Փակուղիներ չկան. երբ դռները չեն բացվում« նշանակում է կողպեքներն ու բանալիները իրար չեն գտել, ինչ-որ տեղ ներդաշնակություն դեռ չի հաստատվել: Փակուղիներ չկան ընդհանրապես, կա ելքի ժամանակավոր անհնարինություն: Ժամանակավոր: Ոմանք կարող են առարկել, որ «ժամանակավոր» հասկացությունը շատ հարաբերական ու տարողունակ է, ուրեմն և կարող է որոշ դեպքերում «վերջ» նշանակությունն ունենալ: Իհարկե: Բայց միշտ էլ «վերջը» սկիզբ է` նոր որակով, նոր իմաստով, նոր հարթության մեջ, նոր իրավիճակում: Նույնիսկ, երբ այդ «վերջը» վերաբերում է մարդու կյանքին:
Մենք միշտ ակնկալում ենք փոփոխություններ, պարտադիր` դեպի լավը: Որովհետև մարդը ի բնե լավատես է ու չի կարող իր ծրագրերը միշտ սկսել 00 կետից, երբ արդեն որոշակի ճանապարհ է անցել: Իսկ երբ պարտադրվում է զրոյական ելակետի, նորից փոփոխություններ է ուզում` միանգամայն հասկանալի պատճառով: Ինչո՞ւ են Հայաստանից արտագաղթում և ովքե՞ր: Ես չեմ ուզում մտնել թվերի ու վիճակագրության լաբիրինթոսը: Նախ` վստահ եմ, որ չկան իրականությանը համարժեք թվեր, հետո` վստահ եմ, որ ամենաճշգրիտ վիճակագրությունն ընդամենը արտացոլում, բայց չի բացատրում ոչինչ: Ես չեմ ուզում մտնել նաև քաղաքականության մեջ, որովհետև այդ հարցի պատասխանը միայն քաղաքականության մեջ չէ: Չեմ ուզում նաև պատմությանն ու մեր դարավոր գաղթականության հիմնավորումին ապավինել, որովհետև վստահ եմ, որ ոչ ոք լավ կյանքից չի հեռանում կամովին: Իսկ պարտադրյալ իրավիճակներում ընդունված որոշումները բոլորովին այլ անուններ ունեն: Եթե չեմ ուզում ոչ թվեր ու վիճակագրություն, ոչ քաղաքականություն, ոչ էլ պատմություն, ի՞նչ եմ ուզում, երբ փաստացի ինքս եմ հրաժարվում ներկայից, ապագայից ու անցյալից: Մի քանի ամիս առաջ մասնակցեցի մի կոնֆերանսի. մերձբալթյան հանրապետություններից, Բելառուսից, ՈՒկրաինայից, Ղազախստանից ու Վրաստանից ժամանած փորձագետները քննարկում էին իրենց երկրների զարգացման հեռանկարները: Եթե ասեմ, որ մի բառով նրանք իրենց անվանում էին եվրասկեպտիկներ, արդեն պարզ կդառնա, թե ինչ ընթացք ու ավարտ ունեցավ կոնֆերանսը: Որոշ ժամանակից վիճակվեց մասնակցել մեկ այլ կոնֆերանսի. նրանք իրենց պաշտոնապես չէին անվանում եվրաօպտիմիստներ, բայց քննարկման ամբողջ տրամաբանությունը հենց դա էր: ՈՒ եթե սկեպտիկները կարմիր լույս էին վառում, իսկ օպտիմիստները` կանաչ, մյուսներին մնում էր դեղին լույսը` սպասումը: Ինչո՞ւ լավ լուրերը, դրական հույզերը, խաղաղ վերլուծությունները սպառում չունեն: Որովհետև մարդիկ սոցիալական բևեռացումների ժամանակ ի վիճակի չեն ո՛չ ընկալել, ո՛չ հավատալ, ո՛չ տեղեկանալ որևէ դրականի, լուսավորի, գեղեցիկի ու հուսատուի մասին: Նրանք պարզապես գերադասում են ինքնամեկուսանալ: Մեկուսանալու ձևերը տարբեր են` ոմանք մնում են, ոմանք գնում են: Հայաստանի Հանրապետությունում ամենազգալի պակասը ինքնագնահատականի պակասն է: Սկսած քաղաքացիներից, վերջացրած պետության ինքնագնահատականով: Պետության ինքնագնահատականը որոշիչն է` կանխատեսելի ու հաստատուն, ինքնավստահ քաղաքականություն վարող պետության քաղաքացին ունենում է կանխատեսելի, հաստատուն, ինքնավստահ վարքագիծ: Երբ պետությունը աջ ու ահյակ է զարկվում իր ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները լուծելիս, քաղաքացին սփռվում է աշխարհով մեկ, և ոչինչ չի կարող նրան կասեցնել իր հայրենախույս ընթացքի մեջ: Հայրենախույս ու հայրենաձիգ ընթացքների կենտրոնում պետությունն է, հայրենախույս և հայրենաձիգ ընթացքների կենտրոնում նաև քաղաքացին է: Եթե քաղաքացին կատարող է, պետությունը որոշող է:
Անտարբերությունն ու անկարողությունը նույնպես որոշում են` ապագա չունենալու ու թույլ մնալու որոշում, որ պետությունը կարող է ընդունել իրենից կախված ու իրենից չկախված պատճառներով, բայց քաղաքացին չի կարող այդ որոշումն ընդունել, նա համաձայն չէ, նա որոնում է տարբերակներ, որովհետև, բացի ամեն ինչից, խրված է կոնկրետության մեջ` կոնկրետ անելիքների, կոնկրետ հոգսերի, կոնկրետ գործերի, որ նաև չափազանց կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում: Պետությունը կոլեկտիվ պատասխանատվության մեխանիզմ է, քաղաքացին` միայնակ: Դա ավելի դաժան է, դա ուղղակի այլընտրանք չի թողնում: Կոլեկտիվ պատասխանատվությունը ձախողված անհատի անպատժելիությունն է, իսկ քաղաքացին հաջողության ու ձախողումի արգասիքն ամեն առավոտ տեսնում է իր սեղանին` հացի ու այլ սննդամթերքների առկայությամբ կամ չգոյությամբ: Սոված երեխայի համար պետությունը ինքնասպան չի լինում, ծնողը կարող է մարդ սպանել:
Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի ու վարչապետի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները պարբերաբար ասպարեզ են նետվում ու նույնքան հետևողականությամբ մարում են: Իհարկե, իբրև նորություն կառավարության փոփոխությանն առնչվող ցանկացած լուր հրատապ է: Բայց միայն այդքանը, որովհետև մեր դեպքում վարչապետի փոփոխությունը դառնալու է անձի փոփոխություն, վարվող քաղաքականությունը չի փոխվելու, պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նույն օրենքներով, նույն իրավունքներով ու պարտականություններով: Թեպետ վարչապետի փոփոխությունը նշանակում է կառավարության հրաժարական, որը, եթե ընտրական գործընթացի հետևանք չէ, ենթադրում է վարվող քաղաքականության փոփոխություն: Սեպտեմբերի 3-ից հետո արևմտամետի համարում ունեցող Տիգրան Սարգսյանի փոփոխությունը արդեն իմաստ էր ստանում, առավել ևս, երբ նա ասաց, որ իր տեսակետը Մաքսային միությանն անդամակցելու մասին չի փոխել: Դա նշանակում է, որ նա պաշտոնավարելու է մինչև մայիս ¥եթե, իհարկե, մայիսին Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, որն այդ ժամանակ կարող է կարապի, խեցգետնի ու գայլաձկան օրինակով սայլը լքած լինել¤: Մեր երկրում դա ոչինչ չի նշանակում: Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովին կներկայացվի 2014-ի պետական բյուջեի նախագիծը: Բյուջետային քննարկումներից առաջ վարչապետ փոխելը նպատակահարմար չէ, ընթացքում` առավել ևս: Այսինքն, եթե քաղաքական որևէ անսպասելի խնդիր չծագի, Տիգրան Սարգսյանը կպաշտոնավարի մինչև իր կառավարության մշակած բյուջեի նախագծի օրենք դառնալը` դեկտեմբերի վերջը: Գործող վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունները, բնականաբար, նոր վարչապետի թեկնածության քննարկումներ են ենթադրում: Այդ պաշտոնում հավիտենական թեկնածուներ կան, և կան ընթացիկ թեկնածություններ: Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները շրջանառվում են համարյա ինքնաբերաբար` ելնելով Հովիկ Աբրահամյանի մանկության երազանքի և Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձի հասուն տարիների երազանքի իրականացման հավանականությունից: Ի վերջո, Հովիկ Աբրահամյանի վարչապետության մանկության երազանքի պատճառն այդ պաշտոնը նախագահի աթոռին հասնելու միջանկյալ կանգառ համարելն է: Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նույնն է նշանակելու: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս ռուսական աջակցության հետ հույսեր կապելու հիմքեր չունի ո՛չ հիմա, ո՛չ էլ 2017-2018-ի ընտրական ցիկլում: Առաջին նախագահից ոչ պակաս պրագմատիկ երկրորդ նախագահը հիմա փորձում է ամրապնդվել արևմտյան դաշտում, որը համարում է թափուր, գոնե անմրցակից իր ֆինանսական ու քաղաքական կապիտալի առկայությամբ: Անցած ժամանակում նրան հաջողվել է ավելին, քան կարող էր ծրագրել` նա ոչինչ չի կորցրել, պահպանել ու ավելացրել է իր ունեցվածքը, այլընտրանքային դիմազրկող կարգավիճակում է պահել ԲՀԿ-ին, որ անհրաժեշտ պահին կարողանա օգտագործել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուղղություններով, չի կորցրել ազդեցությունը ՀՀԿ-ի վրա, այլ կուսակցությունների հետ հարաբերությունները` նույնպես: Այս երկու թեկնածուների անունները շրջանառության մեջ դնելը բավական է, որ հետևանքների հաշվառումով` նախընտրելի դարձնի ցանկացած այլ նշանակում այնքան, որքան Տիգրան Սարգսյանի հետագա պաշտոնավարումը: Բնականաբար, որևէ նշանակում անմիջապես կապվելու է անխուսափելի «իրավահաջորդ» օպերացիայի հետ: Եվ ամեն ինչ կատարվելու է ապահով ու գաղջ մթնոլորտում, որտեղ որևէ փոփոխություն նույնքան կարևոր է, որքան անհնար: Բոլոր դեպքերում, փոփոխություն չի լինելու, լինելու է փոխատեղում: ՈՒրեմն, ինչո՞ւ են մարդիկ հեռանում: Իսկ ինչո՞ւ չհեռանան: Բնակության և աշխատանքի վայրի փոփոխությամբ նրանք լուծում են թե՛ պետական, թե՛ անձնական խնդիրներ` պետությանն ազատում են իրենց պահելու հոգսից և մի քիչ էլ վրեժխնդիր են լինում` զրկում են հարկերից, ապահովում են իրենց ու իրենց հարազատների ապրուստը` պետությանն ապահովելով «անաշխատ եկամուտով»: Ո՞ր պետությունն այսքանից հետո պիտի մտածի իր տարածքում աշխատատեղ ստեղծելու մասին և ինչո՞ւ: Իհարկե, կան հավելյալ առավելություններ ու թերություններ: Ֆինանսական առավելությունը պարզ է: Քաղաքականը` ինքնաբերաբար պակասում է հասարակության ընդվզող մասը, որ ի վիճակի է կրիտիկական զանգվածի վերածվել: Թերությունները` ազգային անվտանգության սպառնալիքները` ծնելության և մահացության բացասական հարաբերակցությունը, զորակոչի խնդիրները, տնտեսության դիվերսիֆիկացման կադրային բազայի նոսրացումը, և էլի մի տասնյակ խնդիրներ, որոնք Հայաստանը բարեհաջող լուծում է` իր պետական կառավարման ֆունկցիաները այլ պետության փոխանցելով: Դա էլ պետության ինքնապաշտպանական բնազդն է, երբ նույնանում է իշխանության հետ: Այս դեպքում, սակայն, պետությունն ու իր քաղաքացին կորցնում են միմյանց, կորուստի թվերը կոչվում են արտագաղթ, թեպետ ավելի ճիշտ կլիներ հաշվել չծնված երեխաներին ու նրանց երեխաներին: Հայրենիքում չծնված: Որովհետև երեխաներ միշտ էլ ծնվում են: Հանգամանքների բերումով` դառնում են այլ պետության քաղաքացի ու հարկատու և հավատում ու հավատացնում են, թե ճակատագիր է: Բնավ, երբ մարդիկ խուսափում են որոշումներ ընդունելուց ու իրագործելուց, գերադասում են մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ: Աստծո կամքն է, տվեց` կտա, չտվեց` չի տա: Կողպեքներն ու բանալիները տարբեր են: Բայց դուռը մնում է դուռ: ՈՒ չբացված, եթե չես բացում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Մենք կորցնում ենք հավասարակշռության կետը, երերուն են դառնում պատճառն ու հետևանքը` ամենավտանգավորը դա է: Հայրենախույս և հայրենաձիգ ընթացքների միջև տարբերությունը վերանում է: Արտագաղթը ֆիզիկական կատեգորիա չէ: Ազգի ընդհանրական ներուժը չի կարող հաշվել թվերով ոչ մի վիճակագրություն, քաղաքականությունը չի կարող ընդհանրական ներուժը իրեն ծառայեցնել ու իր շահերի սպասարկմանը: Քաղաքացու զրոյացված ինքնագնահատականը զրոյացնում է պետության դիմադրունակությունը: Դիմադրությունը կորցրած պետությունը իբրև աշխատուժ վաճառքի է հանում իր քաղաքացիներին: Մնացածն արդեն այլ ժամանակների պատմություն է, երբ քաղաքացին կվերականգնի թե՛ իր, թե՛ պետության ինքնագնահատականը և, Աստծուն հավատալով, հույսն իր վրա կդնի: Գուցե դա լինի արդեն 2017-ին, կամ էլ 2018-ին: