Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի

Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի  վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի
01.10.2013 | 11:32

Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի մի երկրի հետ, որն այդքան հեշտորեն կորցնում է ինքնիշխանությունը


Եվրոպայի առաջատար պետությունները չէին կարող անմասն մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացից և ձգտեցին ցուցադրել իրենց պատրաստակամությունը` հովանավորելու ՆԱՏՕ-ին մի շարք երկրների ինտեգրվելու և անդամակցելու գործում։ Միաժամանակ, չունենալով որոշակի մտադրություններ Արևելյան Եվրոպայի երկրների առնչությամբ, եվրոպական երեք առաջատար տերությունները չկարողացան նրանց «հովանավորության» իրականացման կոնկրետ առաջարկություններ անել։
Ֆրանսիան ¥նախագահ Շիրակի՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ¤ խոստացավ Ռումինիային մտցնել ՆԱՏՕ։ Գերմանիան որոշ ոգևորությամբ ընդունեց Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի մուտքը ՆԱՏՕ, իր համար ապահովելով ոչ միայն դաշնակցային հարաբերություններ արևելյան մերձավոր հարևանների հետ, այլև քաղաքական ազդեցություն։ Մեծ Բրիտանիան երբեք շահագրգռված չի եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, բայց հարկադրված է համաձայնել Կենտրոնական Եվրոպայի երկրների «եռյակին» ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկելուն։ Այդ «ոչ լիարժեք հովանավորությունը» ձեռնտու էր ԱՄՆ-ին, որը ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնորդներին ֆրանսիացիների ու գերմանացիների տված «խոստումներն» օգտագործեց սկզբունքային որոշման համար։ Սակայն, հայտնվելով ՆԱՏՕ-ի ծիրում, Կենտրոնական Եվրոպայի և ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպայի պետությունները դարձան ոչ թե Գերմանիայի ու Ֆրանսիայի «ջերմ» գործընկերները, այլ ԱՄՆ-ի։ Դեռ մինչև ՆԱՏՕ մտնելը, այդ պետություններն ամերիկացիների կողմից օգտագործվում էին եվրոպացիների հետ երկխոսելիս։ Հեռանկարում Արևելյան Եվրոպայի երկրների այդ գործառույթը կուժեղանա։ Կարելի է ենթադրել, որ Արևելյան Եվրոպայի երկրների զուտ ռազմական դերը ևս կմեծանա։ Թվում է, ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի երկրների, արևելաեվրոպական ազգությունների խառնվածքը շատ ավելի բուռն է և, լինելով քրիստոնեական քաղաքակրթության մաս, այդ երկրները կկարողանան կամավորներ տրամադրել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար։ Բայց այդպես չեղավ, և Արևելյան Եվրոպայի երկրները չդարձան ՆԱՏՕ-ի ակտիվ ու նախաձեռնող անդամներ։
Ինչպես հայտնի է, այդ երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, հիմա արդեն նաև Հայաստանի մի շարք ղեկավարներ առաջարկում էին ՆԱՏՕ-ի երկրների օգնությամբ ստեղծել ոչ մեծ խաղաղարար զորախմբեր։ Ընդ որում, որոշակի իմաստով, մինչև, այսպես կոչված, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի խայտառակ որոշումը, Հայաստանը, փաստորեն, ՆԱՏՕ-ին միանալու առումով դարձել էր առաջատարը Հարավային Կովկասում։ Տևական աղմկոտ իրադարձություններից հետո` կապված ՆԱՏՕ-ի շրջանակներում Վրաստանի համագործակցության հետ, եվրոպացիներն սկսեցին մեծ զգուշավորություն ցուցաբերել դաշնախմբին տարածաշրջանի երկրների ինտեգրման հարցում։ Ներկայումս տարածաշրջանի երկրները մասնակցում են IPAP ծրագրին ¥Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր¤, ակնկալելով, որ այն զարգացում կունենա, քանի որ մոտ ժամանակներս համագործակցության ծրագրերի ինստիտուցիոնալ զարգացում չի նախատեսվում։ Հայաստանի առնչությամբ ծագում են բավական բնորոշ դժվարություններ, քանի որ Թուրքիան ոչ մի հնարավորություն բաց չի թողնում Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը սահմանափակելու համար։ Առայժմ Հայաստանին ինչ-որ չափով աջակից են և նրա շահերը պաշտպանում են Ֆրանսիան, Հունաստանը, մասամբ Լեհաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ը։ Բայց ասել, թե Հայաստանը հովանավորություն է վայելում, չափազանցություն կլինի։
Հարավային Կովկասի պետություններում այնքան էլ ուժեղ չեն եվրոպամետ կողմնորոշումները, բայց ձգտում կար դառնալու լիարժեք եվրոպական երկրներ, հաղորդակցվելու կապիտալիզմի եվրոպական, հիմնականում սոցիալական ուղղվածության մոդելներին։ Այդ երկրներում ավանդաբար ուժեղ են արդարության սոցիալիստական պատկերացումները և ձախ քաղաքական կուսակցությունները, որոնք արդեն «հենակետեր» են գտել ի դեմս Արևմտյան Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական, լեյբորիստական և այլ ձախ կուսակցությունների։ Այս ամենը կարող է ապագայում լուրջ խնդիր առաջացնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի քաղաքականության համար, երբ, հասնելով տնտեսական ու քաղաքական հաջողությունների, Արևելյան Եվրոպայի երկրներն ավելի ու ավելի կզգան իրենց իրավունքները որպես եվրոպական ազգեր։ Գերմանիան ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն նրանց իրենց շահերի հուն բերելու համար ¥իհարկե, ԱՄՆ-ի նկատմամբ լիակատար բարեհաճություն կպահպանեն բալթյան երեք պետությունները, գուցե զգալի չափով նաև Լեհաստանը¤։ Ելնելով այդ ենթադրություններից, ԱՄՆ-ը պետք է շահագրգռված լինի ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցությամբ։ Թեև դա իմաստ ունի միայն միջնաժամկետ հեռանկարում։ Բայց, այդուամենայնիվ, Հարավային Կովկասի պետությունները ՆԱՏՕ ձգտելիս ավելի շատ կողմնորոշվում են դեպի ԱՄՆ, քան դեպի եվրոպացիներ։
Գերմանիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ առանձին պարտավորություններ չուներ և գոհ է դաշնախմբի մեջ առաջին «եռյակի» ընդունումից։ Գերմանիայի պաշտպանունակության ամրապնդման գործում կարևոր դեր կունենա գերմանա-դանիա-լեհական բանակային զորախմբի ստեղծումը Բալթիկ ծովում։ Գերմանական քաղաքականության զարգացման այդ փուլի համար նրա արևելյան սահմաններին ստեղծված իրավիճակը լիովին բավարարում է նրան, և դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կարող է Գերմանիան ներքաշել այնպիսի խնդիրների իրականացման մեջ, որոնք հակասում են Արևելքում նրա ունեցած շահերին։ Արևելքում Գերմանիայի հետապնդած ռազմավարական շահերը չեն ներառում բալթյան երկրների վրա նրա ազդեցության բարձրացում, որոնք արդեն հիմա դարձել են նրա տնտեսական ծայրագավառները։ Դրանք ենթադրում են վստահալից հարաբերություններ Ռուսաստանի հետ, նրա ներգրավում եվրոպական քաղաքականության մեջ և Կալինինգրադի մարզի հարցի ավելի առարկայական քննարկման հնարավորության ստեղծում։
Գերմանիան որոշ քաղաքական պարտավորություններ ունի Սլովենիայի հանդեպ, բայց ոչ երբեք բալթյան պետությունների։ Նա առավել քննադատաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի մեջ Հարավային Կովկասի պետությունների ընդունմանը, սակայն Գերմանիայի դիրքորոշումը չի սահմանափակվում հարավկովկասյան պետությունների հանդեպ այդ վերաբերմունքով։ Տվյալ դեպքում, Գերմանիան ձգտում է զսպել ՆԱՏՕ-ի արագ ընդլայնումը, քանի որ նրան հուզում են Ռուսաստանի հետ առճակատման հնարավորությունն ու հակամարտությունների այլ գոտիներում ներգրավվելու վտանգը։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան Ֆրանսիայի հետ համերաշխ է մասնավոր և դաշնախմբի շրջանակներում առավել սկզբունքային հարաբերություններում։ Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիային սպառնում էր հայտնվելը «Մեծ Եվրոպայի» ինտեգրման դեմ հանդես եկող կողմի դիրքում։ Ֆրանսիան կատարել է ՆԱՏՕ-ի մի շարք նոր անդամների հանդեպ իր ունեցած պարտավորությունները և իր քաղաքական ակտիվությամբ ընդունակ է փոխհատուցելու Արևելյան Եվրոպայի երկրներին հասցրած այս կամ այն «վնասը»։
Եվրոպայում առաջատարի դերին հավակնող Ֆրանսիան հասկանում է, որ առանց ՆԱՏՕ-ի ընդլայնման այնքան օրախնդիր նախագծին ակտիվ մասնակցության ինքը կարող է կորցնել քաղաքական դիրքերը։ Սակայն Հարավային Կովկասի առնչությամբ լուրջ երկյուղներ չկան, թե Ֆրանսիային «քաղաքական պարտություններ» են սպասում։ Տարածաշրջանում Ֆրանսիայի մերձավոր գործընկեր Հայաստանը ձգտում է, բայց հույս չունի, թե մոտ ապագայում կմտնի ՆԱՏՕ։ Մինչև վերջերս էլ ձգտելով զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և ակտիվորեն մասնակցելով դաշնախմբի ծրագրերին, Հայաստանը, միաժամանակ, աշխատում է խնդիրներ չունենալ Ռուսաստանի հետ։ Բայց պարզվեց, որ Ռուսաստանը կարող է ոչ միայն ուժեղ ճնշում գործադրել, այլև բացահայտորեն սպառնալ Հայաստանին` ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու նրա ձգտման առթիվ։
Ադրբեջանն իր յուրօրինակ դիրքորոշումն ունի ու նույնպես չի կարող իր պահանջները ներկայացնել Ֆրանսիային` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցերի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ֆրանսիան այդ երկիրը համարում է ԱՄՆ-ի խամաճիկ և ամենևին շահագրգռված չէ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությամբ։ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգձգումը ֆրանսիական քաղաքականության արդյունավետ հնարքներից է, սակայն ԱՄՆ-ի հետ «քաղաքական սակարկության» կարգով։ Այդ հարցը մեծ մասամբ կախված կլինի Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններից, որոնք երկուսն էլ պատրաստ են խաղային հարաբերությունների մեջ մտնելու ԱՄՆ-ի հետ։
Մեծ Բրիտանիան այնքան էլ ոգևորված չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, քանի որ ռազմավարական շահեր չի հետապնդում Եվրոպայի այս կամ այն մայրցամաքային ուղղությունում։ Նրան հետաքրքրում են եվրոպական քաղաքականությունն ընդհանուր առմամբ, մայր ցամաքում ուժերի հավասարակշռության պահպանումն ու Եվրամիությունում որոշումների ընդունման վրա արդյունավետորեն ներգործելու հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը կարող է հանգեցնել մայր ցամաքում Գերմանիայի կամ Ֆրանսիայի ուժեղացմանը, ինչպես նաև կամրապնդի ԱՄՆ-ի դիրքերը։ Այն կհանգեցնի ռազմական ծախսերի մեծացմանը, ինչն ամենից շատ է անհանգստացնում Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու հանրությանը։ Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ են քաղաքական կարևոր ուղղություն Մեծ Բրիտանիայի համար։ Վարչապետ Դ. Քամերոնը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը քննարկելիս ընտրելով ամենանպաստավոր պահը, պաշտպանեց ԱՄՆ-ի դիրքորոշումը և հանդես եկավ դաշնախմբի կազմի ընդլայնման օգտին։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան համարում է, որ առաջին «եռյակի» ընդունման և ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ փուլի միջև պետք է դադար լինի, որի ընթացքում հնարավոր կլինի քննության առնել ընդլայնման առաջին փուլի արդյունքները։
Մեծ Բրիտանիան հետագայում էլ նույն դիրքն էր գրավում, շարունակելով ընթանալ ամերիկյան քաղաքականության հունով, և առանց առանձնակի եռանդի հավանություն էր տալիս ՆԱՏՕ-ին բալթյան և բալկանյան երկրների անդամակցությանը։ Կասկած չկա, որ Մեծ Բրիտանիան խոչընդոտներ չի հարուցի ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ճանապարհին, եթե ավելի նպաստավոր պայմաններ առաջանան, այսինքն, եթե այդ խնդրին ավելի բարեհաճ վերաբերվեն Ֆրանսիան ու Գերմանիան։ Դրա հետ մեկտեղ, արդեն Բուխարեստի գագաթնաժողովում եվրոպական մեծ «եռյակը» միանգամայն հստակորեն իր վերաբերմունքն արտահայտեց ՆԱՏՕ-ին Վրաստանի, ինչպես նաև ՈՒկրաինայի անդամակցության առնչությամբ։ Փարիզ, Բեռլին և Լոնդոն կատարած Մ. Սաակաշվիլու այցերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում արտահայտած դիրքորոշումը բավական հստակորեն արտացոլեցին ոչ միայն ֆրանսիացիների ու գերմանացիների, այլև բրիտանացիների հայացքները, որոնք չէին ցանկանա տվյալ փուլում դառնալ գործընկերների հարաբերություններում խնդիրների առաջացման պատճառ։ ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովը, ուր հայտարարվեց, թե դա ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովն է, որտեղ նոր անդամներ չեն ընդունվում, համենայն դեպս, ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարներն անորոշ են։
Ներկայումս դժվար է ասել, թե կա՞, արդյոք, Հարավային Կովկասի առնչությամբ ՆԱՏՕ-ի ավարտուն ու ամբողջական քաղաքականություն։ Ընդհանուր առմամբ տպավորություն է առաջանում, որ Հարավային Կովկասի առնչությամբ ՆԱՏՕ-ի ռազմավարների մտորումները տեղի են ունենում ինտերակտիվ կարգով։ Այդ պլանավորման ընթացքում հաշվի են առնվում արևմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի քաղաքագետների ընթացիկ քայլերի արդյունքները, արդեն եղած փորձի նշանակությունն ու Հարավային Կովկասի երեք երկրների արձագանքը։ Արևմտյան ընկերակցությունն ունի հարավկովկասյան պետությունների ինտեգրման որոշ փորձ, նկատի ունենալով Եվրախորհրդին նրանց անդամակցությունը, ընդ որում՝ հետևյալ հաջորդականությամբ` նախ Վրաստանը, ապա Հայաստանն ու Ադրբեջանը։ Տարածաշրջանի քաղաքական լարվածությունը հաշվի առնող այդ մոդելը կարող էր կիրառվել նաև ՆԱՏՕ-ին այդ պետությունների ինտեգրման դեպքում։ Սակայն վերջին իրադարձությունները` Եվրամիությանը ինտեգրվելուց հրաժարվելու Հայաստանի նկատմամբ կիրառված ճնշումները, ամենայն հավանականությամբ, փոփոխություններ կմտցնեն տարածաշրջանում տիրող իրավիճակում։
Համենայն դեպս, ՆԱՏՕ-ի կազմում հարավկովկասյան պետությունների ներգրավումը շատ ավելի խնդրահարույց է, քան Կենտրոնական Եվրոպայի ու Բալկանների։ Եվրամիությանը Վրաստանի ու Հայաստանի ինտեգրումը ավելի որոշակի ու դինամիկ բնույթ էր կրում, բայց Ռուսաստանին հաջողվեց Հայաստանը դուրս մղել այդ գործընթացից։ Եվրամիությունը, անկասկած, ուշադրության կառնի Հայաստանի այդ վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի մի երկրի հետ, որն այդքան հեշտորեն կորցնում է ինքնիշխանությունը։ Ավելի շուտ, կարելի է նկատի առնել, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ի նոր գործընկերները, որոնք դաշնախմբի անդամներ չեն, պետք է բավարարվեն IPAP ծրագրին (այսինքն, լայն ընդգրկմամբ ունիվերսալ ծրագրին) ակտիվ մասնակցությամբ։ Մոսկվայի առջև Հայաստանի կապիտուլյացիայից հետո միայն Վրաստանն է մնում որպես ՆԱՏՕ-ի ու Եվրամիության համար շատ թե քիչ հավանական գործընկեր։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ