ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեցողների թիվն ավելի մեծ է

Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեցողների թիվն ավելի մեծ է
31.07.2013 | 16:12

Ռուսաստանցիների մեծ մասը չի հավատում արդար դատավարության հնարավորությանը: Ռուսական «Լավանդա-Կենտրոնի» սոցիոլոգների վերջին հետազոտության արդյունքներով՝ մարդիկ վստահություն չունեն դատական համակարգի նկատմամբ: Ռուսաստանցիների 61 տոկոսն այս կամ այն չափով համոզված է, որ շարքային մարդը, դատարան դիմելով, չի կարող հույս ունենալ, որ արդար վճիռ կկայացվի: Նրանց հետ համաձայն չէ հարցվածների 27 տոկոսը: Հարցումները կատարվել են հուլիսի 18-22-ը` ՌԴ 45 շրջանների 130 բնակավայրերում: Ըստ հետազոտության` դատական համակարգի նկատմամբ ռուսաստանցիների նման վերաբերմունքը չի փոխվում վերջին հինգ տարիների ընթացքում: Անկեղծ ասած, համացանցում փնտրեցի նմանատիպ հարցում, որ արված լիներ Հայաստանում: Չգտա: Հարցով դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դատական համակարգը, և եթե նման հարցում կատարվեր Հայաստանում, ի՞նչ արդյունք կունենայինք»: Իրավապաշտպանն ասաց, թե մեզ մոտ պատկերն ավելի վատ է, քան Ռուսաստանում: Պատճառն այն է, որ «ՀՀ դատական իշխանությունն ինքը չի կարող անկախ լինել, որովհետև դատավորի նշանակման գործում հանրապետության նախագահն ունի գերակա մասնակցություն»: Ըստ իրավապաշտպանի` «նախագահի աշխատակազմի ազդեցությունը դատական համակարգի վրա ուղղակի է: Իսկ պրակտիկայի տեսակետից, հաշվի առնելով այդ կախվածությունը գործադիր իշխանությունից, տեղի է ունենում ընտրողական արդարադատություն: Այսինքն, դատարանը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ գործեր է կատարում այս կամ այն պաշտոնյայի շահերից ելնելով: Նայած, թե տվյալ գործում ո՛ր պաշտոնյայի շահերն են ավելի ուժեղ արտահայտված, կամ որ պաշտոնյան ունի ավելի մեծ ազդեցություն դատարանի նկատմամբ` նախագահական նստավայրի աջակցությամբ»: Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Հայաստանի դատական համակարգում մեկ-երկու գործ կարելի է նշել իբրև բացառություն. «Արման Անտոնյանի վերաբերյալ գործը, խոսքը վերաբերում է մինչ դատական վարույթի նկատմամբ վերահսկողությանը կամ Մատաղիսի գործը: Սրանք բացառություններ են, որոնք գալիս են հաստատելու օրինաչափությունը, որը կոչվում է ընտրողական դատավարություն»: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերով գործերին, Սաքունցի գնահատականը հետևյալն է. «Քաղաքական հետապնդման նշանակություն ունեցող դատավարությունները, օրինակ, Մարտի 1-ի, 2003-ի, 2004-ի, 2007-ի և 1999-ի հոկտեմբերի 27-ի հետ կապված դատավարություններն ուղղակիորեն քաղաքական ենթատեքստ ունեին: Դա ապացուցում է, որ քաղաքական նպատակահարմարությունը, որպես ընտրողական արդարադատության իրականացման գործոն, դառնում է դատական համակարգի էական ֆունկցիաներից մեկը»: Իրավապաշտպանը նշեց, թե, նկատի ունենալով մեր դատական համակարգի գործելաոճը, կարելի է ասել, որ Հայաստանում դատական նման սոցհարցում իրականացնելու պարագայում դատական համակարգի նկատմամբ անվստահություն ունեցողների թիվն ավելի մեծ կլիներ, քան Ռուսաստանում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ