իրենք քո ներկայության կարիքն ունեն, իրենք հարգում են իրենց երկիրն ընտրելու քո կամքը ու պատրաստ են հնարավորն անել, որ դու վերադառնաս կամ ուղարկես քո մտերիմներին: Զբոսաշրջությունը երկրի բյուջեի համալրման անսպառ աղբյուր է, բայց` բարդ գործ: Այս ոլորտում մրցակցությանը կարող ես միայն ազգային առանձնահատկությունների հաշվին դիմանալ` զբոսաշրջիկի աչքը կուշտ է հիասքանչ տաճարներով ու փառահեղ կտավներով, արձաններով ու շատրվաններով գերբնակեցված Եվրոպայից էլ, Ասիայից էլ: Խելամիտ մատուցմամբ Գեղարդը կարող է մրցակցել անգամ սուրբ Պետրոսի տաճարի հետ: Գետի քչքչոցից ու քարերի մեջ հատված քարերից բացի ի՞նչ ենք ցույց տալու: Չասեմ, չէ, ազգային անհնարինություն դարձած զուգարանների անհրաժեշտության մասին: Ազգային ճաշատեսակներ մատուցող, մաքուր և մատչելի գներով ռեստորանների առկայության: Ճանապարհների, որ քարուքանդ են, երբ մայրուղուց մի կես կիլոմետր դուրս ես գալիս: Իսկ եթե մի քիչ, շատ քիչ, խորանամ` արժի՞ ասել, թե ինչ գին ունեն ինքնաթիռի տոմսը, հյուրանոցի համարները, որքան են այդ գները համապատասխանում մատուցված ծառայությունների որակին: Արժի՞ հիշեցնել, թե ինչու տապալվեց 2001-ին Հայաստան 40000 զբոսաշրջիկների ¥ավելի ճիշտ` ուխտավորների, որովհետև, իբր թե, նրանք պիտի գային մասնակցելու Քրիստոնեության հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին¤ գալու ծրագիրը, ինչո՞ւ միայն Հովհաննես Պողոս պապը եկավ, բայց նա սուրբ էր կյանքի օրոք: Հիշեցնեմ, թե նախօրեին ինչքան բարձրացան հյուրանոցների ու ավիատոմսերի գները: Ո՞վ տուժեց: Իսկ քանի՞ անգամ պայթեցրինք Չարենցի կամարը: Ինչո՞ւ: Ո՞վ պարզեց: Ո՞վ պատժվեց: Զբոսաշրջությունը այն ոլորտն է, որ ներդրումներ է պահանջում, բայց և փոխհատուցում է: Մի պայմանով` կիսատ-պռատություն չի հանդուրժում: Համալիրը պետք է ամբողջական լինի` կենտրոնում ունենալով որևէ պատմական հուշարձան, ինֆրակառույցները պետք է փակ շրջանակի օրենքով աշխատեն` զբոսաշրջիկին ապահովելով և հանգստի, և ճանաչողության ընդլայնման, և ազգային յուրահատկություններին ծանոթանալու հնարավորություններով, և դրական հույզերի, ինչու ոչ, նաև ադրենալինի հոսքով: Նա պիտի երկրից մեկնի այն զգացողությամբ, որ ժամանակը պակասեց` տեսավ տասից մեկը, իսկ մնացած ինը հրաշալիքներ էին, որոնց համար արժի վերադառնալ: Զբոսաշրջիկների վերադարձով մեր երկրում շահագրգռված են միայն մուրացկանները, որ աննահանջ համառությամբ շրջափակում են յուրաքանչյուր օտարախոսի, լավագույն դեպքում նրան մոմ գնել պարտադրելով, սովորաբար փող պոկելով: Երևանի կենտրոնում Գրիգոր Լուսավորչի մայր տաճարն է, նորակառույց եկեղեցի, եթե համեմատում ես մյուս եկեղեցիների հետ: Նորակառույց, ուրեմն` տրամաբանորեն պիտի նաև բարեկարգված շրջակայքով: Եկեղեցուց դուրս եկեք և շուրջբոլորը 10 մետր շրջագծով քայլեք: Թե որքան էր տեղին Անդրանիկի արձանը քաղաքի այդ հատվածում տեղակայելը, թողնենք քաղաքապետարանի խղճին, թե որքան է մայր տաճարի հարևանությամբ տեղին հավերժ աղմկող, 20-րդ դարի ճոճանակներով «Լունապարկը», վերստին թողնենք քաղաքապետարանի խղճին, իսկ եկեղեցուն հարակից խոտածածկ աղբանո՞ցը: Ո՞Ւմ ենթակայության տակ է տարածքը` քաղաքապետարանի՞, թե՞ եկեղեցու: Ո՞վ է տարածքի բարեկարգման պատասխանատուն: Իսկ զբոսաշրջիկները գալիս են ու տեսնում են հարևանող, բայց անհամատեղելի Գրիգոր Լուսավորչի մասունքները եկեղեցու ներսում, քարքարոտ աղբանոցը եկեղեցու պատի տակ: Մեր երկրի պատկերը դա է` մասունքները աղբակույտերում: Եվ տեսնում են մեզ, որ հանգիստ, անտարբեր, հպարտ անցուդարձում ու ոչինչ չենք նկատում, որովհետև մեզ համար դա սովորական պատկեր է:
Մաշտոցի պողոտայի Փակ շուկան 2011-2013 թթ. իր պատմությամբ հիանալի ախտորոշում է մեր պատկերացումների, երազանքների ու գիտելիքների վիճակը: Ժամանակակից հարուստները իրենց ունեցվածքի հաստատումը գտնում են այս ու այնտեղ իրենց կնիքը դնելով` սեփական մակնիշը սեփական արժանավորության հասարակական հավաստումն է: «Երևան Սիթի»` ուրեմն տեղական նշանակության հավերժությունը երաշխավորված է: Սա երազանք է նաև: Իսկ գիտելիքը, ավելի ճիշտ` գիտելիքի բացակայությունը հավաստվում է նրանց վարքագծով` իսկական արժեքը փոխարինել անարժեքությամբ և համոզված լինել, որ արժեք են ստեղծել: Իսկ երբ հանդիպում են ամենաթողությունն ու տգիտությունը, հետևանքը շատ ավելի ավերիչ կարող է լինել, քան սիթիացած շուկան, իրենց անզորության տակ կեղծ ստորագրություն դրած նախարարությունն ու քաղաքապետարանը: Դա բոլորիս կեղծ ստորագրությունն է, իրական ստորագրության պատիվը մենք վաճառել ենք` նախ ինքներս մեր նկատմամբ հարգանքը կորցնելով, հետո` երբ արդեն մեզ դադարեցին հարգելուց ու ընդհանրապես մարդատեղ դնելուց: Արամի փողոցը, Պուշկինի փողոցը, պետական կարիքների անվան տակ քանդված ու չկառուցված տները, այլանդակված Աստաֆյանն ու կույր աղիքի պես քաղաքի կենտրոնում հայտնված Հյուսիսային պողոտան, Մաշտոցի պողոտայի Փակ շուկան ընդամենը մի քանի հասցեներն են մեր կորցրած արժանապատվության, որ կոչվում է նաև տիրոջ զգացողություն: Չկա այլևս այդ զգացողությունը, մենք գիտենք, որ Երևանը Հռոմից 29 տարով մեծ է, և դա այն ամենն է, որ մենք գիտենք: Իսկ որ Հռոմի ամեն փողոցում իր պատմության վկայություններ կան, որ բոլոր դարերը Հռոմով անցել ու չեն անհետացել, իտալացիների բախտը բերել է` հայ քաղաքապետ չեն ունեցել, ոչ էլ ճարտարապետ: Եվ դա է Հավերժական քաղաքի հավերժության գաղտնիքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Դուք կարծում եք` ռուսները շարունակում են անվերջ հիացած մնալ Վլադիմիր Իլյիչ Լենինի գործով ու անձո՞վ, կամ պակա՞ս քրիստոնյա են, որ վերջապես հողին հանձնեն հանգուցյալի դին և հանգիստ տան հոգուն, թե՞ Գենադի Զյուգանովի կոմունիստական բունտից են վախենում, որ Կարմիր հրապարակից Լենինի դամբարանը չեն հանում: Ռուսները հիանալի հաշվարկել են, որ Կարմիր հրապարակը առանց դամբարանի կորցնում է իր պատմության 20-րդ դարը և նվազ գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, որ շարունակում են պարտաճանաչ նկարվել դամբարանի պարեկների կողքին ու այցելել համաշխարհային հեղափոխության առաջնորդին: 2013-ին Մոսկվայի լենինյան վայրերում եղել է կես միլիոն չինացի, մյուսների թիվը չասեմ: Բիզնեսը միայն ավերելը չէ, բազմազանության համար կարելի է նաև պահպանել: Բայց դա մեր դեպքը չէ:

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ